Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց Հնչակյան կուսակցության 10-րդ համագումարը

Հոկտեմբեր 17,2015 13:02

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպությունը հոկտեմբերի 17-ին գումարում է իր 10-րդ համագումարը: Համագումարի բուն աշխատանքները կկայանան փակ նիստերի ընթացքում, իսկ մինչ այդ այն մեկնարկեց հանդիսավոր արարողությամբ:

Համագումարի ընթացքում ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանն ասաց, որ համագումարը կազմակերպված է տագնապալի օրերի ընթացքում. «Այսօր աշխարհում ստեղծվել է մի պայթյունավտանգ իրավիճակ, եւ հաշվի առնելով մեր տարածաշրջանի առանձնահատկությունները` այդ մարտահրավերները ուղղակի առնչվում են մեր երկրին՝ Հայաստանի Հանրապետությանը: Ներքին եւ արտաքին անկայուն իրավիճակը շատ մոտ ապագայում կարող է բազմաթիվ հարցականներ դնել մեր պետության եւ մեր ժողովրդի առջեւ, որին մեր կարծիքով՝ մենք դեռ պատրաստ չենք»:

Նա անդրադարձավ նաեւ Մերձավոր Արեւելքի իրավիճակին՝ որակելով այն աշխարհաքաղաքական առումով շատ վտանգավոր իրավիճակ, որը ըստ նրա առաջիկայում  կարող է այրել նաեւ Հայաստանի դարպասները. «Ռուսաստանի սկսած օդային հարվածները Սիրիայում ԴԱԻՇ կոչվող ահաբեկչական շարժման ուղղությամբ, Իրանի ցամաքային գործողությունները Հալեպի մատույցներում, ԱՄՆ-ի եւ իր կոալիցիոն գործընկերների դիրքորոշումն այս հարցում, վերջապես Թուրքիայում քրդական  գործոնի կրկին ակտիվացումը վերջնականապես խառնել են ուժերի հավասարությունը: Այս իրավիճակում հստակ չէ, թե քրդական գործողություններն արդյոք չեն հանգեցնի՞ աշխարհի քաղաքական քարտեզի վրա մի նոր դե յուրե կամ դե ֆակտո սուբյեկտի ստեղծմանը, որը նաեւ կարող է լինել մեր պատմական հայրենիքում, այն հողերի վրա, որը համարվում է մեր ժողովրդի բնօրրանը եւ որտեղից մենք մասամբ հեռացել ենք, ինչո՞ւ մասամբ, որովհետեւ չպետք է մոռանալ ծպտյալ կամ Իսլամ ընդունած հայերի մասին, եւ հեռացել ենք ցեղասպանության հետեւանքով, որը մինչեւ այժմ պաշտոնական Անկարայի ժխտողական քաղաքականության հիմնական մեխն է կազմում: Բացի այդ եւ թերեւս, ամենակարեւորը, Ադրբեջանի արկածախնդիր պահվածքն է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններին: Իհարկե՛, մինչեւ այսօր մեր բանակը տվել է պատշաճ եւ ճնշող դեպքերում՝ անհամաչափ պատասխան, սակայն պատերազմի վերսկսման ամենօրյա վտանգը նույնպես առկա է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031