Դուքենդո կարատեի ազգային ֆեդերացիայի հերթական մրցաշարը «Դինամո» մարզադահլիճում նվիրված էր Բաշ-Ապարանի հերոսամարտի 97-րդ տարեդարձին: 1928 թ. մայիսի 22- 29-ը հայկական կամավորական ջոկատները անհավասար ճակատամարտում արժանի հակահարված տվեցին թուրքական կանոնավոր բանակին, որի արդյունքում թուրքերը նահանջեցին, իսկ մենք ունեցանք հաղթանակ:
Այս մրցաշարը ուղեգրային էր, որի հաղթողները իրավունք էին ստանալու արդեն նոյեմբերի 15-ին այս նույն դահլիճում պայքարել Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճելու համար: Այս եւ մինչեւ տարեվերջ կայանալիք մրցաշարերի արդյունքներով կազմավորվելու է Հայաստանի հավաքականը, որը եկող տարվա հունվարին Լաս-Վեգասում մասնակցելու է աշխարհի առաջնությանը:
Կազմակերպիչները մրցաշարին հրավիրել էին «Նիգ-Ապարան» հայրենասիրական բարեգործական ՀԿ-ին: Մինչեւ մրցումների սկսվելը, պատանի մարզիկները ցուցադրական ելույթներ ունեցան հյուրերի եւ մարզադահլիճը հեղեղած մարզասերների առջեւ: «Նիգ-Ապարան ՀԿ պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը լրատվամիջոցներին ասաց. «Սա մարզական միջոցառում է, որը էական, զգալի նշանակություն ունի աճող սերնդի ֆիզիկական, բարոյահոգեբանական դաստիարակության գործում: Այն, ինչ ես տեսա այստեղ, ապշեցրեց: Նկատի ունեմ այն, ինչի երեխաներն արդեն հասել են այդ տարիքում: Սա շատ կարեւոր է ապագա սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության համար: Փառք Աստծո՝ ունենք այսպիսի կազմակերպիչներ, որոնք զգալի ջանք ու եռանդ են ներդնում այսպիսի մարզիկներ աճեցնելու համար: Ես տեղեկացա նաեւ, որ մեր մարզիկները զգալի հաջողությունների են հասնում միջազգային մրցաշարերում: Նրանց հետագա հաջողություններ եմ մաղթում»:
Կարդացեք նաև
Աղվան Հովսեփյանին պատիվ ընձեռվեց պարգեւատրել աշխարհի նախորդ պատանեկան առաջնությունում հոթ ոսկե եւ մեկ բրոնզե մեդալ նվաճած մարզիկներին, ինչպես նաեւ տարբեր կարգի սեւ գոտիների հավաստագրեր հանձնել Դուքենդո կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիչներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ