Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին ԽՍՀՄ երկրներից գնաճն Հայաստանում ամենացածրն է. «Ազգ»

Հոկտեմբեր 17,2015 12:32

Հայաստանում գնաճի մակարդակը ամենացածրն է նախկին ԽՍՀՄ երկրների համեմատությամբ: Այդ երկրների ազգային վիճակագրական ծառայությունների, Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կայքում, 2015-ի օգոստոսին հուլիսի համեմատ Հայաստանում գնաճը կազմել է 0,1 տոկոս, այն դեպքում, երբ Ռուսաստանում այն կազմել է 0,4 տոկոս, Բելառուսում` 0,2 տոկոս, Ղազախստանում եւ Ղրղըզստանում` 0,3-ական տոկոս, Մոլդովայում` 2,9 տոկոս, Վրաստանում` 1 տոկոս, Տաջիկստանի տվյալները բացակայում են, իսկ Ուկրաինայում գրանցվել է 0,8 տոկոս գնանկում: Սակայն Ուկրաինայում վերջին տարիներին գնաճի ցուցանիշները ահռելի են, որոնք երեւում են դեկտեմբերի համեմատ այդ երկրում գնաճի ցուցանիշներից:

Այսպես, եթե դեկտեմբերի համեմատ Հայաստանում օգոստոսին արձանագրվել է 2,1 տոկոս գնանկում , ապա Ռուսաստանում 9,8 տոկոս գնաճ, Բելառուսում` 7,8 տոկոս, Ղազախստանում` 1,8 տոկոս, Ղրղըզստանում` 0,1 տոկոս, Մոլդովայում` 8,2 տոկոս, Տաջիկստանում` 3,2 տոկոս գնաճ, իսկ ահա Ուկրաինայում` 38,2 տոկոս: Վրաստանի վերաբերյալ այս տվյալը բացակայում է:

2014-ի դեկտեմբերին էլ 2013-ի դեկտեմբերի համեմատ Հայաստանում արձանագրված 4,6 տոկոս գնաճի դիմաց Ռուսաստանում գնաճը կազմել էր 11,4 տոկոս, Բելառուսում` 16,2 տոկոս, Ուկրաինայում` 24,9 տոկոս, Ղազախստանում` 7,4 տոկոս, Ղրղըզստանում` 10,5 տոկոս, Մոլդովայում` 4,7 տոկոս, Տաջիկստանում` 7,4 տոկոս եւ միայն Վրաստանում` 2 տոկոս:

Ի՞նչ են ասում վերոնշյալ ցուցանիշները, բացի նրանից, որ գնաճի մակարդակը մեր երկրում այս տարվա առաջին ութ ամիսներին ամենացածրն է եղել թվարկված երկրների համեմատ:

Նախ փաստենք, որ այս ցուցանիշները ինքնին վկայում են, որ բնակչության մոտ ձեւավորված տեսակետները Հայաստանում բարձր գնաճի մասին, իրականությանը չեն համապատասխանում: Խնդիրը թերեւս այլ է, շատերի եկամուտներն են ցածր ներկայումս ձեւավորված գների համեմատ: Ինչն էլ լուծելի է ոչ թե գները անփոփոխ պահելու, այլ բարձր տնտեսական աճի պարագայում միայն: Ներկայումս Հայաստանում 12 ամսյա գնաճի ցուցանիշը գտնվում է ԿԲ սահմանած 4 տոկոս +- 1,5 տոկոս միջակայքից էլ ցածր: Մասնավորապես, այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ գնաճի ցուցանիշը 3,3 տոկոս է:

Ա. Մ.

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031