Միջազգային Դուքենդոյի եւ Ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը այսօր «Դինամո» մարզադահլիճում կայացած Բաշ-Ապարանի հերոսամարտի 97-րդ տարելիցին նվիրված մրցաշարից առաջ «Սեւ գոտի 3-րդ դանի» հավաստագիր հանձնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, «Նիգ-Ապարան» հայրենասիրական ՀԿ պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանին:
Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ հիմքով այդ կոչումը շնորհվեց պաշտոնային, Գոռ Վարդանյանը պատասխանեց. «Մեր միջազգային ֆեդերացիայի կանոնակարգում կա պատվավոր սեւ գոտիների շնորհման կետ: Ըստ այդմ, այն անձը, ում պատվավոր սեւ գոտի է հանձնվում, պարտադիր չէ, որ մարզիկ լինի: Նրանք այն մարդիկ են, ովքեր կարեւոր գործ են անում, օգնում են ֆեդերացիային, նպաստում մարզաձեւի զարգացմանը: Դա, կարելի է ասել, շնորհակալական պատվավոր կոչում է: Մենք էլ, օգտվելով այդ իրավունքից, այսօր պարոն Աղվան Հովսեփյանին շնորհեցինք 3-րդ աստիճանի պատվավոր սեւ գոտի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ