ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ֆեյսբուքյան իրն էջում գրել է. «Որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անխոնջ երկրպագու չեմ կարող չարտահայտվել վերջին օրերին ծավալվող պղտոր ու անպատվաբեր քննարկումների շուրջ.
1. Եվրո 2016-ում մեր հավաքականն, անշուշտ, կատարելապես ձախողվել է. արդյունքներն ինքնին խոսուն են՝ այն վատագույնն էր ընտրական ցիկլերում մեր հավաքականների երբևէ գրանցած արդյունքների մեջ: Ուստի հավաքականի տղաները, մարզչական շտաբը, ֆեդերացիան, երկրպագուները՝ բոլորս, լիուլի վաստակել են սուր քննադատության ենթարկվելու իրավունքը: Այդ իրավունքը կրկնապատկվում է, եթե ի նկատի ենք առնում այն, որ հավաքականի այս կազմը, խաղացողների անհատական որակներով պայմանավորված, որպես ամբողջություն, լավագույնն է մեր հավաքականների պատմության մեջ:
2.Ո՞րը պետք է լինի, այդուհանդերձ, այսօր հնչող քննադատությունների իրական մոտիվացիան ու նպատակակետը: Վստահաբար՝ Աշխարհի առաջնության գալիք ընտրական ցիկլը, երբ վիճակահանությամբ հայտնվել ենք մի զամբյուղում, որն իրական հնարավորություններ է տալիս առաջին անգամ նվաճելու այդ բաղձալի ուղեգիրը՝ իրականացնելու ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ: Այո՝ տալիս է, և մեր հավաքականը ունակ է լուծելու նման խնդիր :
Ուրիշ ոչ մի մոտիվացիա՝ անձնական վերաբերմունք Սարգիս Հովսեփյանի, ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյանի կամ առանձին ֆուտբոլիստների հասցեին, անընդունելի զազրախոսություն է, որի իրական նպատակը ոչ այլ ինչ է, եթե ոչ կեղտոտ ջրում ձուկ որսալու կամ անձնական քաղաքական, կիսաքաղաքական կամ բոշայական հաշիվներ պարզելու անընդունելի նպատակադրում՝ ձեռքի հետ մրոտելով հայկական ֆուտբոլն ու Հայաստանի Հանրապետության սպորտային համբավը և որ ավելի վտանգավոր է՝ վտանգելով ջարդել հավաքականի տղաների կամային որակներն ու կասկածամտություն սերմանել նրանց մեջ՝ գալիք ընտրական ցիկլին ընդառաջ:
Կարդացեք նաև
Մի՞թե չենք հասկանում, որ հավաքականի տղաների մեծ մասը պատանիներ են, որոնց հոգեբանորեն կոտրելը կարող է ուղղակի անդառնալի ազդեցություն ունենալ նրանց, ուստի՝ ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ապագայի համար:
3.Մի՞թե այդքան միամիտ ենք մենք, որ չենք հասկանում, որ Ալբանիայի հետ հանդիպումը «տալու» վերաբերյալ խոսակցությունները ունեն սերբական ծագում, թեև չեմ բացառում նաև հայկական-սերբական տարբերակը, և որ սերբերը, հայտնի պատճառներով, այդպես էլ կանեին՝ մրոտելու Ալբանիայի հավաքականին, որը փառահեղ ու օրինակելի ճանապարհ հարթեց դեպի Ֆրանսիա: Մնացած շահարկումները մամուլում, այդ թվում տեղական, ինչպես սովոր ենք, առանձին անհատների սեփական մանր հաշիվներն են, իրականացված ու չիրականացված ամբիցիաների, մեռած ու դեռևս կենդանի երազանքների դրսևորում, որը ոչ մի ընդհանրություն չունի հավաքականի հետագա անելիքների, թույլ տրված սխալները ապագայում բացառելու ու այս ամենից առավել ուժեղացած դուրս գալու նպատակի հետ:
4.Թողնենք Ալբանիայի հետ տնային իսկապես անատամ հանդիպման մեր գնահատականները ու այն, որ, թեև հանդիպումը սպորտային որևէ հետաքրքրություն չէր ներկայացնում, սակայն մարզադաշտից բոլորս հեռացանք՝ մեր ազգային արժանապատվությունը վիրավորված, ու պատասխանենք մի հարցի: Ինչպե՞ս ստացվեց, որ մենք սկսեցինք կասկածել, որ ազգային հավաքականի տղաները, ումով հպարտանում ենք բոլորս, ում անուններով մարդիկ անվանակոչում են իրենց երեխաներին, ովքեր առանց նյութական սպասելիքների՝ բազմիցս կռիվ են տվել մեզ ուրախացնելու ու հայկական ֆուտբոլի անունը բարձր պահելու համար, ովքեր մերժել են շատ ավելի ուժեղ հավաքականներում հայտնվելու իրական հեռանկարը, չխնայելով իրենց առողջությունն ու որոշ դեպքերում հարցականի տակ դնելով իրենց ակումբային ու ընդհանրապես ֆուտբոլային կարիերան, կարող են անգամ մտքի ծայրով անցկացնել՝ ուրանալ սեփական ու ազգային արժանապատվությունը:
Այդ ո՞ր մի խելոքի մտքով է անցնում, որ ֆուտբոլում հնարավոր է «խաղ տալ», այն էլ երեք-չորս հոգով ու մասնագետների կամ ֆեդերացիայի աչքից աննկատ մնալ: Ո՞ր մի խելոքն է մտածում, որ «տված խաղն» ավարտվում է խոշոր ու չոր հաշվով: Վստահ եմ, որ պատկան մարմինների կողմից կլինեն համապատասխան եզրակացություններ, որոնք վերջ կդնեն նման ամոթալի խոսակցություններին: Եվ դա պետք է արվի հնարավորինս շուտ: Հատուկ չեմ անդրադառնում շրջանառվող մեկ այլ անտրամաբանական ու երկչոտ կիսաենթադրության, որ հանդիպումը կարող էր «տված լինել» ֆուտբոլի ֆեդերացիան: Ինչպե՞ս: Ինչպե՞ս եք ենթադրում, մի՞թե ֆեդերացիայի նախագահը, որ վստահաբար, շատ ավելին է արել այդ հավաքականի համար, քան որևէ մեկը, կարող էր իրեն թույլ տալ իր խաղացողներին առաջադրել՝ «տալ խաղը»: Այդ ինչպե՞ս եք պատկերացնում, որ հավաքականի խաղացողը «հանձնարարությամբ խաղ տա» ու ապագայում չմտածի, որ մի երկու անգամ էլ այն կարելի է դա անել անհատապես ու առանձ < հատուկ հանձնարարության>: Հավանական չէ՞ արդյոք, որ նման «բազարային» մտածողության պարագայում առավել տրամաբանական կլիներ «խաղը տալ» դանիացիներին՝ հաղթելով ալբանացիներին, փոխարենը «պատասխան խաղ ստանալ» դանիացիներից՝ գալիք ընտրական ցիկլում, որը օդուջրի նման անհրաժեշտ կլիներ մեր հավաքականին:
5.Մամուլում շրջանառվող ենթադրությունները, խոսքը արժանի քննադատության կամ այն պահանջների մասին չէ՝ կապված մարզչական անհրաժեշտ փոփոխությունների, հավաքականում նախկինում առկա մթնոլորտի ու բացառիկ նվիրումի մթնոլորտի վերականգնման հետ, իրականում մեկ խնդիր են լուծում…. գալիք ընտրական ցիկլին ընդառաջ բարոյալքում են հայկական ֆուտբոլն ու ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ, տղաների, երկրպագուների շրջանում սերմանում կասկածամտութան մի որդ, որը կարող է ապագայում ամեն ինչ խժռել: Ուրիշ ոչինչ: Ուստի, նման իրավիճակում, հավաքականի նկատմամբ մեր սերը պետք է դրսևորվի՝ նրան հանդեպ նորոգված հավատով ու նման ամոթալի խոսակցությունները աղբարկղ նետելով:
6.ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ: Ու որպեսզի այդ լավատեսությունը չթվա խաբկանք և՛ ֆուտբոլի ֆեդերացիան, և՛ մարզչական շտաբը, և՛ մենք՝ երկրպագուներս, և՛ որ առավել կարևոր է հավաքականի տղաները իրենք պետք է միասնաբար արտահայտվեն, վերահաստատեն, բոլորիս գիտակցության մեջ ՄԵԽԵՆ իրենց կամքը՝ Հայաստանը տանելու 2018 թ. Աշխարհի առաջնություն: Սա կլինի միակ արժանի ու համարժեք պատասխանը՝ նման ամոթալի խոսակցությունների հեղինակներին, դրանք հրահրողներին ու տարածողներին»: