Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռաֆայել Վահանյանի ֆենոմենը՝ ըստ Հովիկ Խալիկյանի

Հոկտեմբեր 19,2015 12:30

Հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը 64 տարեկան է:
Նրա ֆենոմենի մասին պատմում է ՀՇՖ փոխնախագահ Հովիկ Խալիկյանը:

– Պարոն Խալիկյան, դուք շուրջ 15 տարի միասին խաղացել եք Հայաստանի ազգային հավաքականում: Ինչպիսի՞ն է Ռաֆայել Վահանյանը:

– Երջանկություն էր Ռաֆայելի նման լիդեր ունեցող թիմում հանդես գալը: Լինելով գենետիկ հայ՝ Վահանյանն օժտված է հային բնորոշ բոլոր լավ եւ վատ գծերով. բացառիկ տաղանդ, ստեղծագործական, կառուցողական միտք, արագ եւ բարձր ընկալողականություն, երբեմն չհիմնավորված ինքնավստահություն, սեփական թերությունները քողարկելու մոլուցք, իր եսին վտանգելու աստիճանի հասնող հարգանք՝ դիմացինի հանդեպ:

– Վահանյանն ինչո՞ւ շախմատի աշխարհի չեմպիոն չդարձավ:

– Ըստ Վահանյանի՝ չեմպիոն չեն դառնում, ծնվում են: Իմ կարծիքով՝ աշխարհը որեւէ ձեւով նվաճելը մոլուցք է, հիվանդություն: Վահանյանը չէր կարող աշխարհին ցավ պատճառել:

– Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց՝ խա՞կ է:

– Եվ դուք հավատացիք աղվեսին, որովհետեւ նա ձեր համար հեղինակություն էր: Մի հարց էլ ես տամ: Կարո՞ղ եք ցույց տալ որեւէ բնագավառում երջանիկ աշխարհի նախկին չեմպիոն: Ինչ ոգեւորությամբ նվաճում ես Օլիմպոսը, ավելի մեծ ցավով թողնում ես այն: Երբ Բորիս Սպասկին 1969 թ.-ին դարձավ աշխարհի չեմպիոն, նրան հարցրեցին, թե ի՞նչ է զգում, հնչեց տարօրինակ պատասխան. «Ես ամբողջովին դատարկվել եմ»:

– Ուզում եք ասել՝ աշխարհի չեմպիոն դառնալը վա՞տ բան է:

– Վատ է, երբ սկսում ես աշխարհին վերեւից նայել: Փառքը մեծամասամբ կուրացնում է մարդուն, նրա մեջ սպանում ժամանակի եւ իրականության ընկալման զգացողությունը: Լավ է, երբ ավելանում է փոխադարձ սերը աշխարհի նկատմամբ: Չկա հետեւանքների գնահատման չափորոշիչ:

– Վերադառնանք Վահանյանին:

– Վահանյանը 64 տարեկան է: 64-ը շախմատի վանդակների քանակն է: Նրա ղեկավարությամբ ստեղծվել է «64+» սպորտային հ/կ, որը միտված է օգնել ոչ միայն շախմատին, այլեւ ընդհանրապես սպորտի վետերաններին: Դա անհրաժեշտ է այսօր: ԽՍՀՄ փլուզումից հետո շատ ու շատ արժանավոր մարզիկներ մնացին անտեսված: Շախմատի առումով ծրագրվում է թողարկել «64+» պարբերական եւ ստեղծել համահայկական շախմատի վարպետաց դպրոց, ուր կհաճախեն բարձրակարգ շախմատիստներ, որի անհրաժեշտությունը նույնպես ակտուալ է: Նման դպրոցի բացակայությունը վերջին տարիներին բնագավառից դուրս մղեց միջազգային վարպետների եւ գրոսմաստերների մի ստվար բանակ:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ
17.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031