Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ն իրականում արդարացրել է Փերինչեքին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 17,2015 12:10

«Փաստորեն, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում որոշակի հաջողությունների ենք հասել, սակայն ՄԻԵԴ-ն  այս առումով լուրջ հարված հասցրեց: Այսուհետեւ ցեղասպանության ժխտումը քրեականացնող որոշում ընդունելիս մյուս երկրները հաշվի կառնեն ՄԻԵԴ-ի որոշումը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք,  որ հոկտեմբերի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը, որով սահմանվում է  Փերինչեքի նկատմամբ Շվեյցարիայի օրենսդրությունը ճիշտ չի կիրառվել: Որպես երրորդ կողմ հանդես եկող Հայաստանը պահանջել էր, որ վճռից հանվեն այն արտահայտությունները, որոնք ինչ-որ չափով կարող են կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը: ՀՀ պահանջները բավարարվել էին:

Թուրքագետի խոսքով՝ ՄԻԵԴ-ի որոշումն իրականում վնաս է Հայաստանի եւ առհասարակ հայկական սփյուռքի համար. «Խնդիրն այն  է, որ Հոլոքոստի ժխտողականությունը պատժելը ՄԻԵԴ-ը խախտում չի համարում, բայց Հայոց ցեղասպանության ժխտումը պատժելը համարում է խոսքի ազատության ոտնահարում: Այսուհետեւ եթե որեւէ  մեկը ժխտի ցեղասպանությունը, Շվեյցարիան օրենքով կպատժի, ՄԻԵԴ-ն էլ իր հերթին կպատժի Շվեյցարիային: Այս տեսանկյունից ՄԻԵԴ-ն արդարացրել է Փերինչեքին: Հիմա նա կարող է գնալ Շվեյցարիա եւ հանգիստ արտահայտվել, մինչդեռ եթե ժխտում ես որեւէ ցեղասպանություն, ուրեմն խրախուսում ես մարդկության դեմ կատարված հանցագործությունը»:

Հակոբ Չաքրյանը չբացառեց Թուրքիայի կողմից ՄԻԵԴ-ին կաշառելու փաստը: «Թուրքիան միշտ կաշառում է»,-ասաց նա՝ միաժամանակ չցանկանալով ՄԻԵԴ-ին մեղադրել կաշառակերության մեջ:

Հիշեցնենք, որ Շվեյցարիան 2005թ. առաջինը հանդես եկավ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենսդրական նախաձեռնությամբ: Թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքը Հյուսիսային Կիպրոսի նախագահի հետ ստեղծեց «Թալեաթ փաշա» կոմիտեն՝ հանդես գալով «ցեղասպանությունը միջազգային սուտ է» կարգախոսով: Փերինչեքը ստիպված եղավ երկրից հեռանալ: 2006 թվականին Եվրախորհրդարանը Թուրքիայից պահանջեց ցրել կոմիտեն: Պահանջը չկատարվեց, սակայն Փերինչեքը ձերբակալվեց: 2011 թվականին կալանքից ազատվեց եւ շարունակեց գործունեությունը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031