Կառավարությունը բյուջեն լցնելու համար ընկել է, այսպես ասած, «մանր ձկների» հետեւից՝ խոշորներին թողած. հարկեր հավաքելու համար կառավարությունը ընկել է ծակուծուկը, մանրադիտակով նայում է, թե է՛լ որ խեղճ ու կրակին կարելի է բերել հարկային դաշտ ու փող պոկել:
Ազգային ժողովի օրակարգում է «Արտոնագրային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը պիտի քննարկվի աշնանային նստաշրջանում: Այս նախագծով հարկային դաշտ են փորձելու բերել կրկնուսույցներին, դերձակներին, խնջույքավարներին՝ թամադաներին, պարուսույցներին, ժամագործներին, մասնավոր տնային տնտեսություններում ծառայություններ մատուցողներին, այսինքն՝ տներում մաքրություն անողներին կամ «ֆայլա բազարի» բանվորներին, որոնք մասնավոր տներում վերանորոգման աշխատանքներ են անում, նեղ մասնագիտական գիտելիքների ձեռք բերման այլ դասընթացներ կազմակերպողներին, ստեղծագործական գործունեություն իրականացնողներին (այսպես է գրված նախագծում-Ն. Բ.) ու էլի շատ ինքնազբաղ, կարելի է ասել՝ օրվա հացի փող աշխատողներին:
Դժվար է ասել, թե Ազգային ժողովում իշխող կուսակցության քանի պատգամավոր սրտացավ ելույթ կունենա ու դեմ կլինի կոշկակարներին ու դերձակներին կամ կրկնուսույցներին հարկելուն, բայց ինչպես ասում են՝ եթե «վերեւից» հրաման լինի, նախագիծը կանցկացնեն: Այդ հարկի տակ ընկնողներն արդեն խուճապի մեջ են, նրանք վստահեցնում են, որ օրվա եկամուտով հազիվ են ընտանիքը պահում:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը «Առավոտի» հետ զրույցում նկատեց, որ այդ նախագիծը մարդկանց սթրեսի կենթարկի:
Մակարյանի խոսքերով՝ Հարկային նոր օրենսգրքում մի սկզբունք կա, ըստ որի՝ բոլորը պիտի լինեն փաստաթղթավորված: Մակարյանն ասաց, որ դա լավ ցանկություն է, որ Հայաստանում բոլոր գործառույթները լինեն փաստաթղթավորված, բոլոր բիզնեսները լինեն տեսանելի, որպեսզի անհավասար մրցակցություն չլինի, ստվեր չլինի, բայց քանի որ Հայաստանում կա բարձր աղքատություն, ինքնազբաղվածությունը լուրջ ձեւով կարողանում է աղքատությունը հաղթահարելու մեխանիզմ լինել, եւ գործազրկության բարձր մակարդակի պարագայում ինքնազբաղ անձանց հարկելու գաղափարը գոնե հիմա տեղին չէ:
«Ինձ թվում է՝ սա նման է այն օրենքին, որ քաղաքապետարանն ընդունել էր՝ շուն, կատու պահելու համար մարդիկ պիտի հարկ վճարեն: Հիմա նայեք՝ ինչ-որ մարդիկ մուծո՞ւմ են այդ հարկերը, ես դա չեմ նկատում: Կամ՝ հասարակական վայրերոմ ծխողներին տուգանո՞ւմ են: Ընդունելու են մի օրենք, որը գուցե չկարողանան կիրառել: Բայց այդ օրենքը մարդկանց վախեցնելու է, սթրեսի մեջ է գցելու, ներվայնանալու են, մարդիկ սկսելու են վախենալ դուռը մեկի առջեւ բացել ու զարտուղի ճանապարհներով կսկսեն աշխատել: Այս օրենքը շատ ռիսկային է»,- ասաց Մակարյանը:
Կարդացեք նաև
Միության նախագահը նկատեց, որ մանկավարժության, կրթության ոլորտում աշխատավարձերը շատ ցածր են, եւ կրկնուսուցմամբ մարդիկ ինչ-որ բան են հայթայթում, կառավարությունն էլ ուզում է հարկել դա: Մեր երկրում կրթության ոլորտի պատասխանատուն՝ Արմեն Աշոտյանը, ասել է, որ կրկնուսուցման ոլորտում 25-30 մլն դոլարի ստվերային շրջանառություն կա: Մակարյանի կարծիքով՝ կառավարությունը գուցե փորձի պաշտպանել իր նախագիծը՝ պատճառաբանելով՝ լիցենզավորենք, որ վերահսկենք որակը, իմանանք՝ ով ինչ է պարապում, ամեն մեկը կարող է չգիտես ինչ ու ինչպես պարապի ու փող վերցնի:
«Ես հիշում եմ՝ խորհրդային տարիներին էլ կրկնուսույցներ կային, որ պարապում էին ու գաղտնի էին անում դա: Նրանք ասում էին՝ խմբերով դուրս մի եկեք, առանձին գնացեք, կամ տներում էին, ուրիշ տեղերում էին ուսուցանում, որ իրենց չմատնեին»,- պատմեց Գագիկ Մակարյանը: Նրա խոսքերով՝ պետությունը 2 հիմնական խնդիր ունի՝ գործազրկություն եւ աղքատություն, եւ հիմա կառավարությունը չի կարողանում տնտեսության եւ արդյունաբերության զարգացման տեմպերի մեջ կլանել գործազրկությունն ու աղքատությունը նվազեցնել. «Եվ քանի որ սոցիալական պետություն ենք հռչակել, ավելի լավ է՝ թույլ տան այդ ոլորտներն աշխատեն, անցումային լինի: Թեկուզ մարդկանց ասեն՝ 2018 թվականից ենք սկսելու հարկել, մարդիկ սկսեն նախապատրաստվել, ասենք՝ փորձեն ընտանեկան բիզնեսի դաշտ մտնել, որը հարկային ավելի ձեռնտու պայմաններ է առաջարկում, հակառակ դեպքում շատերը կսկսեն տանը աշխատել, կրպակները փողոցներում կվերացնեն, ավտոտնակում, իրենց տան պատշգամբներում կսկսեն գործ անել»: Գագիկ Մակարյանը նկատեց, որ այսօր միկրոբիզնեսը մեծ հարկեր չի բերում բյուջեին, էլ ուր մնաց՝ կոշկակարներն ու դերձակները փողեր բերեն. «Ամսական 150 հազար դրամ պիտի աշխատեն, այս գումարից ի՞նչ հարկ են ուզում վերցնել: Եթե անգամ հարկերը ցածր լինեն, բարոյական տեսանկյունից լավ վիճակում չեն լինի այդ մարդիկ»: Մակարյանի կարծիքով՝ այդ մարդկանց հարկելուն կառավարությունը պիտի աստիճանաբար գնա, ասենք՝ երբ տնտեսական բարձր աճ լինի, մարդկանց գնողունակությունը բարձրանա, աղքատության մակարդակը նվազի:
Թե ինչպես է կառավարությունը կոշկակարներին հարկային դաշտ բերելու՝ էլի կարելի է հասկանալ. ասենք՝ հարկայինի աշխատողը հերթով թաղերով, շենքերի բակերով կանցնի, կտեսնի կոշկակարի կրպակը, կգրանցի իր «մատյանում», ապա կծանուցի նրանց՝ «շնորհավորում ենք, դուք այսուհետ հարկատու եք»: Եվ եթե պարուսույցներին էլ հնարավոր է բացահայտել, որովհետեւ նրանք սովորաբար դպրոցների դահլիճներում կամ մշակութային օջախներում են պարապմունքներն անցկացնում, ապա, ասենք, նեղ մասնագիտական գիտելիքների ձեռք բերման դասընթացներ կազմակերպողներին, ստեղծագործական գործունեություն իրականացնողներին, տնային տնտեսություններում ծառայություններ մատուցողներին, թամադաներին ու կրկնուսույցներին պարզ չէ, թե ինչպես են բացահայտելու:
Կարծես թե վերականգնվելու է խորհրդային տարիների փորձը, երբ «կագեբեիշնիկները» որոշ «գործ տվողների» օգնությամբ տանը դերձակություն անողներին «բռնում էին»: Ու այս նախագծով էլ, փաստորեն, հարկայինի տեսուչը «կագեբեիշնիկի» գործառույթ է ստանձնելու, ասենք՝ թամադա բացահայտելու համար ընկնի ռեստորաններով ու հարկի տակ մտցնի խնջույքավարին: Մասնավոր տներում մաքրություն անողներին էլ, եթե մտքներին դնեն, էլի կբացահայտեն: Բայց ստեղծագործական գործունեություն իրականացնողներին ի՞նչ չափանիշներով են որոշելու՝ ստեղծագործո՞ղ է, թե՞ գրագող, պլագիատ. այս մասին նախագծում՝ ոչ մի տող:
Որպես ստեղծագործական գործունեություն իրականացնողներ հասարակությունը ընդունում է ասենք՝ գրողներին, նկարիչներին, ու եթե հարկայինն էլ է նրանց ստեղծագործող համարում, ուրեմն կարելի է ենթադրել՝ նրանց ստեղծագործություններով ՀՀ բյուջեն մի քիչ «կլցվի»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.10..2015