Բժիշկ-հոգեբույժ, բանաստեղծ Արամ Մամիկոնյանի դիտարկումները
Գրողները միշտ չէ, որ ունենում են, այսպես կոչված՝ գրողական կրթություն: Օրինակ, Ակսել Բակունցը մասնագիտությամբ գյուղատնտես էր, Վարդան Գրիգորյանն ու Վիգեն Խեչումյանը՝ պատմաբան, Աղասի Այվազյանը՝ կինոռեժիսոր եւ այլն:
«Առավոտը» հյուրընկալել էր մասնագիտությամբ հոգեբույժ Արամ Մամիկոնյանին, որի անունը գրական ասպարեզում իբրեւ բանաստեղծի երեւացին դեռեւս 2011-ից «Գրական թերթ», «Գրեթերթ», «Ինքնագիր», «Գրանիշ» եւ այլ մասնագիտական պարբերականներում: Երիտասարդ բանաստեղծը հասցրել է արժանանալ մի քանի մրցանակների, այդ թվում՝ «Անտարես» հրատարակչության գրքի մասին էսսեների մրցույթին, նրա «Մենախոսության էսքիզներ» էսսեն ճանաչվել է լավագույնը, մամուլում տպագրված բանաստեղծական շարքերի համար արժանացել է Լեւոն Անանյանի անվան առաջին մրցանակին: Նույնիսկ որոշ բանաստեղծություններ թարգմանվել են անգլերեն, ռուսերեն: Նոյեմբերին լույս կտեսնի Արամ Մամիկոնյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն: Նախ հետաքրքրվեցինք, թե ինչպես է համատեղում հոգեբուժությունն ու գրականությունը: «Չափազանց հետաքրքրական եմ համարում հոգեկան առողջական խնդիրներ ունեցող անձանց հետ իմ շփումը: Զգացմունքները, հույզերը դնել քիմիական հավասարումների մեջ, հնարավորինս հասկանալ մարդու միտքը, բանականությունը, աշխատանքի մեխանիզմները: Շատ պատասխաններ դուրս են մարդու բանականությունից, թաղված են հեռավոր անտրամաբանական ավազներում: Այնտեղ ոգեւորող միակ գնացքը հասարակ խելագարության պատմություններն են: Կարծում եմ՝ ես խոսում եմ եւ որպես հոգեբույժ, եւ որպես գրող»,- ասաց գրողը:
Հոգեբույժ բժիշկը ի՞նչ է հրամցնում իր ընթերցողին կամ գուցե պատրաստվում է նրանց «բուժել» բանաստեղծություններո՞վ հարցին՝ մեր զրուցակցից ստացանք հետեւյալ պատասխանը. «Այդչափ կառուցողական չեմ տրամադրված ընթերցողի հանդեպ: Ընդհակառակը՝ մարդը դատապարտված է իր գիտակցության հստակ սահմաններին, երբեմն ապրելու համար դրանից փախչել է պետք: Ես ինձ թույլ եմ տալիս բանականությանը չվստահելու բանականությունը: Մեզ ուրիշ ձեռքեր են պետք դատարկությունը շոշափելու համար, ուրիշ աչքեր, որպեսզի կարողանանք տեսնել բացակայությունը: Մեզ մի՞թե հազարամյակներ տեւած ձախողումներ են պետք՝ հասկանալու համար, որ մեր ներսում ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է ընթանում»: Հետո էլ ցիտեց իրանցի բանաստեղծ Սաբիո Ռաքանի խոսքերը՝ «մենք՝ մարդիկս, տարօրինակ արարածներ ենք, բոլորս ինչ-որ հոգեկան խանգարումից ենք տառապում», հավելելով, որ ինքը ինքնագիտակցության մի մակարդակ է ուզում, երբ վերջապես կկարողանա թողնել, որ դանակի պես հատու իրականությունը անարգել անցնի իր միջով:
Կարդացեք նաև
Մտավախություն չունի՞ գրողական դեղատոմսեր առաջարկելուց, քանի որ երիտասարդ է եւ նոր-նոր բժշկի կարիերա է սկսում դիտարկմանն ի պատասխան՝ Արամ Մամիկոնյանն ասաց. «Աննա Ֆրանկը 13 տարեկանում մահացավ, Արթուր Ռեմբոն, ով մեծ հեղաշրջում արեց ֆրանսիական պոեզիայում, 19 տարեկանից հետո ոչինչ չգրեց եւ սկսեց զբաղվել ստրկավաճառությամբ, Ցվետանան նույնքան վաղ տարիքում գրեց իր «Մոնոլոգը»… Այս փաստերը բերում եմ, քանի որ այնքան էլ համամիտ չեմ ձեր կողմից հնչեցված «երիտասարդ»-ի հետ: Մյուս կողմից՝ շատ եմ ոգեւորվել ամերիկյան խոստովանական պոեզիայից (Սիլվիա Փլաթ, Էնն Սեքսթն եւ այլն), որտեղ բանաստեղծության ողնաշարը հենց կյանքի փորձառությունն է, ինչն ակնհայտորեն ի ցույց է դնում մարդու հոգեբանական խոցելիությունը: Այդ անձնականից դեպի համընդհանուրի անցումը չափազանց դրամատիկ է, անվրեպ խոցող, իսկը այն, ինչ ես փնտրում եմ պոեզիայի մեջ»: Հրատարակվող առաջին գրքի առիթով էլ նշեց, որ այն ինչ-որ տեղ բանաստեղծություններ են, ինչ-որ տեղ ներանձնական օրագրումներ. «Օրագրային ներսուզումները ինձ ստիպում են արնահոսել իմ ամբողջ տարողությամբ, համարձակության ու վայրիության պահեր են դրանք, երբ ցանկություն ես ունենում, որ մարդիկ հենց այդպիսի րոպեներին քեզ բռնացնեն»:
Մասնագիտական մամուլում տպագրված բանաստեղծություններից հետո ի՞նչ քննադատական կամ գուցե գովեստի խոսքեր են իրեն ուղղվել եւ ընդհանրապես հաշվի նստո՞ւմ է կարծիքների հետ հարցին՝ Արամ Մամիկոնյանն իր պատասխանը սկսեց դարձյալ օտարազգի հեղինակներից մեկի՝ գրող, արվեստի տեսաբան Սյուզան Զոնթագի խոսքերով: Փաստեց, որ արվեստագետն իր «Ընդդեմ մեկնաբանության» հոդվածում ասում է, թե միմետիկ արվեստի հունական տեսությունն է պատճառը, որ արվեստն ինքնին կարիք ունի պաշտպանության կամ քննադատության: Հիշեցրեց, որ բիթննիկներին դատարաններով էին քարշ տալիս իրենց բառապաշարի համար կամ թե քանի տարի գրադարանների դարակներում անտեսվեց «Խոտի տերեւները», մինչեւ Ուիթմենին ամերիկյան նոր բանաստեղծության հայր ճանաչեցին: Մեր զրուցակիցը պատասխանն ավարտեց հետեւյալ խոսքերով. «Ես ինձ նախեւառաջ լավ ընթերցող եմ համարում եւ թաքուն պայմանավորվածությամբ ուզում եմ ինքս լինել իմ ամենասիրած գրողը: Եվ գրել մի գիրք, որը կարելի կլինի կարդալ մեռնելուց առաջ… Իսկ մնացածը արվեստաբանական տերմիններ են»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.10..2015