Երեկ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացավ լեհ երգչուհի, էստրադային աստղ Աննա Գերմանի անվան «Wiktoria 2015» միջազգային մրցույթը, որին Հայաստանը ներկայացնում էր գյումրեցի օպերային երգչուհի Լեոնորան: Ինչպես տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական էջից հաղթանակ է տարել մեր մասնակիցը՝արժանանալով «Գրան Պրի» մրցանակի: Այս էջում «Գրան Պրի»-ն պատկերող լուսանկարի տակ մակագրված է. «Գրան Պրի»-ն գնաց Հայաստան, Գյումրի:Բարձրացրու քո ձեր ձայնը, Լեոնորա»:
Aravot.am-ի հետ զրույցում երգչուհու ամուսինը՝ Վիգեն Թանաշեանը, որ նրա պրոդյուսերն է, ասաց. «Հիանալի մրցույթ էր՝ հագեցած ապրումներով ու հուզումներով, ուրախ ենք մասնակցության ու հպարտ ենք հաղթանակի համար: Եվս մեկ անգամ դասականը ապացուցեց իր հզորությունը: Շնորհակալություն կազմակերպիչներին՝ պաննի Լյուդմիլային ու ժյուրիի անդամներին»:
Հիշեցնենք, որ Լեոնորան այդ մրցույթին մասնակցելու հրավեր ստացել էր «Կատարողական արվեստի աշխարհ» ասոցիացիայի կողմից: Մրցույթի մասնակիցները կատարելու էին երգեր բացառապես Աննա Գերմանի երգացանկից: Մեր երգչուհին կատարել է Բախ-Կունոյի «Ավե Մարիա» ստեղծագործությունը: Լեոնորայի պրոդյուսոր Վիգեն Թանաշենաը «Գրան Պրի» ստանալուց հետո ֆեյսբուքյան էջում անմիջապես կիսվել էր ընկերների հետ՝ գրելով. «Շնորհավոր Հայաստան, շնորհավոր Գյումրի և համայն հայություն. Վարշավայում Լեոնորան տարավ բացառիկ հաղթանակ մը»:
Կարդացեք նաև
Նշենք, որ գյումրեցի լիրիկական սոպրանո Լեոնորան՝ Արեւիկ Թանաշեանը, երրորդ անգամն է արժանանում «Գրան Պրի» մրցանակի: Առաջին «Գրան Պրի»-ն նա ստացել էր այս տարվա հունիսին Երեւանում տեղի ունեցած «Կովկասյան առաջնություն» միջազգային մրցույթում, երկրորդը՝ սեպտեմբերի 13-17-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցած «Գրան Պրի 2015» միջազգային մրցույթում: Այստեղ նա կատարել էր Կոմիտասի «Կռունկը» եւ Լուիջի Արդիտիի «Bacio»-ն (Համբույր):
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները մրցույթի պաշտոնական էջից