«Հայաստանի Հանրապետություն». այսպես է կոչվում պատմաբան Սամվել Հակոբյանի նոր՝ 11 հատորանոց հանրագիտարանը, որում Հայաստանի բոլոր մարզերն են՝ առանձին բնակավայրերով. մոտ տասը հազար լուսանկարներ, եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) ամփոփ տեղեկատվություն:
Մասամբ ընդգրկված են նաև Կիլիկյան Հայաստանն ու Արցախը: Աշխատությունը ներկայացնում է ոչ միայն գրանցված ու հանրությանը հայտնի հուշարձանների հարուստ ցանկ, այլև արժեքավոր, սակայն անհայտ հուշարձաններ, թանգարաններ, տվյալ բնակավայրում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող գործարաններ և այլն:
Հեղինակ Սամվել Հակոբյանը տեղեկություններն սկսել է հավաքել 1981 թվականից, և վերջին մեկ տարվա ընթացքում որդու՝ Արտեմ Հակոբյանի հետ գիրքը պատրաստել տպագրության։
11 հատորանոց հանրագիտարանի հազար օրինակները կարող են համալրել յուրաքանչյուրիս գրադարանը, սակայն հեղինակի ցանկությամբ դրանց առաջին հասցեատերերը կլինեն կրթօջախներն ու հայկական զորամասերը. «Ներկայիս սերնդի մշակութային տեղեկացվածության մակարդակը բավականին ցածր է: Եվ մենք որոշեցինք ստեղծել այնպիսի մի հանրագիտարան, որն ընդգրկի ամբողջ Հայաստանը, ինչը հնարավորություն կտա աշակերտներին, ուսանողներին Հայաստանի ամբողջ պատմության մասին տեղեկատվությունն ունենալ իրենց սեղանին` նպատակ ունենալով նաև ամբողջ աշխարհին ճանաչելի դարձնել Հայաստանի պատմությունը»,- ասում է Ս. Հակոբյանը՝ նկատելով, որ այդ գիրքը նաև մշակութային ժառանգությունը ներկայացնող գիրք-փաստաթուղթ է, որը փաստում է, թե որ ժողովուրդն է ապրում տվյալ տարածքում. «Ես որոշեցի ստեղծել մեր երկրի պատմամշակութային անձնագիրը, որպեսզի յուրաքանչյուր մարդ, կարդալով այս գիրքը, պատկերացում կազմի մեր երկրի մասին»,- ասաց Ս. Հակոբյանը:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ