Արդեն երկրորդ տարին է, ինչ Հադրութի շրջանի Տող գյուղում կայանում է ավանդույթ դարձող գեղեցիկ միջոցառում՝ «Արցախյան գինու փառատոնը»: Այս տարի այն կայացավ ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության կազմակերպմամբ՝ Տողի մելիքական ապարանքի տարածքում: Չնայած անձրևային եղանակին՝ առավոտյան արդեն արցախյան բերք ու բարիքով ու հատկապես գինով էին հարստանում հատուկ պատրաստված սպիտակ տաղավարները: Հանրապետության տարբեր շրջաններից եկած բերք ու բարիք ստեղծող մեր ժողովուրդը ևս մեկ անգամ առիթ ունեցավ ցուցադրելու իր արտադրանքը և իրացնելու: Միջոցառմանը ներկա էին ՀՀ և ԼՂՀ կառավարությունների և Խորհրդարանների ներկայացուցիչներ, այդ թվում ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը, փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը, ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱԺ ,Դաշնակցությունե խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, շրջվարչակազմերի ղեկավարներ, տեղակալներ, պաշտոնատար այլ անձինք, գինեգործներ ԼՂՀ-ից և ՀՀ-ից, հյուրեր և զբոսաշրջիկներ: ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը, ով առաջին փառատոնի հեղինակն է, ասաց. «Միջոցառումը նպատակ է հետապնդում մեկ անգամ ևս հանրահռչակել Տողի մելիքական ապարանքը՝ որպես Արցախում պետական իշխանության շարունակականության խորհրդանիշ. այն ապահովում է նաև զբոսաշրջության հարավային երթուղու զարգացումը։ Տողը զբոսաշրջության հարավային երթուղու առանցքային բնակավայրերից մեկն է, և պետք է տարբեր միջոցներով զբոսաշրջիկներ ներգրավել դեպի այստեղ։ Բացի այդ, նպատակ ունենք նաև Արցախում խթանել գինեգործության զարգացումը»:
Փառատոնը Տերունական աղոթքով, խաղողօրհնեքի արարողությամբ ու բարեմաղթանքներով ազդարարեց Հադրութի շրջանի հոգևոր հովիվ Տեր Մատթեոս Դրավունցը: Այնուհետև, ինչպես ընդունված է՝ ոտքերը լվալուց հետո 2 պատանի սկսեցին ճմռել հանրապետության 5 շրջաններից բերված խաղողը: Արարողությունն անցավ ծափողջյունների, խաղողի մասին գովերգող երգերի հնչյունների տակ, պարով: Այնուհետև, ըստ որոշման, անցած տարի ճզմված խաղողից արտադրված գինին լցվեց հատուկ շշերի մեջ և խցանավորվեց փառատոնում ներդրում ունեցող անձանց(Քեշկուրյան, Սերգեյ Շահվերդյան, Գրիգորի Ավանեսյան-«Կատարո» գործարանի տնօրեն, Նունե Մանուկյան-Արենիի գինու փառատոնի հեղինակ) կողմից: Շշերից մեկը, որի վրա ստորագրեցին խցանողները, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը պահ տվեց սերունդներին: Այդ ընթացքում բեմում հանդես էին գալիս հանրապետության շրջաններից եկած մշակութային խմբեր: Հատկապես միշտ էլ ազգագրական, ռազմահայրենասիրական, ժողովրդական ու գուսանական երգերով ու պարերով աչքի է ընկել Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» երգ ու պարի համույթը: Ազգագրական տարազով ու երգերի, պարերի կատարումով ներկաներին ոգևորեցին Քաշաթաղի շրջանի Կովսականի «Թաթուլ» երգ ու պարի խմբի պատանի կատարողները՝ Կարեն Մարտիրոսյանի գլխավորությամբ: Կարենը ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչների հետ երգեց նաև «Գինի լից» հայտնի երգը: Ելույթ ունեցան նաև Տողի արվեստի դպրոցի աշակերտները, «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի մասնակից Լիլիթ Ավանեսյանը: Իսկ Շահումյանից եկած պարի խմբի անդամները մասնակցեցին բոլոր պարերին գինու ճզման համար հատկացված տարածքում: Փառատոնի ծրագիրն իր մեջ ներառում էր գինեգործության հնագույն և ինքնատիպ ծիսակատարությունը՝ հատուկ ամանում գինի ճզմել, արցախյան ավանդական ուտեստների հյուրասիրություն, արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք, Տողի Մելիքական ապարանքի տարածքի ուսումնասիրություն, հնագիտական գտածոների ցուցադրություն և, իհարկե, գինի արտադրողների ցուցահանդես-տոնավաճառ:
Առանձին հատված էր տրամադրված մշակութային հիմնարկություններին: Ընթացքում շրջեցի տարածքում, ծանոթացա Դիզակի հզոր մելիքների ապարանքի և տարածքի հետ, եղա 17-18-րդ դարերում կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցում, որը նորոգման ու բարեկարգման խնդիր ունի: Փառատոնում զրուցեցի գինիներ և այլ տեսակի ոգելից խմիչք արտադրող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ: Ցուցահանդես-վաճառքին ներկայացել էին Արցախի շուրջ 24 գինի արտադրողներ և ՀՀ Եղեգնաձորի «Հին կամուրջ»(OLD BRIDGE) գործարանը: Ձեռնարկության տնօրեն Ա. Խալաթյանը տեղեկացրեց, որ հատուկ հրավերով են ներկայացել փառատոնին, բերել են իրենց արտադրանքը, որի հումքը սեփական այգիններում աճող «Արենի» տեսակի խաղողից է: Ձեռնարկությունը գործում է 1998 թվականից, տարեկան արտադրում է 6-8 հազար շիշ գինի, որն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն և սպառվում տեղում: Ասկերանի «Արցախ Բրենդի Կոմպանի» գործարանն արտադրում է տարբեր մրգային ոգելից թունդ խմիչքներ, ցորենի օղի, կարմիր ու սպիտակ գինիներ և 3, 5, 7 10 տարվա հնեցմամբ կոնյակներ: Ունեն 100, երբեմն ավելի աշխատողներ: Բացի Արարատյան դաշտի ծիրանից, մնացած հումքը տեղական է: ՓԲԸ կոմերցիոն տնօրեն Էդ, Պողոսյանը տեղեկացրեց, որ իրենց արտադրանքն արտահանվում է:
Հատուկ Բելգիա է առաքվում Արցախի նռան կարմիր գինին: Տող գյուղում գործող «Անուշ 1» ընտանեկան ՓԲԸ-ն արտադրում է «Կատարո» անվամբ գինի, գործում է 2010 թվականից: Տնօրեն Գ. Ավետիսյանը ասաց, որ հումքն իրենց այգիներին է, խմիչքն արտահանվում է Լատվիա, Ռուսաստանի Դաշնություն և Ֆրանսիա: Քաշաթաղի շրջանից շրջվարչակազմի ղեկավարի տեղակալներ Արտուշ Մխիթարյանի և Արտավազդ Ալեքսանյանի գլխավորությամբ փառատոնին մասնակցում էին Տիգրանավան, Ուռեկան և Վուրգավան համայնքները, իսկ շրջկենտրոն Բերձորը հանդես եկավ Բերձորի արվեստի դպրոցի սաների գեղանկարների ցուցահանդես-վաճառքով, որը ներկայացնում էին շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը և դպրոցի դիզայնի բաժնի ուսուցչուհի Տաթև Բաբայանը: Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը ներկայացել էր հիմնականում գոբելեներով և ավիամոդելներով(միակն է Արցախում): Տնօրեն Իրա Թամրազյանը տեղեկացրեց, որ դպրոցում գործում է 25 խմբակ(նաև՝ նորաձևության թատրոն), բայց քիչ են դասաժամերը: Բացի շրջկենտրոնից, դպրոցը մասնաճյուղեր ունի 5 գյուղերում՝ Տող, Այգեստան, Բանազուր, Քյուրաթաղ և Ազոխ(ընդհանուր աշակերտների թիվը՝ 320): Իրենց գործերով «Մշակութային խաչմերուկ» փառատոնում ճանաչվել են հաղթող և արժանացել դրամական պարգևի, որով, ինչպես նաև ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության օժանդակությամբ ձեռք են բերել անհրաժեշտ նյութեր: Կարևորեց մի հանգրվանք, որ դպրոցի սաներից Մարիամ Ավետիսյանը խուլ-համր է, սակայն ստեղծագործում է, և նրա գործերից «Խնոցի»-ին 30000 դրամով վաճառվեց փառատոնի շրջանակներում կազմակերպվող աճուրդում, որն անցկացրեց Հրանտ Թոխատյանը: Օրվա տպավորությունների մասին զրուցեցի ճանաչված դերասանի հետ:
Կարդացեք նաև
-Շատ բարձր է տրամադրությունս, երբ նայում եմ ամենուրեք ուրախ ու ժպտացող դեմքերին, ուրեմն հաղթել ենք: Իսկ գինու փառատոնն էլ առավել է ներշնչում. Գինին սրբություն է, դեռ Նոյ Նահապետն է այն ըմպել, հավատում եմ արցախցին միշտ հաղթող է մնալու և կծաղկեցնի իր երկիրը:
Գինու փառատոնը հովանավորել են «Արցախբանկ» ՓԲԸ-ն, «Կատարո» գինու գործարանը, Ստեփանակերտի կոնյակի գործարանը, «Պարկ հոթել Արցախ» հյուրանոցը և «Ղարաբաղտելեկոմ» ՓԲԸ-ն:
Զոհրաբ Ըռքոյան