Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե հաշմանդամություն ունեցողի պատրաստածն է, ուրեմն «նաֆսոտա՞ծ» է»

Հոկտեմբեր 17,2015 23:22

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, «Օգնության կամուրջ» բարեգործական հիմնադրամը, «Պողոսյան պարտեզների» և «Լույսի շող» հիմնադրամի հետ համատեղ, Սիրահարների այգում կազմակերպել էր ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որի հասույթը տրամադրվելու է «Օգնության կամուրջ» հիմնադրամի երկու շահառուների՝ զինծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած Գրիգոր Եսայանի և 12-ամյա Նվեր Վիրաբյանի բուժմանը:

«Օգնության կամուրջ» հիմնադրամի նախաձեռնած բարեգործական միջոցառմանն իրենց աշխատանքներով միացել են բազմաթիվ ձեռագործ վարպետներ, ինչպես նաև “Apricot-Armenian Handmade Souvenirs” սոցիալական ձեռնարկությունը:2015-10-17 15.56.44 2015-10-17 15.47.08 2015-10-17 15.23.49

Ձեռագործ վարպետներից Աիդա Հարությունյանը սիրով է համաձայնել մասնակցելու բարեգործական ցուցահանդես-վաճառքին, որովհետև համոզված է, որ ամեն մեկս պարտավոր ենք մեր հնարավորությունների սահմաններում օգնություն ցույց տալու դրա կարիքն ունեցողներին:

«Առաջ, երբ ես գնում էի թոշակ ստանալու, տեսնում էի, որ որոշ մարդիկ իրենց թոշակից որոշակի գումար են փոխանցում ինչ-որ հաշվեհամարի: Հետաքրքրվեցի ու իմացա, որ հիվանդ զինվորներին, բուժման կարիք ունեցող մարդկանց են փոխանցում: Դրանից հետո ես էլ սկսեցի իմ թոշակից երբեմն փոխանցել, որովհետև գիտեմ, որ նրանք դրա կարիքն ավելի շատ ունեն, քան ես»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց տիկին Աիդան:2015-10-17 15.22.35 2015-10-17 15.22.17

Apricot-Armenian Handmade Souvenirs սոցիալական ձեռնարկության ներկայացուցիչ Գայանե Խաչատրյանն ասում է, որ նմանատիպ ցուցահանդես-վաճառքների իրենք էլ են հաճախ մասնակցում. «Մեր աշխատակիցները, որոնք հիմնականում հաշմանդամություն ունեցող երիտասարդներ են, շատ են ոգևորվում, երբ կարողանում են օգնել մարդկանց և հատկապես հաշմանդամություն ունեցողներին: Եթե մարդը խնդիր ունի, պիտի օգնես նրան»,- ասում է նա:

Մեր զրուցակիցը նկատել է, սակայն, որ ոչ միայն շատ չեն այն մարդիկ, որոնք մտածում են ուրիշների կարիքների մասին, այլև կան այնպիսիք, որոնք անգամ իրենց մտածելակերպով են վնասում նրանց. «Վերջին երկու ցուցահանդես-վաճառքների ժամանակ պլակատների վրա նշել էինք, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց գործեր են ցուցադրված: Եվ շատերը մտածում էին, որ եթե հաշմանդամություն ունեցող մարդն է պատրաստել, ուրեմն՝ դրանք գնելով՝ իրենց տուն «նաֆս» են տանում: Ըստ նրանց՝ եթե հաշմանդամություն ունեցողի մասնիկն է, ուրեմն «նաֆսոտած» է: Տատիկներ կային, որոնք իրենց թոռներին արգելում էին դիպչել այդ իրերին, ասում էին՝ կվարակվես: Ստիպված եղանք պլակատները հանել, որպեսզի կարողանանք վաճառել այդ իրերը»,- պատմեց Գ. Խաչատրյանը՝ ընդգծելով, որ մեր հասարակությանը կրթել է պետք. «Գոնե պիտի հասկանան, որ հաշմանդամությունը վարակիչ չէ, ու այդ երեխաների պատրաստած աշխատանքների հետ տանը «նաֆս» չեն տանում: Այդքան սնահավատ պետք չէ լինել»:2015-10-17 15.21.30 2015-10-17 15.21.01

Ձեռագործ վարպետ Զառա Հարությունյանը հասարակության այսպիսի վերաբերմունքն ավելի մոտիկից և ավելի ուժեղ է զգացել. «Քույրս, որն այսօր արդեն մեզ հետ չէ, հաշմանդամություն ունենալու պատճառով ոչ մի կերպ չէր ներգրավվում հասարակության մեջ: Երբ տանից դուրս էր գալիս, նրան ծաղրում էին, չէին խաղում հետը: Բժիշկներն էլ իրենց հերթին էին ծանրացնում նրա վիճակը: Թեև հաշմանդամության կարգ (2-րդ) ուներ, և շատ բաներ նրա համար անվճար պետք է լինեին, բայց ոչինչ անվճար չէին անում: Ավելին՝ կոպտում էին, վիրավորում, նա չէր կարողանում երկար սպասել, բայց ժամերով սպասեցնում էին հերթի մեջ: Ու նա ամեն անգամ վիրավորված ու լաց լինելով էր տուն գալիս. շատ էր ազդվում այդ ամենից»,- մեզ հետ զրույցում հիշեց Զառան:

Նա սիրով է մասնակցում բարեգործական ցուցահանդես-վաճառքների. «Ճիշտ է, ձեռագործությունն իմ աշխատանքն է, ես դրանով եմ ապրում, բայց երբ լսեցի այս ցուցահանդես-վաճառքի մասին, անմիջապես համաձայնեցի մասնակցել, որովհետև քրոջս չկարողացա ոչ մի բանով օգնել, գոնե կարողանամ օգնել մյուսներին, նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, ինչպես քույրս ուներ»:

Մեր զրուցակիցը նկատել է, որ հասարակության վերաբերմունքի մեջ թեև ժամանակի ընթացքում դրական տեղաշարժեր են կատարվել, բայց և այնպես, այսօր էլ հաշմանդամություն ունեցող մարդիկ հասարակության մեջ նեգրավվելու մեծ խնդիր ունեն:

Այսպես է կարծում նաև մասնագիտությամբ տնտեսագետ Գայանե Խլոյանը, որը նույնպես զբաղվում է ձեռքի աշխատանքներ պատրաստելով և շատ ուրախ է, որ ինչ-որ բանով կարողանում է օգնել օգնության կարիք ունեցող մարդկանց:

«Հաշմանդամություն ունեցող մարդիկ պիտի ներգրավվեն մեր հասարակության մեջ ու կարողանան իրենց հասարակության լիարժեք անդամ զգալ»,- ասում է Գայանեն:2015-10-17 15.20.27 2015-10-17 15.20.02

Դրա համար, ըստ նրա, առաջին հերթին անհրաժեշտ է բարձրացնել հասարակության գիտակցությունն ու տեղեկացվածության աստիճանը:скачанные файлы

Մեր զրուցակիցն այս առումով ողջունելի քայլ է համարում անցումը համընդհանուր ներառական կրթության. «Իհարկե, դա նաև իր բացասական կողմերն ունի (օրինակ՝ շատ ուսուցիչներ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու մասնագիտական հմտություններ դեռ չունեն), բայց այդ երեխաների համար շատ կարևոր է, որ իրենք կարողանում են իրենց զգալ այդ հասարակության անդամը, շփվել բոլոր երեխաների հետ, խաղալ, սովորել նրանց հետ»,- նշեց Գ. Խլոյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Grigor Esayan says:

    Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Luysi Shox և Օգնության Կամուրջ` Relief Bridge Foundation հիմնադրամներին, Ebrikot ՍՊԸ-ին, նաև շատ անհատների` Sirik Handmade-ին, Anahit Yengoyan-ին, Վիգեն Դարբինյանին,Էլյային, Գայանեին, G&M Jewelry-ին, Անահիտ Գրիգորյանին Anush Crafts-ին, Handmade by MM-ին, Զառա Հարությունյանին, Արաքս Արմենովնային, Մնաց Բաղդասարյանին, Լիլի Սամվելին, Շուշան Տոնոյանին, Տոմա Դադայանին, Yereqnuk Handicrafts-ին, Գոռ Պարսամյանին, In Company-ին և Art Bijouterie-ին հոկտեմբերի 17-ին Սիրահարների այգում կայացած ցուցահանդես-վաճառքում աշխատանքներ ներկայացնելու համար և դրանով, թեկուզ փոքր չափով, բայց գումարի տեսքով իրենց լուման ներդնելու իմ և 12-ամյա Նվեր Վիրաբյանի բուժման համսր:
    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ բոլորին և բոլորից

  2. Luysi shox says:

    Հաշմանդամությոնը ֆիզիկական արատ է, ֆիզիկական թերություն, բայց ոչ խնդիր կամ խոչընդոտ տվյալ անձի համար իր կյանքը կործանելու համար: Կամքով տոկուն մսրդը պատվով դուրս կգա և այդ փորձությունիցՎ Ց

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031