Լրահոս
Օրվա լրահոսը

Վերնագիր

Հոկտեմբեր 17,2015 14:30
merujan Ter-Gulanyan

Մեծ աշխարհից հեռու` Ջավախքի մեր Գոման անտեղյակ եւ անդղյակ գյուղի համար Գագարինը նույնպես առաջին անգամ թռավ տիեզերք:

Այդ ժամանակ ես դեռ փոքր էի, բայց իմ ընկերների հետ հավաքվում էինք գյուղամիջում` զրուցող մեծերի շուրջ, որ լսենք նրանց, հասկանանք՝ դա վա՞տ է, թե՞ լավ, եւ չլինի՞ հանկարծ այնպես պատահի, որ տիեզեքը նվաճելու ցանկության հետեւանքով Երեւան տանող ճանապարհը փակվի, ուր մենք ուզում էինք գնալ` կրթություն ստանալու:
Բանավեճերի մանրամասները հիմա չեմ հիշում, բայց մի բան մեկընդմիշտ տպավորվեց իմ մեջ, երբ Մկոնուն Շահենը` ոչ այն է կատակով, ոչ այն է բանավեճը եզրափակելով, ասաց զարմանալի մի բան. Էս մարդ արարածը էնքան պիտի ամեն ինչ խառնի իրար, որ Աստված կնիկ երեխեն առնի ու փախնի երկնքից…

Հետո արդեն, ինչպես ամեն գարնանամուտին, սկսվեց ցանքսի եւ բերքի հավերժական զրույցը, եւ մեղավորները դարձյալ Օվեսն ու Թեւանն էին, որոնք իրենց արտերից եռակի բերք էին ստանում, քան մնացած գյուղացիները:
Եվ ապրիլյան տաք, շնկշնկացող իրիկնամուտին իրեն մեղադրող հավաքվածներին Օվեսը, լայն ժպիտը դեմքին, բարի հորդորողի կերպով, ասում էր.
– Ինչո՞ւ եք նեղանում, որ շատ բերք ենք ստանում, փտած ցորեն ու փտած կարտոլ մի ցանեք. ինչ ցանեք, այն եք ստանալու…
Հիմա՝ այսքան տարիներ անց, վերհիշելով գյուղի մեր կյանքը` ես դարձյալ հայտնաբերում եմ. ի՞նչ հետաքրքիր է, ամեն ընտանիք, ամեն մի գյուղ ինքնին պետություն է եւ նույն խնդիրներն ունի, ինչպես Հանրապետությունը, եւ ոչ մի ընտանիք, ոչ մի պետություն թույլ չպիտի տա, որ իր սերմնացուն գողանան, իսկ եթե շատ են ուզում գողանալ, կարող են գողանալ բերքից եւ ոչ թե սերմնացուից:

Եվ հիմա, երբ արդեն, կարելի է ասել, ամփոփվում է մեր ազգի հարյուրամյա ողբերգության տարին, հստակ տեսանելի է, որ այս մեկ տարվա ընթացքում մեզ աշխարհն ավելի ճանաչեց մեր Ցավի հետ միասին, քան անկախության անցած քսանչորս տարիներին:
Եվ մենք երբեք այսքան ամուր ու միասնական չենք եղել ազգովի, քան այսօր, ուստի առաջիկայում մեր ցանելիք Սերմը պիտի առողջ լինի, իսկ Ցանքսը՝ միասնական, որպեսզի նոյապաստան մեր երկիրը չլքեն աստվածաստեղծ մեր ու մանուկ, ինչպես որ դա մի քանի անգամ արդեն եղել է…

Այնինչ, այնքան բարձր ու ասպետական է ընդունել սեփական հինավուրց պատմությունը՝ դառնալով նրա զավակն ու ջահել սերմնացանը, քանզի մենք հին ազգ ենք, բայց ոչ հնացած, եւ մեր սերմի հունդը միշտ ջահել է:

Իսկ վաղը նորից օր է բացվելու, եւ նոր օրը իր հետ բերում է ի՛ր բախտը, որը մե՛ր բախտն է նաեւ եւ անվերնագիր չէ:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031