Այսօր «Հայելի» ակումբում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ եւ մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանը խոսելով Սահմանադրական փոփոխությունների մասին, ասաց, որ իրենց կուսակցությունը չի մտնելու Սերժ Սարգսյանի այդ կեղծ օրակարգի մեջ, զբաղվելու է ինստիտուցիոնալ ընդդիմության ձեւավորմամբ. «Ասում են՝ Սերժ Սարգսյանը սրանով կվերարտադրվի: Բայց Սերժ Սարգսյանը կարող է վերարտադրվել նաեւ, երբ Սահմանադրությունը չփոխվի: Դա կոմֆորտի հարց է, եւ զբաղվել Սերժ Սարգսյանի կոմֆորտով՝ որեւէ կուսակցության գործը չէ»:
Այն, որ սա կարելի է վերածել իշխանության անվստահության հանրաքվեի, նույնպես ընդունելի չէ «Քաղաքացիական պայմանագրի» համար. «Մեզ համար ինչքան կարեւոր է իշխանության լեգիտիմությունը, այնքան կարեւոր է ընդդիմության լեգիտիմությունը»:
Մենք ճշտեցինք, այսինքն` նրանք, ովքեր հիմա միասնական շտաբ են ձեւավորում Սերժ Սարգսյանի իշխանությունը տապալելու, լեգիտիմ ընդդիմադիրներ չե՞ն, ինչպե՞ս եք ընտրելու ու որոշելու ով է լեգիտիմ ընդդիմադիր, ով՝ ոչ, նա պատասխանեց. «Իրենք ասում են՝ իշխանափոխություն կարելի է անել, եթե հրապարակում հայտնվի 100 հազար մարդ: Ես գտնում եմ, որ կարելի է անել 30 հազարով կամ 30 հոգով, հարց է, թե ինչ է ուզում հանրությունը: Ո՞վ ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» դրա իրավունքն ունի, որ մարդ հավաքի եւ գնա իշխանափոխության: Երբ ընդդիմությունը բոլոր ընտրատեղամասերում ունենա իր վստահված անձինք եւ տվյալներ, որ այսքան մարդ իրեն տվել է վստահության քվե, այն ժամանակ կունենա իրավունք գործելու որպես իշխանություն»:
Նա հայտարարեց, որ անձամբ ինքը դեմ է քվեարկելու, բայց որեւիցե մեկին կոչ չի անելու դեմ քվեարկել. «Եթե կոչ եմ անում, ես ինձ վրա պատասխանատվություն եմ վերցնում: Ես հաջորդ օրը պետք է այդ մարդկանց ասելիք ունենամ: Սա կեղծ օրակարգ է, գնալ, ռեսուրսներ, ժամանակ, ֆինանսներ վատնել, մադկանց եւս մեկ անգամ հիասթափության տանելը սխալ է: Մենք ամեն ինչ կենտրոնացնում ենք ապագա խորհրդարանական ընտրությունների համար: Սահմանադրությունը որեւէ բան չի փոխում ներքաղաքական կյանքում: Եթե չլինի հակակշիռ, Սերժ Սարգսյանը կվերարտադրվի ցանկացած դեպքում»:
Կարդացեք նաև
Ընդդիմադիրների «ոչ»-ի ճակատը Ալեն Սիմոնյանին հիշեցրել է եռյակին. «Եռյակի հետ պայքարը լի էր սխալներով, ավարտվեց հիասթափությունով եւ որեւէ մեկը պատասխանատվություն չկրեց»:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանի խոսքերով՝ «Որեւէ ուժ այսօր Հայաստանում ի վիճակի չէ կատարել իշխանափոխություն, քանի դեռ չկա ինստիտուցիոնալ ընդդիմություն: Անկախ նրանից,թե Սահմանադրության հանրաքվեի դեմ կպայքարեն, թե Սերժ Սարգսյանի որեւէ հերթական պրոյեկտի դեմ կպայքարեն, ովքեր կլինեն ճակատում, այդ ամենը դատապարտված է»:
Հարցին ՝ հիմա Սերժ Սարգսյանը ինստիտուցիոնալ ընդդիմության ստեղծման համար նախադրյալներ է ստեղծում, կո՞ղմ եք, թե՞ կողմ չեք, եթե կողմ չեք, ինչո՞ւ դեմ չեք: Ալեն Սիմոնյանն ասաց, որ դեմ է, երբ հարցադրումն այդպես է հնչում. «Մենք չենք պայքարում նաեւ, երբ Տիգրան Սարգսյանին ԵՏՄ հանձնաժողովի նախագահ են տանում, չենք պայքարի նաեւ, եթե Արմեն Աշոտյանին տեղափոխեն այլ պաշտոնի: Մեր պայքարը պետք է միտված լինի մի բանի դեմ՝ գործող վարչակարգի դեմ: Թե Սերժ Սարգսյանը կվերարտադրվի մեկ այլ շապիկով , ինչով՝ չպետք է հետաքրքրի: Մենք պետք է իշխանության նկատմամբ անտարբեր լինենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ