Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Սմբատյանը հանդես է գալու հռչակավոր Կարնեգի Հոլում

Հոկտեմբեր 19,2015 10:53

Այն, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (ՀՊԵՆ) գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր 28-ամյա Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է բազմաթիվ հեղինակավոր նվագախմբեր, ինչպիսիք են Պրահայի ռադիոյի սիմֆոնիկ, Տամպերեի ֆիլհարմոնիկ, Գերմանիայի սիմֆոնիկ, Լեհաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ, Դրեզդենի ֆիլհարմոնիկ, Մոսկվայի ֆիլհարմոնիկ, Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ, Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ, Վարշավյան ֆիլհարմոնիկ և մի շարք այլ կոլեկտիվներ, հայտնի փաստ է։

Սակայն այն լուրը, որ օրերս ստացանք, ազդարարում է՝ կարծում ենք, մեծ չափազանցություն չէր լինի այսպես ասելը՝ մի նոր, այլ որակի բարձունքի նվաճում երիտասարդ հայ դիրիժորի կողմից․հոկտեմբերի 27-ին մաեստրո Սմբատյանը կղեկավարի Կորեայի կամերային նվագախումբը աշխարհի ամենահեղինակավոր դահլիճներից մեկում՝ Նյու Յորքի «Կարնեգի Հոլում» (Carnegie Hall)։

Մեր հանգամանալից ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ Սերգեյ Սմբատյանն ամենաերիտասարդ հայ երաժիշտն է, որ հանդես է գալու այս լեգենդար համերգասրահում։ Այս, ինչպես նաև հոկտեմբերի 31-ին Բոստոնի Նոր Անգլիայի կոնսերվատորիայի «Ջորդան Հոլ» (Jordan Hall) դահլիճում կայանալիք համերգը՝ ևս Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ՝ նվիրված է Կորեայի կամերային նվագախմբի հիսուն- և ՅՈՒՆԵՍԿՕ-ի յոթանասունամյակին; դրա պատվավոր հյուրերի թվում են ՄԱԿ-ի ղեկավարության ներկայացուցիչները՝ ներառյալ ծագումով կորեացի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունին։

Նշենք, որ 2015 թվականին Կորեայի կամերային նվագախումբն արդեն իսկ երկու համերգ ունեցել է Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ. Առաջինը՝ հունվարին, Սեուլի արվեստների կենտրոնում աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան Ջոն Մալկովիչի մասնակցությամբ, երկրորդը՝ փետրվարին, Մոսկվայում։

Այս նշանակալից նորության, ինչպես նաև այլ հարցերի շուրջ զրուցեցինք ՀՊԵՆ հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ։

-Մաեստրո Սմբատյան, որքան մեզ հայտնի է, որևէ երաժիշտի, որ պիտի հանդես գա «Կարնեգի Հոլ»-ում, կենսագրությունը, իր անցած ուղին, դրա տնօրինության կողմից լրջագույն քննության են ենթարկվում:

– Ճիշտ այդպե՛ս։

– Բնականաբար, երջանի՞կ եք Ձեզ զգում:

-Իհարկե՛, չէ որ ես ամենաերիտասարդ հայազգի դիրիժորն եմ, որ երբևիցե արժանացել է այս հռչակավոր համերգասրահում հանդես գալու պատվին․․․

-Իսկ գոնե մի փոքր-ինչ երկյուղի զգացում ունեի՞ք, սպասելիս «Carnegie Hall»-ի «օքեյ»-ին:

-Իհարկե՛, ասեմ այսպես՝ ներքին թրթիռով էի սպասում պաշտոնական հրավերին, և այն ստանալուց հետո է՛լ ավելի մեծ եռանդով սկսեցի պարապել․․․

-Կմանրամասնե՞ք համերգների մենակատարների ցանկը, դրա ծրագիրը:

– Մենակատարներն են հարավկորեացի աշխարհահռչակ ջութակահարուհի Սոյունգ Յուն՝ պայծառ մի երաժիշտ և անձնավորություն, ով երկու անգամ եղել է Հայաստանում․2010-ի հունիսի 6-ին նա բացել է Արամ Խաչատրյանի անվան մրցույթը, իսկ նույն տարվա նոյեմբերին Հայ կոմպոզիտորական արվեստի առաջին փառատոնին տաղանդաշատ ջութակահարուհին կատարեց Ղազարոս Սարյանի կոնցերտը։ Համերգների ընթացքում հանդես կգան նաև ականավոր իտալացի երգչուհի Կարլի Պաոլին (մեցցո-սոպրանո) և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Խաղաղության արտիստ»-ի պատվավոր կոչումը կրող աշխարհահռչակ կոնտրաբասահար Միլթոն Մաշիադրին (ծնվ․Ուրուգվայում), իսկ երաժշտական տնօրենն է հարավկորեացի Մին Կիմը ։ Ծրագրում կհնչեն Պիացոլայի «Տարվա ժամանակները», Մենդելսոնի 10-րդ սիմֆոնիան, Շուբերտի Սիմֆոնիան, Բոտտեզինիի, Գերշվինի, Էլգարի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Երկու մասից բաղկացած գալա-համերգը կտևի մոտ երկուսուկես ժամ։

– Երիտասարդական նվագախումբը ներկայումս ընթացող Խաչատրյանի անվան փառատոնի նախաձեռնողներից է: Ինչո՞վ է այս տարվա խաչատրյանական փառատոնը տարբերվում նախորդներից:

-Բացի նրանից, որ տարեցտարի է՛լ ավելի բարձրակարգ երաժիշտներ են գալիս մեր երկիր, պիտի հատուկ ընդգծեմ այն փաստը, որ առաջին անգամ Հայաստանում անցկացվող փառատոնը ունի հստակ օրացույց՝ դեռ երկու տարի առաջ գծված՝ գրեթե երկու ամսվա ընթացքում ամեն չորեքշաբթի տեղի է ունենում կամերային համերգ, իսկ ամեն շաբաթ օրը՝ սիմֆոնիկ։ Այսպես է ընդունված ամբողջ աշխարհում, քանի որ այս՝ «աբոնեմենտային» համակարգը շատ հարմար է թե՛ տեղացի հանդիսականին, և թե՛ երկիրն այցելող արվեստասեր զբոսաշրջիկներին։

Հուրախություն մեզ՝ կազմակերպիչներիս, Փառատոնի համերգների դահլիճները լեփ-լեցուն են։ Այդպես էր և շաբաթ օրը կայացած փառահեղ համերգին՝ արդեն իսկ աշխարհում մեծ համբավ վայելող թավջութակահար Սուրեն Բագրատունու (ԱՄՆ) մասնակցությամբ; Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի դիրիժորն էլ Հիրոֆումի Յոշիդան էր (Ճապոնիա)։ Իսկ այդ նույն ժամերին հարակից դահլիճում՝ Օպերային թատրոնի՝ մենք բեմադրել էինք մեծն Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը, և դահլիճում կրկին ասեղ գցելու տեղ չկար․․․

Փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 24-ի համերգը կնվիրենք մեծանուն հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 95-ամյակին, իսկ հոկտեմբերի 31-ին ՀՊԵՆ-ը կկատարի Չայկովսկու Հինգերորդ սիմֆոնիան՝ տաղանդավոր դիրիժոր Միրան Վոկովիչի (Խորվաթիա) ղեկավարության։ Ֆանտաստիկ ջութակահար Չադ Հուփսը (Chad Hoopes) ԱՄՆ-ից՝ որպես մենակատար հանդես կգա Երիտասարդականի այդ համերգին՝ Ձեր խոնարհ ծառայի ղեկավարությամբ; ծրագրում են Պենդերեցկու Երրորդ սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան, նաև՝ Ստրավինսկու «Գարունը սրբազան»։ Նույն օրը Ալ․Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Արամ Խաչատրյանի անվան փառատոնի շրջանակներում կկայանա Հանճարի հեղինակած «Գայանե» բալետի ներկայացումը, դիրիժոր՝ Հարություն Խաչատրյան։

Գուրգեն ԽԱԺԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031