Ռուսաստանը Ադրբեջանի հետ ռուսական ռազմական տեխնիկայի մատակարարման շուրջ բանակցություններ է վարում: Ռուսաստանի ու Ադրբեջանի միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նստաշրջանից տեղեկատվություն է տարածվել, որ Ադրբեջանին ռազմական տեխնիկայի մատակարարման մասին բանակցությունները փակ ռեժիմով են ընթանում, եւ հիմնականում ընթանում են ռուսական ուղղաթիռների եւ զրահատանկային տեխնիկայի մատակարարման շուրջ բանակցություններ:
Մինչ Հայաստանում ու Արցախում փորձում են դուրս գալ շոկից` ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի վերջին հայտարարություններից հետո, երբ վերջինս հասկացնել տվեց, որ ՀԱՊԿ-ի վրա հույս չդնենք հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի համատեքստում, ռուսական կողմը, փաստացի, նոր անակնկալ է պատրաստել` ռազմատեխնիկայի վաճառքի հերթական գործարքի բանակցությունների շուրջ տեղեկատվությունը տարածվեց:
Մոսկվան, ըստ էության, Ալիեւին ոգեւորելու քաղաքականությանը ոչ մի կերպ չի ցանկանում վերջ տալ:
Եվ սա այն դեպքում, երբ միջազգային հանրությունը փորձում է շփման գծում լարվածությունը մեղմացնել, գոնե մինչեւ տարեվերջ Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպել, որպեսզի բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովվի, եւ որոշակի ճնշումներ է գործադրում Ադրբեջանի ուղղությամբ:
Կարդացեք նաև
ԵԱՀԿ-ում հույս ունեն, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա այս աշնանը՝ օրերս նշել էր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրներին, ապա այն, ինչ այնտեղ տեղի է ունենում, մեզ մոտ հարուցում է որոշակի անհանգստություն: Մասնավորապես, բռնության աճը, որը դիտվում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլեւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին»:
Ի դեպ, Լ. Զանիերը ղարաբաղյան հարցին անդրադարձել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի համատեղ ասուլիսում, իսկ մինչ Լավրովի հետ հանդիպումը՝ նա ղարաբաղյան խնդիրը քննարկել էր նաեւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Բորդյուժան նշել էր, թե ՀԱՊԿ-ն ու ԵԱՀԿ-ն պայմանավորվել են համատեղ աշխատել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ. «Մենք պայմանավորվել ենք համալիր քայլերի շուրջ, որ պետք է համատեղ կատարենք: Մասնավորապես, քննարկել ենք հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակն ու քաղաքական քայլերը, որոնք կբացառեն ուժի կիրառման հնարավորությունը եւ իրական քաղաքական գործընթաց դուրս կբերեն այդ շատ հին, բայց շատ սուր հակամարտության կարգավորման խնդիրը»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պլանավորում են մինչեւ ամսվա վերջ այցելել տարածաշրջան եւ բանակցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ։ ԵԱՀԿ ՄԽ-ում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի խոսքով՝ հանդիպման անցկացման ժամկետն ու վայրը կախված կլինեն երկու երկրների նախագահների որոշումից. «Դա է լինելու մեր բանակցությունների գլխավոր թեման։ Նրանք համաձայնություն են տվել բանակցությունների ինտենսիվացմանը։ Մենք հավատում ենք, որ դա կարեւոր քայլ է՝ խաղաղ ճանապարհով տվյալ հակամարտությունը կարգավորելու համար»։
Ստացվում է՝ Ռուսաստանը, մասնավորապես` ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը ԵԱՀԿ-ի հետ քննարկում է հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը, քաղաքական քայլերը, որոնք կբացառեն ուժի կիրառման հնարավորությունը, բայց մյուս կողմից՝ ողջունում է Ալիեւի սադրիչ քաղաքականությունը հայ-ադրբեջանական սահմանում` դարձյալ զենքի խմբաքանակի հերթական վաճառքով:
Բայց ի վնաս հայկական կողմի` Մոսկվայի «բիզնեսը» չէ միայն խնդիրը: Ռուսաստանը, ըստ էության, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ միացել է Հայաստանը մեկուսացնելու, շրջափակելու քաղաքականությանը:
Օրերս հայտնի դարձավ, որ Իրանը եւ Ադրբեջանը ստորագրել են երկաթուղու կառուցման փոխըմբռնման հուշագիր՝ 5 միլիոն տոննա բեռի տեղափոխման մասին: Այն ստորագրվել է Թեհրանում՝ Իրանի եւ Ադրբեջանի տնտեսական հանձնաժողովի համատեղ նիստում: «Հյուսիս-հարավ» երկաթուղին Հյուսիսային Եվրոպան կմիացնի Հարավարեւելյան Ասիայի հետ, այն կդառնա կապող օղակ Իրանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի երկաթուղիների միջեւ:
Եվ մենք դեռ զարմանում ենք, թե օրեր առաջ, երբ թուրքական ռազմական ուղղաթիռները խախտեցին Հայաստանի օդային տարածքը, ինչո՞ւ ռուսական կողմից որեւէ արձագանք չեղավ: Բոլորին էր պարզ, որ թուրքական ռազմական ուղղաթիռները «պատահաբար» կամ «եղանակային պայմանների պատճառով» չէին հատել հայկական սահմանը, ու նաեւ հստակ էր, որ Թուրքիայի կողմից նման գործողությունը ռուսական կողմի քայլերին ի պատասխան էր, երբ ավելի վաղ ռուսական օդուժը խախտել էր թուրքական օդային սահմանը, որից հետո Թուրքիայի իշխանությունները հանդես եկան բավական կոշտ հայտարարություններով Ռուսաստանի հասցեին:
Հայաստանի անվտանգության երաշխավոր Ռուսաստանը, ինչպես տեսնում ենք, «փայլում» է իր ողջ հմայքով:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.10..2015
ետ երբ չեր ռուսը հայի թշնամին վր հիմա նստծ զարմանում էք վոր ռուսը թրքի հետ շրջափակում է հայաստանը թուրքերը մշտ էլ եղել են սպիտակ թրերի կամակատարները
Անհեթեթ եւ ծիծաղելի «վերլուծութեան» փորձ մըն է մըն է այս յօդուածը: ( Եւ կարդացուել է արդէն 5400 անգամ… ? )
Շարունակեցէք կուրօրէն երկրպագել արեւմտեան ուժերն ու անոնց ներկայացուցիչները: Սլանում էք դէպի անդունդ, կարծեցեալ երկիրն ել ձեր հետը:
Թուրքիոյ եւ Ռուսիոյ միջեւ երբեւիցէ այս աստիճան ժխտական, վատ ու լարուած չեն եղել յարաբերութիւնները: Անոնք ներկայիս ուծծակի ռազմական բախումի սեմին են գտնվում, յատկապէս Սուրիոյ սահմանագծի վրայ – եւ նաեւ ներսը – :
Խնդրեմ, կարո՞ղ էք հաճիք բացայայտել թէ ո՞վ է ֆինանսաւորում այս թերթը:
Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
«Լրատվական» զգայացունց/sensationalist կամ գրգռիչ/provocative վերնագրի մը սիրոյն, այսպիսի ծանր հաստատում մը հրապարակվում է, անպատասխանատու եւ թեթեւսոլիկ կերպով – քանզի գրութեան մէջ, ըստ էութեան, ոչ մի լուրջ հիմնաւորում չկայ անգամ – :
Այս մօտեցումներով, չզարմանաք ուրեմն որ Ռուսաստանն ել մեզ լուրջի չի առնում, բաւարարաչափ վստահելի չի նկատում, եւ հետեւաբար՝ ըստ այնմ է վարվում ու վերաբերում մեր հետ:
Արցախի հիմնախնդիրը (ի միջի այլոց) շատոնց լուծուած կը լինէր, եթէ Հայաստանի բնակչութեան մէկ հատուածը, անվերջ, հիւանդագինօրէն սիրահարված – եւ անդարմանելի – հակումներ չունենար դէպի Արեւմուտք, եւ երկիրը այսպէս անվերջ «երկու թելերի վրայ չխաղար»:
Արեւելք-Արեւմուտք բազմադարեայ առճակատումը, զորս երբեք իսկապէս վերջ չէր գտած, յատկապէս բացայայտ եւ սաստկացած է, այժմ:
Այդ համաշխարհային հիմնական բախումի ակնյայտ ճակատները գտնվում են Ուքրանիա եւ Սուրիայ:
Նուազ երեւելի ճակատները բազմաթիւ են, եւ ընդգրկում են այլազան բնագաւառներ: Սակայն անոնց մաս է կազմում յատկապէս Արցախի ռազմաճակատը: Միայն ու միայն Ռուսաստանի շնորհիւ է որ թուրքերը տակաւին չեն համարձակվում ներխուժել Արցախ -ինչպէս նաեւ Հայաստան- :
Այս գերագոյն կռուի մէջ, Թուրքիան Արեւմուտքի թանկագին դաշնակիցն է, բոլոր մակարդակների վրայ, եւ յատկապէս NATO-ի ռազմա-քաղաքական դաշինքի խոր կապերով:
Հետեւաբար, Հայաստանը Ռուսիոյ ծայրագոյն ճակատն է, համաշխարհային այս բախումի կապակցութեամբ: Մենք է որ չենք կարողանում լաւապէս օգտագործել այս հանգամանքը…
Թրքական ուղղաթիռների ոտնձգութիւնը Հայաստանի օդային սահմանի վրայ բացայայտ հակազդեցութիւնն էր ռուսական ռազմական օդանաւների բազմաթիւ պատոյտներին, թրքական երկնքին մէջ:
Իսկ տակաւին մի օր առաջ թուրքերը drone մը վար բերին իրենց սահմանէն մի քանի քիլոմեթր ներս, եւ ԱՄՆ-ն յայտարարեց թէ այդ ռազմական թռչող գործիքը պատկանում է ռուսական զօրքին…
Այս իրողութիւնների լոյսի տակ՝ լիովին անհիմն – եւ անվայել – է այս յօդուածը, ըստ որու Ռուսիան միանում է եղեր Թուրքիոյ, Հայաստանի դէմ: Մինչ նոյն գրութեան մէջ՝ համակրանք, վստահութիւն, մանկամիտ յոյսեր եւ կոյր հաւատք է արտայայտվում, արեւմնտեան ուժերի այս կամ այն ներկայացուցիչի խօսքերի նկատմամբ: