Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայաստանն Իրանի համար կարեւոր խաղացող է տարածաշրջանում»

Հոկտեմբեր 17,2015 14:00

Իրանագետի համոզմամբ՝ Իրան-Ադրբեջան
ծրագրերը չեն կարող մրցակից լինել Իրան-Հայաստան ծրագրերին

Հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ վերջերս էլ բավական հաճախ ջերմ խոսքեր էին հնչում, սակայն գործնական քայլերը տեսանելի չէին: Այս իմաստով, թերեւս, իրավացի էին գործող իշխանության ընդդիմախոսները: Սակայն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրի այցը Հայաստան, Հայաստանում նրա արած հայտարարությունները կարծես իրավիճակ են փոխում: Էսհաղ Ջահանգիրի այցն ի ցույց դրեց նաեւ աշխարհաքաղաքական այս բարդ պահին Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կարեւորությունը հարեւան երկրի համար, որի հետ Հայաստանի անկախացումից ի վեր հարաբերությունները դրական զարգացում են ունեցել: Իրանագետ Ռուդիկ Յարալյանը օբյեկտիվ է համարում այն, որ մինչ այժմ հայ-իրանական հարաբերությունները խոսքերի մակարդակում էին` Իրանի նկատմամբ գործող տնտեսական պատժամիջոցները մեծապես խանգարում էին, որպեսզի Իրանը թե տարածաշրջանի, թե հեռավոր երկրների հետ կարողանա հարաբերություններ զարգացնել: «Բանկային գործարքներում Իրանն անազատ էր, ուստի Հայաստանը չէր կարող ծրագրել եւ Իրանի հետ իրականացնել այն գործարքները, որոնք ռազմավարական նշանակության նախագծեր էին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց իրանագետը: Խոսքը վերաբերում է «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղուն, Իրան-Հայաստան երկաթգծին, ինչպես նաեւ էներգետիկ բնույթի այլ ծրագրերին: Այսօր Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման ֆոնին իրավիճակն այլ է. աննախադեպ հնարավորություն կա ակտիվացնելու տնտեսական քաղաքականությունը: Ամեն ինչ զուտ ժամանակի, մոտ ապագայի հարց է: «Նաեւ այս իմաստով շատ բարձր եմ գնահատում Էսհաղ Ջահանգիրի այցը Հայաստան: Սա եւս մեկ անգամ փաստեց իրողությունը, որ Հայաստանն Իրանի համար կարեւոր խաղացող է տարածաշրջանում»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ իր խորին համոզմամբ՝ այլ կերպ լինել էլ չէր կարող. հաշվի առնելով Թուրքիա-Ադրբեջան տանդեմի գոյությունը, աշխարհաքաղաքական բնույթի մի շարք իրողությունները՝ Հայաստանն Իրանի համար միշտ էլ առանձնահատուկ դեր է խաղալու, Իրանը միշտ էլ հետաքրքրված է լինելու Հայաստանի հետ հեռահար նախագծերի մշակմամբ եւ իրականացմամբ:

«Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության ծրագիրը, որը որոշ ժամանակահատվածի ընթացքում ուներ դժվարություններ, ՀՀ վարչապետի՝ Իրան այցելության արդյունքում եւ մեր բանակցությունների շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների եւ գործադրած ջանքերի արդյունքում վերսկսվել է, եւ համոզված ենք, որ կարճ ժամանակահատվածում կկարողանանք շինարարական աշխատանքները հասցնել ավարտին»,- Երեւանում հայտարարեց Էսհաղ Ջահանգիրը: Խոսակցություններ կան, որ բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունը երկու տարի է տեւելու, ավարտվելու է 2017 թվականին:

Քանի դեռ Իրանի նկատմամբ պատժամիջոցներն ամբողջությամբ չեն վերացել, իրանագետը կարծում է, որ ժամկետների հարցում որոշակի փոփոխություններ կամ ձգձգումներ կարող են լինել. «Իրանի հետ կապված աշխարհաքաղաքական բնույթի գործընթացները դեռեւս ընթացքի մեջ են, շատ բան Իրանից էլ կախված չէ: Պատժամիջոցների ամբողջական վերացումից հետո պետք է ակնկալել, որ շատ կարճ ժամկետում իրականություն կդառնան Իրան-Հայաստան ծրագրերը»:

Հայաստան-Իրան ծրագրերում, բնականաբար, ուրույն դերակատարում ունի երկաթգծի կառուցումը, որի շուրջ կոնկրետ պայմանավորվածություններ կան, չինական ընկերություններից մեկն էլ պատրաստ է նախագծի 60 տոկոսը ֆինանսավորել:
«Հաշվի առնելով հանգամանքը, որ թե Իրանը, թե ՌԴ-ն, որը նույնպես ծրագրի շահագրգիռ կողմ է հանդիսանում, ունեն որոշակի ֆինանսական խնդիրներ, չինական ընկերության հետաքրքրությունը որոշակիորեն իրավիճակ է փոխում: Թույլ է տալիս եզրակացնել, որ դա այլեւս նախագիծ չէ, այլ իրատեսական ծրագիր»,- ասաց իրանագետը` հավելելով, որ Էսհաղ Ջահանգիրի այցը Հայաստան կարելի է գնահատել եւս մեկ առաջընթաց քայլ` նաեւ այս ծրագրի իրականացման տեսանկյունից: Հիշեցնենք, որ Երեւանում կայացած Իրան-Հայաստան գործարար համաժողովի ժամանակ ԻԻՀ փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրը հայտարարեց, որ ՀՀ-ն Իրանի համար դիտվում է որպես ԵՏՄ անդամ միակ երկիր, որը կարող է իրանական ապրանքների՝ ԵՏՄ երկրներ արտահանման համար հարթակ դառնալ: Իրանագետը բավական կարեւորություն է տալիս նաեւ Իրան-Հայաստան գործարար համաժողովին. «Հեռանկարային է նաեւ փոխադարձ ներդրումների բաղադրիչը: Առաջիկայում կարելի է սպասել Հայաստանում իրանական ներդրումների զգալի մեծացման: Այս խնդիրներն աստիճանաբար լուծում են ստանում, եւ հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ ժամանակին հնչած ջերմ խոսքերն արդեն առարկայական եւ շոշափելի են դառնում»:

Դիտարկմանը, որ ընդամենն օրերս Իրանն Ադրբեջանի հետ պայմանագիր ստորագրեց, որով նախատեսվում է մինչեւ 2016 թվականի վերջն ավարտին հասցնել իրանա-ադրբեջանական երկաթուղիների միավորման ծրագիրը, Ռուդիկ Յարալյանը հակադարձեց. «Այդ նախագիծը միգուցե իրականություն դառնա, սակայն այն չի կարող մրցակից հանդիսանալ մեր նախագծին: Իրան-Հայաստան երկաթուղով նախատեսվում են ապրանքաշրջանառության անհամեմատ մեծ ծավալներ: Ըստ որոշ խոսակցությունների՝ տարեկան շուրջ 18-26 միլիոն տոննայի մասին է խոսքը: Ադրբեջանի հետ իրականացվող նախագիծն ընդամենը 5 միլիոն տոննա ծանրաբեռնվածություն է նախատեսում»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031