Բազմիցս ասել ենք, որ Հայաստանում միտինգներով ու ժողովրդի ճնշմամբ առաջին ու վերջին անգամ իշխանությունը նվաճվել է անցյալ դարի իննսուն թվականին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ, իսկ Վազգեն Մանուկյանը դարձավ վարչապետ: Դրանից հետո երեք նախագահ ենք ունեցել, եւ երեքն էլ նախագահ են դարձել իշխանության ղեկին եղած պարագայում:
Այսուհանդերձ, մեր ընդդիմադիրների մոտ ժամանակ առ ժամանակ հույսեր են արթնանում առ այն, որ, այնուամենայնիվ, Հայաստանում հանրահավաքներով ու ժողովրդի ճնշմամբ հնարավոր է նախ իշխանություն փոխել, իսկ այնուհետեւ՝ իշխանության հասնել: Որովհետեւ ինչքան էլ ժամանակ անցնի` Ղարաբաղյան շարժման հաջողությունը մարդկանց հիշողության մեջ մշտապես թարմ է: Ղարաբաղյան շարժման փորձով է առաջնորդվում նաեւ նոր սերունդը, որի ներկայացուցիչները ոչ միայն Ղարաբաղյան շարժման ականատեսը չեն եղել, այլեւ այդ շարժման տարիներին ծնված էլ չեն եղել: Ծնված չեն եղել, բայց ամեն ինչ գիտեն այդ շարժման մասին: Մեծերի պատմածներով գիտեն, պատմության դասագրքից գիտեն, չնայած պատմության դասագրքերում Ղարաբաղյան շարժումն առանձնապես փայլուն ու մանրակրկիտ չի արտացոլված:
Այդուհանդերձ, նոր սերունդը գրեթե ամեն ինչ գիտի այդ շարժման մասին եւ, որ ամենակարեւորն է, գիտի, որ Ղարաբաղյան շարժումը մեր պատմության փառահեղ էջերից է: Եվ այդ շարժման օրինակներով ու դասերով է առաջնորդվում: Եվ չնայած նոր սերնդի ներկայացուցիչներից շատերը Ղարաբաղյան պատերազմի «ցուրտ ու մութ» տարիներին մանուկ են եղել եւ ամենից ավելի են տուժել էդ տարիների ցրտից ու մթից, այդուհանդերձ, ի տարբերություն ավագների՝ այդ թեմայով երբեւէ չեն տրտնջում ու չեն նվնվում: Ավելին՝ շատ դեպքերում իրենք են ավագներին բացատրում, որ էդ տարիների ցուրտն ու մութը միանգամայն բնական էին, որովհետեւ պատերազմ էր:
Սա անկախության սերունդն է: Այս սերնդի քաղաքական հետաքրքրություններ ու նկրտումներ ունեցող ներկայացուցիչներն ընդգրկված են ու կան տարբեր կուսակցություններում՝ ավագների կողքին, բայց նրանց զգալի մասն անկուսակցական ու անկախ են եւ միանգամայն ինքնուրույն են պայքարում՝ հանուն ազգային ու ժողովրդավարական արժեքների: Հիմնականում նրանց պայքարի շնորհիվ էր, որ նախ՝ տրանսպորտի գինը մնաց նույնը, ապա եւ էլեկտրաէներգիայի գնի բարձրացման մտադրությունը կանխվեց:
Կարդացեք նաև
Այսինքն՝ մեր ջահելներն ավելի են հավատում իրենք իրենց ու իրենց պայքարին: Այսինքն՝ հավատում են, որ պայքարի շնորհիվ մեր երկրում կարելի է ինչ-որ բան դեպի լավը փոխել:
2007 թվականին վերադառնալով ակտիվ քաղաքականություն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ էր հավատում, որ կարելի է հանրահավաքների եւ ժողովրդի ճնշման միջոցով իշխանափոխության հասնել: Եվ քանի որ անձամբ Տեր-Պետրոսյանը հավատում էր, իր թիմակիցներն ու համախոհներն էլ էին հավատում: Ավելին՝ նրանցից շատերը մտածում էին, որ եթե Լեւոնը մտել է պայքարի մեջ, ուրեմն մի բան գիտի, եւ հաջողությունն ու հաղթանակն ապահովված են: Հավանաբար այդպես մտածեցին նաեւ շարժմանը միացած Գագիկ Ջհանգիրյանն ու Խաչատուր Սուքիասյանը, որոնք, ի տարբերություն մյուս միացածների, կորցնելու շատ բան ունեին: Նրանք, ինչպես նաեւ մյուս բոլոր միացածները, վստահ էին, որ համաժողովրդական շարժման շնորհիվ Տեր-Պետրոսյանին կհաջողվի երկրորդ անգամ Հայաստանի նախագահ դառնալ: Նրանք, ինչպես նաեւ անձամբ Տեր-Պետրոսյանը, մի շատ կարեւոր հանգամանք հաշվի չէին առել. մոռացել ու չէին հիշում, որ Տեր-Պետրոսյանը հանրահավաքների ու ժողովրդական շարժման շնորհիվ 1990 թվականին ոչ թե Հայաստանի նախագահ էր ընտրվել, այլ ընդամենը ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ: Իսկ հաջորդ տարի, երբ ՀՀ նախագահ ընտրվեց, արդեն իշխանության ղեկին էր եւ իշխանական բոլոր լծակների տերն ու տիրականն էր:
Ճիշտ է, 2008-ին Հայաստանի իշխանությունները հիմնականում ուժային մեթոդներով ու մարտի 1-ով առաջին նախագահի դեմն առան, այդուհանդերձ, փաստը մնում է փաստ, որ Տեր-Պետրոսյանը 2008-ին Հայաստանի նախագահ չդարձավ: Պայքարի արդյունքում ՀԱԿ-ից մի քանիսը պատգամավոր դարձան, իսկ ՀԱԿ-ը առնվազն կիսով կազմաքանդվեց: Դասեր, իհարկե, քաղվեցին, եւ դասերի արդյունքում սկիզբ առան առաջին նախագահի քաղաքագիտական վերլուծությունները:
Այդ մասին՝ հաջորդ դասին:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ» օրաթերթ
17.10..2015