«Ես խմած վախտ ավելի լավ եմ քշըմ», – նման արտահայտություն հաճախ եմ լսել վարորդներից: Ես երբեք ղեկին չեմ նստել՝ ոչ հարբած, ոչ սթափ, բայց որպես ուղեւոր եւ հետիոտն կարող եմ փաստել՝ դա սուտ է: Ալկոհոլը բթացում է զգոնությունը եւ անհարկի, անհիմն ձեւով բարձրացնում է ինքնագնահատականը, մարդիկ սկսում են անել այնպիսի բաներ, որոնք սթափ ժամանակ չեն անի:
Գրողների, արվեստագետների հարբած վիճակում ստեղծագործելու մասին պատմություններին ես հավատում եմ: Հանճարեղ ռուս կոմպոզիտոր Մոդեստ Մուսորգսկին հասուն տարիքում չէր կարողանում աշխատել, եթե դաշնամուրի կողքին չկար մի «գրաֆին» օղի եւ մի ափսե մարինացված փոքր սնկեր: Բայց այդպես նա կարողանում էր երաժշտություն գրել 2-3 ժամ, որից հետո «անջատվում էր»: Ամերիկացի գրող Չարլզ Բուկովսկին, դատելով նրա գործերից, դարձյալ գրելու ժամանակ անմասն չէր մնում Բաքոսի գայթակղություններից: Վերջերս ֆիլիպինցի գործընկերոջիցս իմացա, որ իրենց հրաշալի գրող Նիկ Խոակինը նույնպես ծանր հարբեցող էր:
Հստակ չեմ կարող ասել, թե ինչ էին փնտրում այդ նշանավոր արվեստագետները ալկոհոլի մեջ: Մասնագիտորեն կարող եմ դատել միայն լրատվամիջոցների, կայքերի, ֆեյսբուքի, մեկնաբանությունների «սթափության մակարդակի» մասին: Կարծում եմ, հնարավոր է 99 տոկոս ճշգրտությամբ որոշել՝ տեքստի հեղինակը սթափ վիճակում էր գրում, թե հարբած: Ամենամակերեսային նշաններն են անավարտ նախադասությունները, թեմայի, ասելիքի անհստակությունը, տրանսլիտային եւ մեսրոպատառ բառերի զուգորդումը: Բայց կարող են լինել նաեւ «երկրորդական նշաններ»՝ ամեն նախադասությունից հետո դրվող բազմակետեր, «ինչեւէ» եւ «ի դեպ» բառերի առատ օգտագործում՝ երբ չենք կարողանում հետեւողական, տրամաբանական տեքստ կառուցել, բազմակետերն ու այդ բառերը «փրկօղակ» են հանդիսանում: Ինչպես եւ անսթափ վարորդները, հարբած հեղինակները սկսում են «լիխաչություններ» անել՝ գրել այնպիսի բառեր եւ մտքեր, որոնք սթափ վիճակում իրենց թույլ չեն տա: Ալկոհոլի պրոմիլեներ ստուգելը եւ տուգանելն այստեղ անհնարին է: Պարզապես հենց հեղինակների շահերից ելնելով՝ չվարկաբեկվելու համար առաջարկում եմ «քեֆը լավ» վիճակում համակարգչի առաջ չնստել՝ «լեզուն փաթ ընկնելը» տեքստերից զգացվում է:
Իհարկե, լինում են մարդիկ, որոնք մշտապես են հարբած, բայց ոչ թե ալկոհոլից, այլ ատելությունից եւ չարությունից: Այս դեպքում որեւէ բան չեմ կարող առաջարկել:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Երբ ձեզ տալիս են ՀԱՐՑԵՐ, փորձեք պատասխանել, ոչ թե՝ կախվեք փրփուրներից…
Եթե դիմացինը խմած է, նարկոման, տառապում է տարբեր բաներով… առավել հեշտ պետք է լինի՝ ցույց տալ նրա տրամաբանական սխալները, ինչը դուք չեք անում…
Ի դեպ… բազմաթիվ հարցեր եմ տվել, որոնց, ոմն Ա. Աբրահամյան չի պատասխանում… ժամանակ չունի..)))..
Ինչևէ… Տալիս եմ մեկ ՀԱՐՅ…
Հւմա ես սթափ եմ, թե խմած?..)))..
(Սպասում եմ՝ 99% ճշտությամբ պատասխան..)))..)։