Հարցազրույց գրող ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ հետ
-Մամուլի մասին խոսելիս ավագ սերնդի`խորհրդային տարիների լրագրողները խոր հոգոց են քաշում, թե՝ շատ բան է փոխվել, նախկինում չնայած «ցենզուրա» կար, բայց դրականը շատ էր, մինչդեռ գրաքննություն չկա, ունենք ազատ մամուլ, բայց այն շատ ավելի վատն է: Ի՞նչ է ստացվում. «գլավլիտից» դեպի ազատ մամուլ ճանապարհին մենք մի շատ կարեւոր բա՞ն ենք կորցրել:
շ-Ես չեմ ուզում միանշանակ ասել` կորցրե՞լ ենք, թե՞ շահել, որովհետեւ կարող եմ հիմնավորել ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը: Հավանաբար զսպանակի ֆենոմենի հետ գործ ունենք. երկար ժամանակ սեղմված է եղել, հետո բաց են թողել, բայց այն իր հնարավորությունից ավելին է բացվել: Եվ այդ ավել բացվելն անպայմանորեն հանգեցրել է անցանկալի որակների: Ազատ խոսք հռչակվեց, ազատ խոսքով ապրում ենք…
Բայց ինձ մտահոգողը դա չէ, որովհետեւ դա կանցնի: Ես էլ լավատեսների պես ասեմ` ոչինչ, անցման շրջան է, սա էլ կանցնի: Ինձ ավելի շատ անհանգստացնում է այն, ինչի մասին ասացիր` մի կարեւոր բան կորել է: Ես երկար ժամանակ է, որ գրեթե մամուլ չեմ կարդում, անհրաժեշտը վերցնում եմ համացանցից:
Կարդացեք նաև
Մամուլն այսօր ոչ թե չափից ավելի ազատ է, այլ դարձել է միակողմանի: Ախր, մեր կյանքն ինչքան էլ անհետաքրքիր թվա, ամեն դեպքում շատ ավելի բազմերես է, բազմակողմ:
-Մինչդեռ մեր մամուլը միայն «սեւ»-ի ու «սպիտակ»-ի մեջ է:
-Ոչ միայն որակի իմաստով է «սեւ» ու «սպիտակ», այլեւ թեմաների, նեղացել են թեմաները: Ես աշխատել եմ «Ավանգարդում», «Գրական թերթում», թղթակցել եմ նաեւ այլ թերթերում: Թեպետ խորհրդային մամուլն աշխատում էր ռեժիմի պայմաններում ` «ցենզուրայի» տակ էր, բայց մենք կյանքն ավելի լայն էինք վերցնում. մամուլում ե՛ւ մշակույթ կար, ե՛ւ գրականություն, ե՛ւ քաղաքականություն:
Իսկ այսօր գերակշռող է դարձել միայն քաղաքականությունը, բոլորը դրանով են զբաղված, անգամ նրանք, ովքեր տհաս են ու քաղաքականությունից չեն հասկանում: Բայց կյանքը հո միայն քաղաքականություն չէ, այնքան հարցեր, խնդիրներ կան, պարտադիր չէ, որ անպայման «սեւ» ու սպիտակի վրա գնանք, պարտադիր չէ, որ անընդհատ «սեւ»-ը ցույց տանք:
Նախկին մամուլը կյանքը լայն էր վերցնում: Ես կարոտում եմ նախկին մամուլը ոչ թե գաղափարի համար, այլ, որ այդ մամուլի թեւերը լայն բացված էին: Այ, սա ենք կորցրել:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: