Նոճազգիների ընտանիքին պատկանող գիհին 8-10 մետր բարձրությամբ երկտուն, մշտադալար, փշատերեւ թուփ է կամ ծառ։ Ծաղկում է մայիսին։ Պտուղները հասունանում են աշնանը։ Տարածված է չորուտներում եւ աղքատ հողերում։ Ենթարկվում է մշակման՝ որպես դեղաբույս եւ գեղեցկատես բույս։ Բուժական նպատակով օգտագործվում են հասուն կոնապտուղները, որոնք ունեն սեւ, գորշավուն տեսք։ Հավաքվում է աշնանը, չորացվում ստվերում եւ պահվում թղթե տոպրակների մեջ։ Ունի յուրահատուկ դուրեկան հոտ եւ քաղցր համ։
Պարունակում է եթերայուղ, յունիպերին կոչվող դառը գլիկոզիդ, տանին, պեկտիններ, կուպր, ճարպայուղ, քացախաթթու, մանգան, պղինձ, դաբաղող նյութեր, վիտամին C, մոմ։
Գիհին ունի միզամուղ, լեղի գոյացնող, լեղարտադրող, մանրէասպան, ստամոքսի հյութազատությունը բարձրացնող, բրոնխիալ գեղձերի հյութազատությունը խթանող եւ նոսրացնող ազդեցություններ։ Այս առումով այն օգտագործվում է խոլեցիստիտների, պիելիտների, ցիստիտների, տրախեիտների, լարինգիտների, բրոնխիտների դեպքում։
Կիրառման եղանակները։ Ջրաթուրմ։ 10գ (մեկ ճաշի գդալ) չորացված եւ մանրացված հումքի վրա ավելացնել 200մլ (մեկ բաժակ) եռացրած ջուր եւ տաքացնել ջրային բաղնիքում 15 րոպե, որից հետո սառեցնել սենյակային ջերմաստիճանի պայմաններում 45 րոպե, քամել, թուրմի քանակը եռացրած ջրով հասցնել 200 միլիգրամի։ Օգտագործել մեկական ճաշի գդալ, 3-4 անգամ, ուտելուց հետո։
Եփուկ։ 15 գ չոր հումքը 200 միլիգրամ ջրում եռացնել 30 րոպե, խմել մեկական ճաշի գդալ, օրական 3 անգամ:
Օշարակ: 100 գրամ հումքը 400 միլիգրամ ջրում եռացնել 30 րոպե, հեռացնել մնացորդը, ըստ համի զգացողության ավելացնել շաքար, հետո շարունակել եռացնել մինչեւ թանձրանալը։ Խմել մեկ թեյի գդալ, օրական 3 անգամ։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
17.10..2015