Լույս է տեսել Նորայր Գրիգորյանի «Խազեր տերեւի վրա» բանաստեղծությունների ժողովածուն: Նոր անուն չէ Նորայր Գրիգորյանը, Խորհրդային համակարգը բանաստեղծության իր անդենային ձայնով հաղթահարած պոետ, որ անկախության տարիներին սկսեց իր ժողովրդին ծառայել նաեւ որպես մարզային թերթի խմբագիր եւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակից: Ցուրտ ու մութ տարիներին, երբ գոյության ծայրահեղն էր մեր ժողովրդի մեջ, բայց «միմյանց սիրելու ոսկյա բալասանով» հաղթահարում էինք օրեր, ամիսներ, տարիներ. այդժամ մեր բոլոր ռադիոկայանները հատուկ ժամեր որդեգրեցին, դրանք երաժշտական ժամեր էին, որ կոչվում էին «Նոստալջի». այդ ժամերը լցված էին հոգի բժշկող, համբերության առաջնորդող, ինքնաբավարարման համար մի քիչ լաց լինելուն դրդող մխիթարական, հոգեպարար մեղեդիներով:
Եվ որքան էլ բողոքի ալիքներ բարձրացան այդ մեղեդիների դեմ, ես մտածեցի, թե. «Աստծուց են դրանք, որովհետեւ Տերն ասում է. «Ինձ եկեք հոգնածներ եւ բեռնավորվածներ, եւ ես պիտի ձեզ հանգստացնեմ»: Ինչու եմ այս մասին հիշատակում, որովհետեւ Նորայր Գրիգորյանի պոեզիան ժամանակի աղետ-աղտեղություններից դեպի հանգիստ ու խաղաղություն հրավիրող-ներքաշող, մխիթարական երաժշտություն է հիշեցնում, մեզ վերցնում է բանականության վերին ոլորտ հեռացող այն տարածաչափի մեջ, որտեղ պոետի հոգին աշխարհիկ աղետի համար, թվում է քիչ հասանելի: Փախուստ իրականությունից, սակայն ցավ կրելով, իսկ դեռ մնալով այդ իրականության մեջ: Եվ թեպետ վերին, հանգիստ ոլորտում ապրող այդպիսի երաժշտություն է հիշեցնում, սակայն չի խուսափում խոսել չորս կողմ ծառացած լուրջ խնդիրների մասին. թե` երկիր իմ, ես ու իմ նմանները կանք, թեկուզ մեր մի խազաչափով, բայց կանք եւ մենք միասին սիրո գործուն ուժ ենք, որ դու ապրես…
Իր ասելիք «խազը» լիարժեք ասում, բայց միեւնույն ժամանակ իր շնորհի յուրհատուկ ոճով` հանգստացնում է, հանդարտեցնում, թե` ելքը կա, այս պահին թեկուզ դեռ իր խազաչափ փոքր երեւացող, բայց սիրո զոհաբերման խոստմամբ ու վարքով, իր նմանների բանական խազերի գումարի ապագա հաղթանակներով: Ու երբ բոլորը իրենց չափաբաժին սերը ներդնեն, մեծ թե փոքր, ում ինչքան որ տրված է` այդքան, ապա երկիրը պիտի ապրի` «օտար քամիների ներխուժումներից լրիվ ազատագրվելով»:
Նուրբ է Նորայրի պոեզիան. այս աշնանացող աշխարհի տերեւների վրա չափով իսկ կարճ իր բանական խազերով, սակայն սարերի մեջ ապրածի, մաքուր աղբյուրների կողքին նստածի, եւ աչքերից մեկը երկնքի ակնկալությանը հառածի պոեզիա է, եւ իր ոճով հարաբերակցում է մի անդենային երաժշտության ելեւէջներին, ուր երբեմն` կետադրական նշաններն են դառնում ավելորդ.
օրվա դուռը կապույտ առեղծված է
բանալին երազանքի զարդատուփում
հաճախ լինում են
ժանգոտված կողպեքներ
ու կապույտ անսահմանությունը
տեսնում ես բանալու անցքով:
ՄԱՔՍԻՄ ՈՍԿԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.10..2015