Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ եւ մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանը քննադատեց այն ընդդիմադիրներին, որոնք ամեն անգամ իշխանափոխության կոչ են անում, ժողովրդին դուրս բերում փողոց, հիասթափեցնում ու ոչ մի պատասխանատվություն չեն կրում. «Ամեն անգամ ասում են՝ իշխանությունը բիրտ էր ու անցնում առաջ: Այդպես, իշխանությունը բիրտ է արդեն 25 տարի»:
Մեր դիտարկմանը, որ Ժիրայր Սեֆիլյանն ասել էր, որ միասնական շտաբին հնարավոր է միանա նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ իրենք ոչ մեկի հետ էլ բանակցություններ չեն վարում:
«Քաղաքացիական պայմանագիրը» գտնում է, որ ընդդիմությունը լեգիտիմ է այն ժամանակ, երբ գնա ընտրության, իր վստահված անձինք արձանագրեն քվեները, եթե ժողովուրդը ձայն տա 50+1 տոկոս, դրանից հետո նոր այդ ընդդիմությունը կարող է գործել որպես իշխանություն:
Մեր հարցին՝ բայց դուք այդքան ընտրատեղամասերում այդքան վստահված անձինք ունե՞ք, որոնք չեն կաշառվի եւ ձեր քվեն կհասցնեն ձեզ՝ նա պատասխանեց. «Այսօր երբ մենք ասում ենք, որ չենք մտնի այդ գործընթացի մեջ, հենց դրա համար չենք մտնում: Որեւէ ընդդիմություն չի ունեցել վստահված անձինք բոլոր ընտրատեղամասերում, դա փաստ է: Եթե անձը հավակնում է երկիր ղեկավարել եւ չի կարողանում 6000 մարդ կազմակերպել՝ հետեւաբար գնալ եւ իշխանություն վերցնել հեշտ չի լինելու: Մենք հիմա զբաղված ենք այդ 4000-6000 մարդուն հավաքագրելով»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ այնուամենայնիվ, եթե իշխանափոխության հստակ քարտեզ կլինի՝ կքննարկեն, հնարավոր է միանան: Լրագրողների դիտարկմանը, որ Սեֆիլյանը քարտեզը մատնանշում է, ասում է՝ համախմբենք ժողովրդին, անհնազանդության շարժում ստեղծենք, ժամանակավոր կառավարություն, հետո կլինի ընտրություն՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ես շատ հարգում եմ պարոն Սեֆիլյանին, բայց ուզում եմ հարցնել՝ իսկ ո՞վ ասաց, որ Ժիրայր Սեֆիլյանը կամ որեւէ մեկը իրավունք ունի ժամանակավոր կառավարություն ստեղծի: Ո՞վ է այդ կառավարության լեգիտիմությունը տա: Լեգիտիմության խնդիր կա: Այդ պարագայում իրենք չեն տարբերվի գործող իշխանությունից: Իրենք էլ են հավաքվում, ընտրություն անում»:
Մեր դիտարկմանը, որ կգնան գյուղեգյուղ, ժողովրդին կհամախմբեն, ով գնաց նրանց հետեւից՝ կնշանակի, որ լեգիտիմացնում է, հավատում է նրան՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ երբ գնան, ժողովրդին մոբիլիզացնեն, երբ քվեն կստանան, քվեն կֆիքսեն եւ դրա հիման վրա կձեւավորեն կառավարություն միայն ուրախ կլինի, բայց դրան չի հավատում:
Հետո նա քննադատեց ոչ-ի ճակատներին. «Ամսի 6-ին գնացեք իրենց հարցրեք՝ ձեւավորեցիք ոչ-ի ճակատ, լավ սիրուն նկարներ տեղադրեցիք համացանցում, բա դրա պատասխանատվությունը ո՞վ է կիսելու, հանրահավաքների եկած մարդկանց տված խոստումները եւ այլն: Ճակատ ենք ձեւավորում, 3 հատ բան կա՝ «Ոչ», «Չեք անցկացնելու», «Նոր Հայաստան», բա ո՞նց եք անելու, բա մարդկանց ի՞նչ եք պատասխանելու: Մարդկանց մասին մտածեք»:
Նրա խոսքերով՝ անձը փոխելով՝ համակարգը չի փոխվի. «Կարեն Ճշմարիտյանը, Երվանդ Զախարյանը, Քոչարյանի ժամանակվա նույն մարդիկ, ովքեր կաշառք են վերցնում նորից աշխատում են, ինչ-որ բան փոխվե՞լ է: Էդ կեղծ թիրախները թարգեք, մենք այդքան ռեսուրս ու ժամանակ չունենք, որ կենացներով, բարոյական հաղթանակներով ոգեւորվենք, էդ կենացները մեզ վարի տվեցին: Եռյակի ժամանակ էլ էին ասում կեղծ, տեսա՞նք ով էր կեղծ: Հիմա կարողանալո՞ւ է այդ ուժերից ուրեւիցե մեկը հանրահավաք անել մենակ»:
Հարցին՝ գոնե մյուս ընդդիմադիրները մի բան անում են, փորձում են, ոչինչ չանելուց լավ չի՞՝ նա պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում ոչինչ չանել, եթե մի բան անիմաստ է, ինչո՞ւ անել»:
Մեր հարցին՝ Դուք ասում եք՝ թող ժողովրդին համախմբեն, գործողությունների քարտեզ ներկայացնեն՝ կտեսնեք, այսինքն, պատրաստի հարթա՞կ եք ուզում, որ գնաք միանաք՝ նա պատասխանեց. «Իրանց լինի էդ հարթակը, չենք գնալու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ