Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի մեկնաբանմամբ, Ռուսաստանը հիմա ամեն կերպ փորձում է Արեւմուտքի հետ հարաբերությունները կարգավորել: Այսօր «Զարկերակ» ակումբում նա ասաց, որ Սիրիայում Ռուսաստանի սկսած գործողությունների պատճառներից մեկն էլ միջազգային քաղաքական շրջանակները պայմանավորում են հենց Արեւմուտքի հետ հարաբերությունները նորմալացնելու Ռուսաստանի փորձով:
«Ռուսաստանի կողմից այս օպերացիայի սկիզբը կարող է դառնալ ուկրաինական ճգնաժամից հետո աշխարհաքաղաքական ամենալուրջ զարգացումը: Կան տարբեր մոտեցումներ, թե որոնք էին գլխավոր դրդապատճառները Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Սիրիայում օդային օպերացիա սկսելու որոշման առումով: Ոմանք կարծում են, որ պատճառը գարնանը Սիրիայի՝ հյուսիսում լուրջ ռազմավարական կետեր կորցնելն էր, դա ճանապարհ էր դեպի խոշորագույն քաղաք Հալեպ, որը հիմա շրջափակման մեջ է: Բացի դա հյուսիսային հատվածում Թուրքիային սահմանակից շրջանները գլխավոր ճանապարհն են, որտեղից որ սնվում են իսլամիստ, ծայրահեղ, Սիրիայի ընդդիմադիր ուժերը:
Կան տրամաբանական տեսակետներ էլ նաեւ, որ Ռուսաստանի այս օպերացիայի իրականացումը Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները կարգավորելու փորձ է: Ռուսաստանը փորձ է անում ուկրաինական ճգնաժամից դուրս գալու եզրեր գտնել եւ նորմալացնել արեւմտյան երկրների հետ հարաբերությունները: Արդյոք սիրիական ռմբակոծությունը կիրականացվի, թե՝ ոչ, լուրջ հարց է, որովհետեւ չնայած ռազմական օպերացիան քսան օր է գնում, ու ռուսական օդուժը դեռ չունի ռազմական տեխնիկայի եւ այլ ռազմական մասնագետների կորուստներ, բայց տեսնում ենք, որ սիրիական բանակը նույնպես լուրջ հաջողություններ դեռ ձեռք չի բերել, ծանր մարտեր են գնում, դեռ հարց է՝ արդյոք միայն օդային հարվածների շնորհիվ հասնել հաջողության թե ոչ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ