Հոկտեմբերի 17-ին Arev Art Gallery-ում ցուցադրվեց «Բենիկ Պետրոսյան. հավերժության մեղեդի» ֆիլմը , որը նվիրված է XX դարի երկրորդ կեսի հայ նշանավոր արվեստագետներից մեկի՝ Բենիկ Պետրոսյանի հիշատակին: Ֆիլմը պատրաստել է արվեստագետի կինը՝ Ալիս Ադամյանը, ֆիլմի ստեղծմանը աջակցել է մշակույթի նախարարությունը եւ «Բենիկ Պետրոսյան» մշակույթի կենտրոնը: Օգտագործվել են արխիվային նյութեր: Ֆիլմի նպատակն է ներկայացնել հիրավի հզոր արվեստագետին, որը հայ իրականության մեջ հայտնի է որպես մանրաքանդակի հիմնադիր եւ անգերազանցելի վարպետ, սակայն նրա ստեղծագործական համապատկերը շատ ավելի բազմաժանր է` մոնումենտալ եւ հաստոցային քանդակ, դրվագում, գեղանկարչություն եւ գրաֆիկա, ձուլածո եւ կոփածո, աշխատանքներ, կերամիկա, ձևավորում եւ այլն:
Բենիկ Պետրոսյանը կյանքից հեռացավ 57 տարեկանում, եւ ինչպես ֆիլմում նշվեց, բնությունը հաղթեց նրան, բայց Բենիկ Պետրոսյանն էլ իր հերթին հաղթեց ժամանակին: Ու նա կապրի այնքան ժամանակ, քանի կլինեն բարձր արվեստ ընկալողներ: Իմիջիայլոց ժամանակակիցները նրան բնորոշում են իբրեւ փիլիսոփա, նորարար եւ քանդակագործության մեջ կոմպոզիտոր: Լինելով մեծագույն արվեստագետ, նա միաժամանակ նաեւ համեստագույն մարդ է եղել, իսկ նրա արվեստանոցը ընկալվել է իբրեւ Վերնատուն: Անվանի գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանը ֆիլմում կարծիք է հայտնում, որ Բենիկ Պետրոսյանի նման արվեստագետ մենք այլեւս չենք ունենա, քանի որ նա բացառիկ էր:
Բենիկ Պետրոսյանը միշտ երազել է, որ Երևանում բացվի մանրաքանդակի միջազգային կենտրոն իր ցուցասրահով եւ արվեստանոցներով: «Աշխարհի տարբեր ծայրերից հրավիրվեն քանդակագործներ, աշխատեն, ստեղծագործությունների մի մասը թողնեն Հայաստանին, մյուս մասը տանեն իրենց հետ: Թող ստեղծագործական ժառանգությունս հիմք հանդիսանա այս գաղափարի իրականացման համար: Սա երազանքս է, բայց հույս ունեմ, որ մի օր կիրականանա… »,- մի առիթով ցանկություն է հայտնել նա: Բենիկ Պետրոսյանի ընտանիքն էլ երազում է, որ վերջապես լուծվի նրա թանգարանի հարցը:
Կարդացեք նաև
Արվեստագետի դստեր՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Արեւ Պետրոսյանի նախաձեռնությամբ Բենիկ Պետրոսյանին նվիրված միջոցառումների շարքը կշարունակվի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ