Լրահոս
Օրվա լրահոսը

Կայանալու արվեստը. Լուրջ նպատակների «տեխնիկայով» չես հասնի

Հոկտեմբեր 19,2015 15:30

Սովորաբար հոգեբաններն ու այլ մասնագետներ խորհուրդներ են տալիս
«փողային» երազանքներն իրականացնելու վերաբերյալ

Համացանցում բազմաթիվ են հոդվածները, որոնց իմաստը հետեւյալն է՝ դուք ունեք փողի խնդիր, մենք ձեզ կօգնենք, թե ինչպես է հնարավոր 21 օրում լուծել այդ խնդիրը։ Եվ դրան հետեւում են բազմաթիվ խորհուրդներ, աֆիրմացիաներ, մանթրաներ, մեդիտացիայի տեխնիկաներ, աղոթքներ, որոնք կիրառելով՝ մարդն իբր կհասնի բաղձալի նյութական բարեկեցության։ 20-21-րդ դարերում այդ թեմայով գրվել են հարյուրավոր գրքեր։ Այն գրքերի եւ հոդվածների որոշակի մասը, որը ես եմ կարդացել, պարունակում է նաեւ խելացի խորհուրդներ։ Մի մասն էլ հիմնված է ամերիկյան իրականության վրա՝ այնտեղ գործում են խաղի կանոններ, որոնք բացարձակապես նման չեն այն չգրված օրենքներին, որոնք կարգավորում են, ասենք, հայաստանյան իրականությունը։

Պետք է խոստովանեմ, որ որպես գրականություն, որպես մտքի արգասիք՝ այդ գրքերն ու հոդվածները ինձ հետաքրքրում են, բայց զուտ կիրառական առումով՝ ոչ այնքան։ Փողի առումով ես գոհ եմ իմ ունեցածից եւ ինչպես ամեն ինչի համար, դրա համար էլ շնորհակալ եմ Աստծուց։ Իհարկե, հրաշալի կլիներ, եթե ունենայի 10 անգամ ավելի շատ, բայց կբավարարվեի նաեւ 10 անգամ քչով, եւ դրա համար էլ նույնքան շնորհակալ կլինեի։ Գիտեմ, որ Հայաստանի բնակչությանը՝ ամենահարուստ օլիգարխից սկսած եւ ամենաչքավոր անտունով վերջացրած, այս հարցը շատ է հուզում՝ թող Աստված բոլորի ունեցվածքը բազմապատկի։ Բայց ինձ այլ տեսակի խորհուրդներ են հետաքրքրում։

1/ Ինչպես անեմ, որ ոչ մեկի մասին ոչ մի վատ բան չմտածեմ եւ չխոսեմ։ Ավելին՝ չարձագանքեմ, երբ ուրիշներն են խոսում. վերջինը նաեւ հաղորդակցման խնդիրներ է առաջացնում, որովհետեւ մարդիկ սովորաբար իրական եւ վիրտուալ կյանքում հավաքվում են ուրիշի «ոսկորները լվալու»։ Ընդ որում, խոսքը ոչ միայն խորհրդարանի նիստերի կամ կուսակցական ժողովների, այլեւ սովորական ընտանեկան խնջույքների կամ ընկերական հանդիպումների մասին է։ Աշխատանքիս բնույթը, կարծես թե, հակասում է ուրիշների մասին ոչ մի վատ բան չմտածելու եւ չխոսելու «ուխտին»։ Բայց իրականում դա այնքան էլ այդպես չի. կարելի է շրջանցել մարդու անձը եւ խոսել երեւույթների մասին։ Ինչո՞ւ ինձ լիովին չի հաջողվում հետեւել այդ սկզբունքին։ Կարծում եմ՝ նախեւառաջ այն պատճառով, որ դեռեւս տուրք եմ տալիս ինչ-որ վիրավորանքներին եւ նեղվածություններին։

2/ Ինչպես անեմ, որ ուշադրություն չդարձնեմ, թե ով ինչ է իմ մասին մտածում։ Լիովին խուսափել դրանից հնարավոր չէ. ես չեմ կարող շորերի փոխարեն փետուրներ հագնել եւ դուրս գալ փողոց ու չմտահոգվել, թե ինչ են իմ մասին մտածում. հասարակության մեջ ապրելով՝ մենք ստիպված ենք ենթարկվել որոշակի կանոնների։ Սակայն այդ բոլոր կանոններին, ավանդույթներին, ծեսերին պետք է վերաբերվել որոշակի հումորով։ Ամերիկացի հոգեբան Աբրահամ Մասլոուն դա անվանում էր «գիտակցված կոնֆորմիզմ վարքի մակարդակով»։ Բայց «հասարակական կարծիքի» այլ կաշկանդող հանգամանքներ չպիտի լինեն: Օրինակ՝ եթե «մեյն-սթրիմն» այն է, որ Երեւանում ամեն ինչ վատ է, ես վարանում եմ ասել, որ «Սանիտեկը» լավ է աշխատում կամ՝ որ Լենինգրադյան-Իսակով պողոտան հարմար ճանապարհ է։ Վախենում եմ, որ «վրա կտան»։

3/ Ինչպես անեմ, որ կենտրոնանամ ոչ թե իմ «թանկագին» անձի, այլ իմ առաքելության, իմ ծառայության վրա։ Որ իմ ամեն մի գործ՝ լինի այն մասնագիտական, թե կենցաղային, կապ ունենա բարձր հոգեւոր արժեքների հետ։ Ես հաճախ եմ ինքս ինձ ասում՝ ախր ինչո՞ւ եմ դա անում, դա անհետաքրքիր, տաղտկալի գործ է, ես դրա վրա ժամանակ եմ կորցնում։ Բայց դա, իմ կարծիքով, սխալ մոտեցում է, որի պատճառով ես տվյալ գործն անում եմ «անհավես»։ Իրականում ամեն մի գործի՝ թեկուզ ցախ կոտրելու, հող փորելու մեջ պետք է փնտրել եւ գտնել բարձր հոգեւոր բաղադրիչը։ Եթե ոմանք կարծում են, թե այն որեւէ տեղ չկա, ես այդ մարդկանց կարեկցում եմ։ Պարզապես մենք լավ չենք փնտրում։
Ցանկացած կրոն պետք է որ ապահովի մեր ցանկացած գործունեության կապը բարձր հոգեւոր ոլորտների հետ: Կրոնի լատիներեն տարբերակը հենց դա էլ նշանակում է՝ re-ligare, վերականգնել կապը: Այստեղ կա ինձ հոգեհարազատ «լիգա» եզրը, որը երաժշտության մեջ նշանակում է կապ հնչյունների մեջ: Այսպիսով, փոխաբերական իմաստով հրաշալի է ապրել legato:

Ահա թե ինչի եմ ես ձգտում՝ ի թիվս այլ բաների, իհարկե: Բայց հասկանում եմ, որ դրան հնարավոր չէ հասնել ինչ-որ մանթրաներով, աֆիրմացիաներով, «տեխնիկայով»: Այդպես չափից դուրս հեշտ կլիներ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031