Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանագոտում ներդրումներ արած գործարարին մասնակի արտոնություն է տրված

Հոկտեմբեր 19,2015 13:16

Կառավարության հոկտեմբերի 15-ին նիստում հաստատված որոշման համաձայն` ներդրումային ծրագրի շրջանակներում «Տավուշ Տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգվել է: Նախագիծը գործադիրին ներկայացնող էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանի խոսքով` վերոնշյալ ընկերությունը ներդրումային շրջանակում Տավուշի մարզի Չորաթան համայնքում կազմակերպում է բանվորական ձեռնոցների արտադրություն, որի համար նախատեսվում է իրականացնել շուրջ 2.5 միլիարդ դրամի չափով ներդրումներ, որից 0,8 միլիարդ դրամը` սարքավորումներ ձեռք բերելու համար:

«Տավուշտեքստիլ » ընկերության հիմնադիր տնօրեն Սուրեն Երիցյանին հարցրինք՝ ինքը գո՞հ է կառավարության կողմից սահմանված արտոնությունից: Նա ասաց, որ իր ընկերությունը չի ազատվել ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկի մուծումից, 3 տարի հետո այն վճարելու է: Ս. Երիցյանը հայտնեց, որ այդ արտոնությունը վերաբերում է միայն Հայաստան սարքավորումներ ներմուծելուն, իսկ հումք ներմուծելու ժամանակ ԱԱՀ-ի նման հետաձգում չկա: Նրա խոսքերով՝ ինքը մեծ ծախսեր է կատարում Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չորաթան գյուղում արտադրություն կազմակերպելու համար:

Ս. Երիցյանն ասաց. «Արդեն մի քանի օր վրացական 4 ֆուռեր սարքավորումներով բեռնված կանգնած են Նորաշեն գյուղի մոտ, չեն կարողանում ճամփան շարունակել: 60 հազար դոլար եմ ծախսում ճանապարհ կառուցելու համար»:

Նրա վկայությամբ՝ իր ընկերությանը տրված հարկային արտոնությունները բավարար չեն, սակայն ինքը շարունակելու է Տավուշի մարզի սահմանագոտում արտադրություններ հիմնելու ծրագիրը: Նրա խոսքերով՝ այդ դեպքում իր արտադրական ծրագրերն իրականացնելու համար ավելի երկար ժամանակ է պահանջվելու:

Հավելենք, որ սահմանամերձ Չորաթան գյուղում «Տավուշտեքստիլ» ընկերության ձեռնոցի արտադրամասում այժմ աշխատում է 50 հոգի: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզխորհրդի նիստում հայտարարեց, որ մինչեւ տարեվերջ նախկին անասնաֆերմայի շենքի վերակառուցման արդյունքում Չորաթանում կգործարկվի ձեռնոցի 2-րդ արտադրամասը , աշխատողների թիվը կհասնի 250-ի:

«Տավուշտեքստիլի» հիմնադիր ղեկավար Սուրեն Երիցյանի ջանքերով 2016թ. գարնանը սահմանամերձ Արծվաբերդում եւս կգործի ձեռնոցի արտադրամաս, այնտեղ կստեղծվի 250 աշխատատեղ: Մարզպետի խոսքերով՝ նախատեսվում է ձեռնոցի արտադրություն կազմակերպել նաեւ Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի բնակիչների տներում. բնակիչները իրենց տներում կկատարեն գործի մեծ մասը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031