Թուրք գրող Քեմալ Եալչընի հեղինակած 25 գրքերի ճնշող մասը նվիրված են հայերի, հույների և ասորիների նկատմամբ թուրքերի կողմից իրականացված ջարդերին, մասնավորապես՝ «Հոգիս ձեզմով կխայտայ» փաստավավերագրական գիրքը ներկայացնում է Անատոլիայի գյուղերում գաղտնի ապրած, իրենց կամքին հակառակ կրոնափոխ եղած հայերին, որոնց փնտրել ու գտել է հեղինակը, գրի առել նրանց պատմածները: «Գրքի ստեղծման պատմությունը հեշտ չի եղել»,-պատմում է հեղինակը:
«Ես իմ ամբողջ կենսագրականիս՝ նախակրթարան, դպրոց, համալսարան, ուսումնական ժամանակահատվածում երբևէ չեմ լսել Հայկական հարց, Ցեղասպանություն և այլն: Թուրքիայում այժմ էլ պատմության դասագրքերում պատմությունն այսպես է ներկայացվում. «դավաճան հայերը թուրք ազգին թիկունքից հարվածեցին և դաշունահարեցին»: Սա է թուրք երեխաներին սովորեցրածը»,-պատմում է թուրք գրողը: Ասում է, որ պատմությունից լավ գնահատականներ է ստացել, բայց երբևէ չի լսել ասորի, քաղդեացի, եզդի և այլ ազգերի մասին: «Այս անունները լրիվ Եվրոպայում եմ լսել-սովորել՝ 50 տարեկանում»:
«Ինչպես որ Խորհրդային ժամանակաշրջանում՝ գրեթե մինչև 1965թ.-ը, Ցեղասպանության հիշատակումը, մինչև 50-ամյակի առթիվ ժողովրդի ինքնաբուխ փողոց դուրս գալը, արգելված էր, հայ ազգը չէր կարողանում իր այդ տառապանքը, սուգը ապրել լիարժեքորեն, այդպես էլ Թուրքիայի հանրապետությունում երբևէ թույլ չեն տվել այս թեմայով որևէ բան իմանալ, դա տաբու է եղել»,-պարզաբանում է Քեմալ Եալչընը:
Հեղինակն իր «Հոգիս ձեզմով կխայտայ» գրքի ծնունդը հետևյալ իրողության հետ է կապում: «Իմ գյուղը Դենիս Լի քաղաքի Հոնազ շրջանում էր, Աստվածաշնչյան Քլոսիան է այն վայրը, որտեղ ես ծնվել և մեծացել եմ: Իմ ողջ մանկությունն անցել է այն ավերակների մեջ, որ քրիստոնեական հզոր մշակույթը ներկայացնող քաղաքում են եղել»: Ասում է՝ մանկության տարիներին հարազատ պապիկից և տատիկից շատ է լսել հույների ջարդերի մասին, թե ինչպես տեղի բնիկներ հանդիսացող հույները ջարդվեցին, ոչնչացվեցին, բռնաբարվեցին և վտարվեցին իրենց իսկ բնօրրանից: «Իմ գյուղում յուրաքանչյուր մարդ գիտի, որ մի թուրքը որ մի հույնի ինչքը, գույքը բռնազավթել է: 1920թ.-ին իմ գյուղի ողջ հույն բնակչության տղամարդիկ մի գիշերվա մեջ ոչնչացվել են»,-պատմում է թուրք մտավորականը: Գաղթի ճանապարհը բռնելուց առաջ իրենց դրկից Մինողլուների ընտանիքը՝ ազգությամբ հույն, երկու մեծ կապոց՝ իրենց երկու աղջիկների օժիտները որպես ամանաթ թողնում են և փախչում՝ ջարդից խուսափելու համար: «Իմ մեծ հայրը այդ երկու օժիտը ուղիղ 76 տարի առանց ձեռք տալու, առանց բացելու պահպանեց՝ իբրև սրբություն իր տան մեջ»:
Պապ ու տատի մահվանից հետո ծնողները Քեմալին հորդորում են գնալ Հունաստան, գտնել այդ ընտանիքին և հանձնել իրենց իրերը: «Ես Հունաստանում առաջին անգամ իմացա, թե ինչպես են իմ երկրում ինձ խաբել»:
94թ.-ին այցելելով Հունաստան՝ գտել է այդ ընտանիքին: Փնտրելու ժամանակ հանդիպել է նաև Կեսարիայի, Կապադովկիայի շրջանի հույներին, ովքեր ապրել են հայերի հարևանությունը: Այդ հույներից մեկն էլ հենց մի տաժանակիր վկայություն է փոխանցել, համաձայն որի, ինքը իր աչքով տեսել է, թե ինչպես կողքի հայկական գյուղի հոգևորականին թուրք բաշիբոզուկները կացնի հարվածով երկու կես են արել:
«Չհավատացի…ասեցի, չէ իմ պապերը նման բան արած չեն լինի հաստատ»: Այդժամ հույնը հորդորել է . «եթե չես հավատում գնա ման արի, ծերերից հարցրու՝ ինչքան հայ և հույն աղջիկներ փախցրեցին, ամուսնացան նրանց հետ, բռնի իսլամացրեցին, իրենք ականատես են եղել, այդ ամենը կհավաստեն»:
«1998թ.-ին վերադառնալով Արևմտյան Հայաստան և Անատոլիայի տարբեր հատվածներ սկսեցի ինքս 1915թ.-ի հետևանքով որբացած մարդկանց որոնել»,-հիշում է հեղինակը: Այստեղից էլ ահա պատմական ձևափոխված իրողությունները բացում են Քեմալի աչքերը:
Բայց սեփական պատմության մութ էջերը բացահայտելուն փորձում են միջամտել հարազատները: «Ամբողջ իմ գերդաստանը՝ եղբայրս, քույրս, քեռիս, հորեղբորս զավակները ասում էին կրակի հետ ես խաղում, Հայկական հարցը հունական հարցի նման չի, դա շատ ավելի վտանգավոր բան է, չկպնես, կրակ է, կվառի: Միայն մայրը դեմ չի եղել Քեմալի դիրքորոշմանը, ասելով« Գնա տղաս, իրագործի՛ր մտադրվածդ, դա առաքելություն է: Իմ գլխացավերի անցկացման համար ես պարտական եմ մի հայ կնոջ, ով այրիանալուց հետո տանը երբեք լույս չէր վառում»: Այս կինն է, որ Նարեկ կարդալով բուժել է հեղինակի մոր գլխացավը:
Հեղինակի որոնումներին նոր ազդակ են տալիս նաև Մելինեի վեց տարվա հորդորները: Որպես վտարանդի՝ Քեմալ Եալչընը իբրև ուսուցիչ պետք է աշխատեր Գերմանիայում: «Այստեղ Մելինե անունով մի հայուհի 150 թուրքի, այդ թվում և ինձ, թուրքերեն դասավանդել է սովորեցրել: Նրա հորդորով նաև ես սկսեցի սեփական հետաքննությունս այժմյան Թուրքիայում՝ հանդիպելով և հարցազրույցներ ունենալով 15թ.-ից մազապուրծ հայերի, ցեղասպանություն իրականացրած թուրքերի և քրդերի հետ», այդ ամենի արդյունքում էլ ծնվեց «Հոգիս ձեզմով կխայտայ» գիրքը: Մինչ այժմ ներկայացվածը տեղ են գտել ինչպես գրքի, այնպես էլ համանուն ներկայացման մեջ:
Հեղինակի խոսքով սկսած 1990թ.-ից՝ արդեն 25 տարի, զբաղվում է Հայկական հարցի խնդրով, բայց Հայաստանում առաջին անգամ է: Չնայած այս հանգամանքին՝ իրեն հարազատ միջավայրում է զգում: « Հոկտեմբերի 11-ին առաջին անգամ եկա Հայաստան, և կարծես հարազատ ծննդավայրում լինեմ, շատ խաղաղ ու անդորր հոգեվիճակ ունեմ: Մտածում եմ, որ դարեր ի վեր կողք կողքի ապրող երկու ժողովուրդները նաև նմանություններ ունեն»:
Թուրք գրողը մինչ այժմ հրատարակել է միայն հայությանը վերաբերող արդեն 5000 էջ: Հեղինակի գրքերը թարգմանվել են աշխարհի 10 լեզվով, բայց այս ամենը հայ ազգի կրած տառապանքի օվկիանոսում ընդամենը մեկ կաթիլ է: «Այդ աղետը ոչ միայն յուրաքանչյուր հայի, այլև մեր բոլորի ցավն է, Ձեր ցավը իմ ցավն է, հենց այս պատճառով եմ ես գրում: Որպես թուրք մտավորական ես շարունակելու եմ այս առաքելությունը, որովհետև այս Ցեղասպանության մեղավորները մենք ենք: Եվ եթե մենք չառերեսվենք այդ արյունալի պատմության հետ, չպահանջենք հաշիվ, սրանով թույլ կտանք նորանոր ցեղասպանություններ»,-եզրակացնում է Քեմալ Եալչընը:
Գոհար Մովսիսյան
Դու հլը լավ ա Հունաստանում իմացար, թե ոնց են քեզ խաբել քո երկրում: Մենք ոչ մի տեղ չենք կարողանում իմանալ, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր հետնորդներդները ոնց են խաբել ու շարունակում խաբել մեզ: