Այսօր «Հայելի» ակումբում Տիգրան Սարգսյանի՝ ԵՏՄ հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին խոսելիս «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանն ասաց, որ մեր երկրի ներկայացուցիչը պետք է փորձի պաշտպանել մեր երկրի շահերը. «Միակ բանը, որ ես կցանկանամ՝ այդ մարդը օրուգիշեր հետաքրքրվի հայկական շահով: Եթե չի լինելու այդ տեսակի մոտեցում՝ ի՞նչ տարբերություն ով կլինի: Երբեմն մոռանում են մարդիկ իրենց հայկական ծագման մասին»:
ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանի խոսքերով՝ «Ուրախ եմ, որ նախկին վարչապետի թեկնածությունն ընդհանուր հավանության է արժանացել: Վստահ եմ, որ պարոն Սարգսյանը այդ պաշտոնում լավագույնս կարող է աշխատել: Մեր ներկայիս տնտեսությունը դրա հետ կապ չունի, ամենատարբեր գործոններ կարող ենք մեջբերել, բայց որ մենք լավ թեկնածու ենք ներկայացրել այդ պաշտոնում՝ աներկբա է»:
Մեր հարցին՝ Տիգրան Սարգսյանը արեւմտամետ հայացքներով էր հայտնի, հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանը իր այդ քայլով ուզում է փորձության ենթարկել Տիգրան Սարգսյանին՝ Լեւոն Մարտիրոսյանը չհամաձայնեց, որ նա արեւմտամետ հայացքներ ունի. «Ինքը եվրոպական արժեքների եւ հայացքների տեր մարդ է, բայց նաեւ ունի ռուսական կրթություն: Նա լավ տիրապետում է նաեւ մեր պոստ-սովետական տարածքների տնտեսությանը, խնդիրներին: Պատահական չի, որ հավանության է արժանացել նրա թեկնածությունը»:
Թեւան Պողոսյանի խոսքերով՝ ասել, որ Տիգրան Սարգսյանը արեւմտամետ հայացքներ ունի՝ սխալ է: Նա հիշեցրեց սեպտեմբերի 3-ի որոշումը, որը եղել է նրա օրոք:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ