Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին խնդրել են նկարագրել իր դավանած Իսլամի եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դավանած իսլամների տարբերությունները: Նա պատահաբար պատասխանել է, որ որեւէ տարբերություն չկա: Այս մասին գրել է «Foreign Policy»-ն:
Կայքը նշել է, որ անցած շաբաթ «Իսլամական պետության» զինյալները Թուրքիայում երկու ռումբ են պայթեցրել, ինչի արդյունքում 100-ից ավելի մարդ է զոհվել: Դրանից հետո Թուրքիայում կառավարության հասցեին սկսեցին մեղադրանքներ հնչել, թե ինչու նրանք չեն կարողացել կանխարգելել հարձակումը:
Դավութօղլուն հոկտեմբերի 14-ին մասնակցել է թուրքական «Show TV»-ի ալիքի հաղորդմանը եւ փորձել է Անկարան փրկել այդ մեղադրանքներից: Ըստ «Foreign Policy»-ի դա չի հաջողվել. Դավութօղլուն մի խոշոր երկրաչափական սխալ է թույլ տվել եւ ասել է, թե Թուրքիան ուղղակի կապ ունի ծայրահեղական խմբավորման հետ:
«Մեր դավանած Իսլամի եւ ԴԱԻՇ-ի դավանած Իսլամի միջեւ ոչ թե 180 աստիճանի, այլ` 360 աստիճանի տարբերություն կա»,- ուղիղ եթերում ասել է Դավուօթղլուն եւ օգտագործել է «Իսլամական պետության» արաբական անվանումը:
Կարդացեք նաև
Դավութօղլուն ակադեմիկոս է եղել նախկինում եւ հեղինակել է «Ռազմավարական խորություն» վերտառությամբ գիրք: Վարչապետի քաղաքական հակառակորդները այս ձեռնարկը օգտագործել են, որպեսզի ծաղրեն նրա հայտարարությունը:
«Թվիթեր» սոցիալական ցանցում պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Իդրիս Բալուկենը, մասնավորապես, գրել է. «Պարզ է, թե ինչ է պատահել ռազմավարական խորության հետ: Հիմա երկրաչափական խորության հերթն է»:
Հավելենք նաեւ, որ Թուրքիայի վարչապետի այս հայտարարությունը սոցցանցերում բազմաթիվ գրառումների պատճառ է դարձել, որոնք հիմնականում ուղեկցվում են #direngeometri հեշթեգով:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ