Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանի մարտական հենակետը լքած պայմանագրային զինծառայողները դատապարտվեցին

Հոկտեմբեր 19,2015 10:39

Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Արմեն Շեկոյանը եւ նույն մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Անատոլի Չերնիշովը, որպես Նոյեմբերյանի սահմանապահ զորամասի պայմանագրային զինծառայողներ, համապատասխան հրամանով ընդգրկված լինելով զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված հենակետում, խախտել են ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահություն կրելու կանոնները, 2015թ. հունիսի 9-ի ժամը 22.30-ի սահմաններում առանց համապատասխան թույլտվության մոտ երկու օրով ինքնակամ թողնելով մարտական հենակետը:

Դրա հետեւանքով նվազել է մարտական հենակետի մարտունակությունը եւ սահմանի այդ հատվածը մնացել է առանց բավարար հսկողության: Ընդ որում՝ Ա. Չերնիշովը եղել է այդ մարտական հենակետի ավագը, իսկ Ա. Շեկոյանը՝ հենակետի դիտորդը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 1-ին մասով («Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու եւ դրան դիմակայելու կամ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, եթե այդ արարքը վնաս է պատճառել»):

Երկու լոռեցիների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ մինչ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում դատաքննությունը սկսվելը Ա. Շեկոյանը եւ Ա. Չերնիշովը միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, հայտարարել են, որ միջնորդությունը ներկայացրել են կամավոր, խորհրդակցել են պաշտպանի հետ, գիտակցում են արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրենց պարզ է, իրենք համաձայն են մեղադրանքին: Դատարանը ամբաստանյալների նկատմամբ պատիժ նշանակելիս որպես պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել, որ նրանք խոստովանել են մեղքը, անկեղծորեն զղջացել կատարածի համար, նախկինում ոչնչով արատավորված չեն, Ա. Շեկոյանը խնամքին ունի մինչեւ 14 տարեկան մեկ, Ա. Չերնիշովը՝ երկու երեխա:

Հոկտեմբերի 14-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը վճռել է Արմեն Շեկոյանին եւ Անատոլի Չերնիշովին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 1-ին մասով եւ նրանց դատապարտել ազատազրկման՝ 3 ամիս ժամկետով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031