Քաղաքագետը՝ Մարդու իրավունքների
եվրոպական դատարանի կայացրած որոշման մասին
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, վերլուծելով «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումը՝ ասաց. «Ես սպասում էի, որ Եվրոպական դատարանը կընդուներ այնպիսի որոշում, որ ե՛ւ ոչխարները ողջ մնային, ե՛ւ գայլերը՝ կուշտ: Այսինքն՝ այնպես արեց, որ հաշիվը դառնա 1:1, այս պայքարն ավարտվի ոչ-ոքի: Իհարկե, մեր պաշտոնյաները եւ ավելի շատ իշխանամետ վերլուծաբանները բարձրաձայն հայտարարում են, որ Հայաստանի բոլոր պահանջները բավարարեցին, մեր երկիրը ինչ պահանջներով որ հանդես էր եկել այս դատական գործընթացին, կատարվել է, եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննարկման չի ենթարկել, կասկածի տակ չի դրել ու իրավունք էլ չուներ կասկածի տակ դնելու Հայոց ցեղասպանության իրողության հարցը: Նշեմ, որ Եվրոպական դատարանի նախագահն այս մասին հատուկ նշել է: Իհարկե, մեզ համար շատ կարեւոր է, որ Հայաստանի Հանրապետությունը հաղթեց Թուրքիային, սակայն պարտվեց Շվեյցարիան, մի երկիր, որն առաջիններից մեկն էր, որն ընդունեց Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրենք: Եվ այդ օրենքը կիրառվեց մի անձի նկատմամբ, որը որ հատուկ էր թուրքական իշխանությունների կողմից գործուղվել Շվեյցարիա: Փերինչեքը միշտ եղել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամենամեծ ընդդիմախոսը, կարելի է ասել՝ թշնամին, եւ երկար տարիներ դատապարտվել էր: Սակայն երեւի թե թուրքական իշխանությունները իրենց ձեռք բերված համաձայնությամբ այս սադրիչին ուղարկեցին Շվեյցարիա, որը բարձրաձայն հայտարարեց, թե Հայոց ցեղասպանություն չի եղել: Իսկ հիմա այս որոշման համաձայն՝ Եվրոպական դատարանը վճռեց, որ շվեյցարական օրենքի կիրառումը սխալ է եղել, կան բաց կողմեր: Որպես հայ՝ ինձ համար այս վճիռը պարտություն է»: Գագիկ Համբարյանն ասում է՝ մենք՝ հայերս, չպիտի մտածենք, որ սա Շվեյցարիայի գործն է, սա ամբողջ հայության գործն է, քանի որ Շվեյցարիայի օրենքը հատուկ ընդունվել էր մեր ազգի պատմական դրվագի պաշտպանության համար: Ըստ նրա՝ Շվեյցարիան ոչ մի խնդիր չի ունեցել Թուրքիայի հետ, սակայն հայամետ օրենք է ընդունել: Շվեյցարիայի պարտությունը, ըստ քաղաքագետի, վտանգավոր պարտություն էր, կարող է խնդիրներ առաջացնել այն երկրների համար, որոնք ուզում էին Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենք ընդունել: Ըստ մեր զրուցակցի՝ այս դատավարության ավարտին անհամբեր սպասում էր Ֆրանսիան:
«Ես գտնում եմ, որ սա երկակի խաղ էր, որը լիովին մեզ բավարարել չի կարող, եւ մենք պետք է անպայմանորեն ավելի հմտորեն մոտենանք ու փորձենք այս հարցին լուծում տալ: Իհարկե, այս որոշումն ավելի հայամետ է, քան դրանից առաջ ընդունված որոշումը ստորին դատարանի կողմից, բայց ես չեմ ուզում սա հաղթանակ համարել: Սա խնդիրներ կստեղծի այն երկրների համար, որոնք պատրաստվում էին հայանպաստ որոշումներ ընդունել, պատրաստվում են պատժել Հայոց ցեղասպանությունը ժխտողներին: Այս քայլով մարդու իրավունքների դատարանը ոչ-ոքի դարձրեց հաշիվը, շատ ուրախ կլինեինք, եթե հաշիվը լիներ 2:0 հօգուտ Հայաստան-Շվեյցարիայի»,- ասում է քաղաքագետը: Ըստ նրա՝ 17 դատավորներից 7-ը, ընդ որում՝ նախագահը, դեմ են քվեարկել Փերինչեքի պահանջի բավարարմանը՝ ծանրակշիռ բացատրություններ ներկայացնելով: Իսկ դատավորների փաստարկները, Գագիկ Համբարյանի կարծիքով, պետք է ճիշտ ու դիվանագիտորեն օգտագործվի Հայաստանի Հանրապետության կողմից:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
17.10..2015