Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ն շարունակում է պայքարել ՌԴ-ի դեմ`շահարկելով ԼՂՀ հարցը (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 19,2015 13:35

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում կրկին անդրադարձ է եղել ԼՂՀ հարցին: Այսօր այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԱՏՕ-ում ՀՀ խորհրդարանական պատվիրակության ղեկավար ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը:

Պատվիրակությունը, որի կազմում էին Կորյուն Նահապետյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը եւ ԲՀԿ-ից Էլինար Վարդանյանը, հոկտեմբերի 9-12-ը Նորվեգիայում մասնակցել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 61-րդ նստաշրջանին: Նստաշրջանի օրակարգային հարցերն են եղել ՆԱՏՕ-ի համար արեւելյան եւ հարավային ուղղություններով համագործակցությունները, մասնավորաբար, ՌԴ-ի հետ խնդիրները, Սիրիայում պատերազմը, աֆղանական ճգնաժամը, ՆԱՏՕ-ի գործընկերության ընդլայնումը, ահաբեկչության դեմ պայքարը եւ այլն:

Քաղաքական հարցերով հանձնաժողովում կրկին անդրադարձ է եղել ԼՂՀ հարցին` ՌԴ-ին վերաբերվող զեկույցի համատեքստում: Այդ խնդիրը նախապատմություն ունի: Դեռ մայիսին, Բուդապեշտում կայացած խորհրդաժողովի գարնանային նստաշրջանի ժամանակ, հարցը ներկայացվել է ՌԴ- ՆԱՏՕ համագործակցության նախագծի քննարկումների ժամանակ: Զեկույցում արտացոլված է այնպես, որ ՌԴ-ն է հրահրել կոնֆլիկտը ԼՂՀ-ում եւ հանդիսանում է դրա կարգավորման խոչընդոտը: Հայ պատվիրակներն ասել են, որ դա ապատեղեկատվություն է եւ եթե նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ որեւէ երկրի մասին, պետք է զեկույցում արտացոլված լինի նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամների դերը: Հարցը քննարկվել է նաեւ հունիսին, Երեւանում կայացած «Ռոուզ-Ռոուդ» սեմինարի ժամանակ:

ԼՂՀ կոնֆլիկտը ՆԱՏՕ-ում փորձ է արվում նաեւ ռուս-ուկրաինական հարաբերությունների համատեքստում ներկայացնել: Հայաստանցի պատվիրակները նկատել են, որ ճիշտ չէ բոլոր հակամարտությունները «նույն զամբյուղում» դնել: Ադրբեջանական պատվիրակությունը նույնպես առարկություններ է ներկայացրել: Զեկույցի հեղինակը մերժել է բոլոր դիտողությունները`հրաժարվելով դրանք ներառել զեկույցում եւ սրբագրումներ կատարել:

«Սա ընդամենը զեկույց է, ՆԱՏՕ-ի պաշտոնական դիրքորոշումը չի ներառում, բանաձեւերում չի ներառվելու, բայց մտահոգիչ է այն առումով, որ ճիշտ հարթակ չեն ձեւավորում եւ խաղաղ կարգավորման գործընթացին խոչընդոտում են»,- ասաց Կորյուն Նահապետյանը`հավելելով, որ բոլորն էլ փորձել են հայաստանցի պատվիրակներին բացատրել, որ խնդիրը ՌԴ-ն է, որին պետք է հարվածել:

Այլ մանրամասները` տեսանյութում

Կորյուն Նահապետյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին նաեւ հարց է ուղղել` ՆԱՏՕ-ի սիրիական կոնֆլիկտում ներգրավվելու ծրագրերի եւ փախստականների ճգնաժամը հաղթահարելու ԵՄ ջանքերին աջակցելու մասով:

«ՆԱՏՕ-ն մտադրություն չունի ներգրավվելու այս կոնֆլիկտին»,- պատասխանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը`փախստականների խնդիրն էլ մեծ ողբերգություն համարելով, նկատել է, որ երեւույթը նոր է այն իմաստով, որ նրանք գալիս են Եվրոպա: ՆԱՏՕ-ն, ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի հետ փորձում է լուծումներ գտնել այդ հարցերին:

Մերձավոր Արեւելքից Հայաստանն ընդունել է ավելի քան 16 հազար փախստականներ, ուստի Կորյուն Նահապետյանը առաջարկներ է արել, որ ՆԱՏՕ-ն այդ հարցերում աջակցություն ցուցաբերի նաեւ գործընկեր պետություններին, ոչ միայն անդամ: Առաջարկը հավանության է արժանացել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031