Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական վերածնունդը» Ոչ-ի ճակատներին կոչ է անում միանալ իրեն. «Մեզ միացել է 140 կազմակերպություն»

Հոկտեմբեր 19,2015 12:54

«Հայելի» ակումբում այսօր Հայկական վերածնունդ եւ «Հայազն» կուսակցությունների անդամները ներկայացրեցին իրենց դիրքորոշումը Սահմանադրական փոփոխությունների մասին:

Երկու կուսակցություններն էլ հայտարարեցին, որ իրենք ոչ-ի կողմնակից են: «Հայկական վերածննդի» անդամ Կարեն Թումանյանի կարծիքով, ինստիտուտի թուլացումն այս երկրի համար չէ: ԵՏՄ-ում ասենք Նազարբաեւը, Լուկաշենկոն, Պուտինը հավաքվում են, մեր նախագահին հարց տան, հո չի՞ ասելու՝ մի հատ զանգեմ տեսնեմ վարչապետն ինչ է ասում, զավեշտի է վերածվելու:

Նույն կուսակցության ներկայացուցիչ Վահե Մոսինյանն էլ կոչ արեց ոչ-ի մյուս ճակատներին միավորվել իրենց. «Մենք ինքնին ձեւավորել ենք ոչ-ի լայն ճակատ, որը ներգրավել է 140 կազմակերպություն, որից 12-ը՝ կուսակցություն»:

Հարցին՝ հնարավո՞ր է դուք միանաք մյուսներին՝ Կարեն Թումանյանը բարկացավ՝ ինչո՞ւ եք այդպես հարցը դնում, ով առաջինը զարթնեց, նա՞ է թելադրում: 140 կազմակերպությունը քի՞չ է:

Լրագրողները խնդրեցին այդ 140 կազմակերպություններից նշել հանրությանը հայտնի գոնե 4 կուսակցություն եւ ՀԿ:

Վահե Մոսինյանը պատասխանեց. «Կարող եմ 4-ից ավելին նշել, օրինակ, Լիբերալ ժողովրդավարական կուսակցություն Դավիթ Հարությունյանի, Ռուբեն Ավագյան, Միավորված հայեր կուսակցություն, մեզ միացել են ազատամարտիկներ Վաչագան Չիբուխչյանը իր կուսակցությամբ, Սարգիս Կարապետյանը, Ազգային արժեքների պահպանման ճակատ ՀԿ-ն»:

«Հայազն» Արմեն Աղայանի խոսքերով՝ իրենք ոչ-ի կողմնակից են, եւ ոչ մի կոմպլեքս չունեն, որ 140 կազմակերպություն չեն միավորում, գործում են մենակ. «Տարբեր քաղաքական ուժեր տարբեր հինավորումներով են ոչ ասում: Օրինակ, ՀԱԿ-ը ուզում է փրկել Լեւոն Տեր-Պետրոսյանի ստեղծած նախագահական համակարգը: Հանրային փրկության ճակատն ուզում է սա օգտագործել իշխանափոխության համար: Այստեղ ասացին ԵՏՄ-ում մեր նախագահի դերի մասին, բայց եթե Սահմանադրության մեջ միակ դրական բան կա, գուցե նա է, որ ԵՏՄ-ում մեր երկրի ղեկավարը ընդհանրապես անելիք չունենա: Մեր համոզմունք է, որ մեր երկրի ղեկավարը որեւէ անելիք չունի որեւէ միավորման մեջ ինտեգրացիոն գործընթացում»:

Արմեն Աղայանը հայտարարեց, որ ամռանը  ինքը Հեղինե Բիշարյանից զանգ է ստացել հրավերի եւ առանց հասկանալու, թե ինչ է ուզում՝ մերժել է, քանի որ ՕԵԿ-ից որեւէ առաջարկ չի ընդունում. «ՕԵԿ-ը արդեն ժամանակավրեպ է, կուսակցություն էլ չի»:

Կարեն Թումանյանը պատասխանեց. «Մի կուսակցության, որը 18 տարի պառլամենտական կուսակցություն է եղել, որի պատգամավորները բոլոր չափանիշներով ամենաակտիվն են ԱԺ-ում եւ անվանել դա, որ կուսակցություն չի՝ նոնսենս է: Կարող եմ ասել, որ «Հայազնը» նոր է, մի քիչ քաղաքական փորձ չունի»:

Նա հորդորեց մտնել ԱԺ կայք եւ նայել ՕԵԿ-ի պատգամավորների նախագծերը: Օրինակ, սուպերմարկետների մասին օրենքը վա՞տ օրենք էր, որն առաջարկում էին ՕԵԿ պատգամավորները:

Դիտարկմանը, որ Հեղինե Բիշարյանը մի կողմից սուպերմարկետների, մենաշնորհացման դեմ է պայքարում, մյուս կողմից այդ մենաշնորհատիրոջ համար՝ Սամվել Ալեքսանյանին հայտարարում է, որ իմ ախպերն է՝ Կարեն Թումանյանը նեղացավ. «Լավ, էլի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031