Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահան Զանոյեան. «Այն անձը, ով լուռ կմնա, կդառնա հանցագործության մեղսակից»

Հոկտեմբեր 17,2015 13:00

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի բնակիչ, արձակագիր, միջազգային էներգետիկայի շուկաների նախկին փորձագետ-խորհրդատու Վահան Զանոյեանը «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց, որ ներկայումս զբաղվում է միայն գրականությամբ:
Նա բանաստեղծությունների երկու ժողովածուների հեղինակ է, իսկ 2013թ.-ին եւ 2015-ին հրատարակել է իր երկու՝ «Հեռավոր մի տեղ» եւ «Օհանավանքի աղավնիները» վեպերը:
Առաջին գիրքն անգլերեն է, եւ ինչպես զրուցակիցս է ասում, դրանով իսկ ցանկացել է, որ ոչ միայն հայ համայնքների ուշադրությունը հրավիրել, այլ՝ նաեւ միջազգային համայնքների: Երկու վեպերն էլ վերաբերում են մարդկանց սեռական շահագործմանը՝ թրաֆիքինգին:
Զրուցակիցս հավելում է, որ «Օհանավանքի աղավնիները» վեպն առաջինի շարունակությունն է:

«Անկեղծ ասած, ես մտադիր չէի շարունակելու, քանի որ գլխավոր պատմությունն ավարտված էր: Սակայն հարյուրավոր ընթերցողների պահանջով ես այն շարունակեցի»,- ասում է նա:

Vahan_Zanoyan_1

Իմ հարցին, թե ինչո՞ւ հայ քնարերգուն իր ափը մեկնեց ցավոտ տեղին, Վահան Զանոյեանն ասաց, որ իր վեպում կատարվող գործողությունների 80-90 տոկոսը իրական պատմություններ են: Գեղարվեստական նկարագրություններն իրական են: Հեղինակը հայտնվելով Դուբայում՝ կարողացել է գտնել Հայաստանից Դուբայ խաբեությամբ տարված հայ աղջիկներին:

Գլխավոր հերոսուհու՝ Լարա Գալյանի անուն-ազգանունը փոխված է: 16-ամյա աղջնակի պատմությունն ասես բոլորինը լինի, նա հավաքական կերպար է:
Ականատես հեղինակը մեզ հետ զրուցելիս ասաց, որ թրաֆիքինգի թեմային ինքն առնչվել է պատահական. «Ես այս թեմային նույնիսկ տեղյակ չէի: Շեշտեմ, որ ես թրաֆիքինգի պրոֆեսիոնալ մասնագետ չեմ»:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ աշխատանքի բերումով զրուցակիցս Միջին Արեւելքից գնացել էր Դուբայ: Հյուրանոցի սպասասրահում սրճելիս լսում է հայերեն խոսք:
Վահան Զանոյեանը նկարագրում է, թե ինչպես է ոտքի կանգնել, մոտեցել չափազանց գեղեցիկ աղջնակին եւ նրա կողքին գտնվող 45-50 տարեկան կնոջը: Ողջունել է «տարեց» կնոջը, որպես հարգանքի նշան, իսկ երբ փորձել է ծանոթանալ աղջնակի հետ, տարեց կինն «առաջը փակեց», ինչը դուրը չի եկել. «Հասկացա, որ նրանց մեջ ստրես կա, պատմություն: Այդպես սկսվեց ամեն ինչ: Եվ ես այդ աղջկան հետապնդեցի»:

Vahan_Zanoyan_3

Զրուցակիցս պատմում է, որ ինքը մինչ այդ լսել էր Դուբայի բանտերում հայ կանանց հայտնվելու մասին: Մոտ վեց ամիս է տեւել, մինչ կարողացել էր իմանալ այդ աղջնակի մասին, մինչ 16-ամյա աղջնակը կարողացել է վստահել իրեն՝ ապագա վեպի հեղինակին:
«Եթե չափահաս մի կին իր ազատ կամքով կորոշի մարմնավաճառ դառնալ, դա իմ գործը չի: Անշուշտ, ուրախ չեմ, երբ հայ կանայք են դրանով զբաղվում: Բայց սա ուրիշ բան էր. սեքս-թրաֆիքինգը բոլորովին այլ ոճիր է: Երբ 16 տարեկան աղջկան խաբելով՝ առանց իր կամքի, զոռով, բռնաբարելով գցում ես այդ շուկան, ստիպելով, ամեն օր մինչեւ 20 հաճախորդ ընդունել, դա ինձ համար այնքան սոսկալի էր, որ չկարողացա անտարբեր մնալ»,- ասում է Վ. Զանոյեանը: Աղջնակի միջոցով ակամայից դեպքերի կիզակետում հայտնված հայ տղամարդը ծանոթանում է նրա բախտակից ընկերուհիների հետ, մոտ 12 տարբեր աղջիկներից հարցազրույցներ վերցնում:

Աբո Ասլան, Կավատ Անո, Լարա Գալյան…վեպի հերոսների միջոցով բացվում է վարագույրը: 12 զրուցակից-հերոսներից 8-ը Դուբայում հայտնվել էին Հայաստանից:
Ըստ հեղինակի, 4-ը, ճիշտ է, իմանալով էին հայտնվել այնտեղ, սակայն ասում էին, որ «ստիպեցին, ճար չկար», որպեսզի բարոյական բեռն իրենց ուսերին չմնա:
Կայի՞ն վտանգներ, զգացե՞լ եք սպառնալիքներ հարցիս հետ կապված՝ Վ. Զանոյեանն ասում է. «Ես շատ բան սովորեցի Էդիկ Բաղդասարյանից: Նա հեղինակել էր «Անապատի գիշերները» վավերագրական ֆիլմը: Գլուխգրրծոց է արել: Ես նրան հատուկ շնորհակալություն եմ հայտնել գրքումս: Ես Էդիկից սովորեցի ոնց գնալ, ոնց ներկայանալ: Եթե ոճրագործներն իմանային… կառավարական անձանց հետ էլ եմ զրուցել, ներառյալ մեր դեսպանատան՝ Աբու Դաբիի մեջ: Շատ մարդիկ ինձ ասում էին՝ թեմայից հրաժարվի»,-ասում է զրուցակիցս: Ըստ նրա, այն, ինչ աչքով ես տեսնում, դա այլ իրականություն է, բոլորովին տարբեր, երբ կարդում ես լուրի ձեւով, թերթերում:
Վիպասանի սկզբունքն է. բարձրաձայնել ոճիրի մասին. «Այն անձը, որ տեսել է, լսել է, բայց լուռ կմնա, պատասխանատու է: Ինքը կհամարվի մեղսակից, երբ գիտես ու չես ցանկանում այս մասին խոսել: Լուռ չմնալով, կարող ես մի կյանք փրկել»:
Նա կարեւորեց հանրային գիտակցության ձեւավորումը, խիզախումը, նյութի արծարծումը: Հավանաբար, դա է պատճառը, որ վերջին 4-5 տարվա մեջ այն դարձավ նաեւ իրավապահ մարմինների ուշադրության առարկան:

Ինձ հետաքրքրում էր, թե, արդյոք, փորձ արե՞լ է հանդիպելու իր հերոսների հետ հետագայում, պարոն Վահանն ասաց, թե երբ գնացել է Դուբայ, «Լարային» չի հանդիպել, հավանաբար, տեղափոխել էին. «Շատ փնտրեցի այդ աղջկան, չգտա՝ փոխադրել էին: Չեն ուզում, որ նրանք կապեր հաստատեն…»:

Ի դեպ, գրքի ավարտը. կինը վերադառնում է Երեւան, բայց ի՞նչ է սպասվում նրան, ի՞նչ հոգեբանական պատնեշների միջով է անցնում զոհը, ո՞վ կարող է նկարագրել, հայտնվել նրանց մաշկի տակ: «Այսօրվա իսկական գերիներ. վախով կապրեն այս մարդիկ»:
Ինչ վերաբերում էր թրաֆիքինգի դեմ հարցերով «Աուդիո Վիզուալի» թիմի, մասնավորապես, Արզուման Հարությունյանի հետ համագործակցությանը, մեր հյուրը նշեց, որ նրա հետ ծանոթացել է այս տարի. «Ես լսել էի իր մասին, նա՝ իմ, չէինք հանդիպել: Իր կազմակերպությունից մեկը մասնակցել էր իմ գրքի շնորհանդեսին: Շատ լուրջ աշխատանք են կատարում: Ես իրենից իմացա, որ մեր բանտերում այս պահին 18 ոճրագործ կա, թրաֆիքինգի գործերով: Սա նորություն էր: Վերջապես սկսել են ոճրագործների հետեւից էլ գնալ…»:

Ի դեպ, մեր հյուրը գրքի վաճառքից ստացված հասույթը տրամադրում է «Օրրանին», Էջմիածնի «Մեր տունը» կազմակերպությանն ու «Ամքորին»: Ըստ նրա՝ թիրախները հենց այս կազմակերպության հոգածության տակ գտնվողներն են. անչափահաս երեխաները, աղջնակները. «Սա հայկական երեւույթ չի: Մենք չենք ստեղծել այս ամենը: Եվ մեր խնդիրն է՝ դիմագրավել»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.- Հանգուցյալ Լեւոն Անանյանը «Հեռավոր մի տեղ» վեպի մասին ասել է.
«Վահան Զանոյեանն աննախադեպ խիզախ քայլ է արել` ձեռք պարզելով մեր հասարակության համար, այսպես կոչված, փակ թեմայի` թրաֆիքինգին։ Արդի հայ գրականության մեջ նա առաջինն է, ով մղում է դիմակայելու համաշխարհայնացման հիդրայի հերթական բարոյակուլ մարտահրավերին, երկար ու ցավագին ճանապարհ` ախտաճանաչումից մինչեւ ապաքինում։ Զանոյեանի «Հեռավոր մի տեղ» վեպը համազգային զգոնության ու պատասխանատվության կոչ է, ազգի միջուկն առողջ պահելու մտահոգ պատգամ»:

«Առավոտ» օրաթերթ
16.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031