Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Սուլթանյան. «Ինչ նախագծի մասնակցեմ կամ ձեռնամուխ լինեմ, անպայման այն պետք է լինի առաջին հերթին հոգեհարազատ»

Հոկտեմբեր 17,2015 12:30

«Առավոտը» հյուրընկալել էր պարուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանին: Սա այն դեպքն է, երբ մշակութային տարբեր ոլորտներում հանդես եկող արվեստագետը ունենում է համապատասխան կրթություն, կարճ ասած՝ պրոֆեսիոնալ է: Մեր հյուրն ավարտել է Երեւանի պարարվեստի պետական ուսումնարանը, ժամանակին հանդես է եկել անվանի բալետմայստեր Նորայր Մեհրաբյանի ղեկավարած «Բարեկամություն» պետական անսամբլում, մասնակցել է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարությունների շրջանակում մեհրաբյանական՝ հայ-ռուսական երաժշտական միստերիա նախագծին:

Հիշեցնենք, որ երեւանյան պրեմիերայից հետո շուրջ 2 տարի նախագիծը «շրջագայեց» ռուսաստանյան քաղաքներում, իսկ Կոլումբիայում կայացած փառատոնում արժանացավ գլխավոր մրցանակի: Ի դեպ, նախագիծն իրենց ներկայությամբ պատվել էին անվանի դերասան Կիրիլ Լավրովը, ռուսաստանաբնակ մեր հայրենակցուհի, երգչուհի Իրինա Մուսայելյանը եւ այլք: Հետո, ինչպես ոչ հաճախ է պատահում, Նարինե Սուլթանյանին գրավում է թատրոնը: Այս դիտարկմանը ոչ լիարժեք համամիտ լինելով, արվեստագետը նախ հիշեցրեց, թե թատրոնն արվեստի բոլոր ճյուղերի սինթեզն է, հետո էլ ասաց. «Թատերարվեստում տարբեր հոգեվիճակներով կերպարներ կերտելու հնարավորությունը լայն է: Դա էր պատճառը, որ ես ուսանեցի նաեւ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում, ռեժիսոր Արմեն Մազմանյանի արվեստանոցում»: Հավաստիացրեց, որ պարարվեստից ինքը երբեք «չի հրաժարվել», ավելին՝ 17 տարեկանից դասավանդել է ճանաչված պարուհի Սոֆի Դեւոյանի «Հոգու եւ պարի թատրոնի» ստուդիայում, խաղացել է Փոքր, Հենրիկ Մալյանի անվան թատրոնների, «Գոյ» թատրոն-լաբորատորիայի խաղացանկային ներկայացումներում, ընդ որում՝ դեռեւս ուսանողական տարիներից: Մեր հյուրը նկարահանվել է նաեւ ֆիլմերում: Առանձնացնենք կինոռեժիսոր Վահե Խաչատրյանի «Ճակատագիրը»՝ հիմնված արցախյան պատերազմի իրական փաստերի վրա: Դերասանուհու մասնակցությամբ ֆիլմը մրցանակ է ստացել լոսանջելեսյան հեղինակավոր Audience Award փառատոնում:

Narine_Sultanyan_2
Հաստատելով մեր տեղեկությունը, թե այժմ նկարահանվում է նոր ֆիլմում, դերասանուհուն խնդրեցինք փոքր-ինչ մանրամասնել: «Այս պահին ընթանում են Գրիգ Վահրամյանի՝ Աստղիկ Սիմոնյանի սցենարով «Քարտ բլանշ» բազմասերիանոց ֆիլմի նկարահանումները: Հրավիրված են նաեւ իմ կողմից սիրված արտիստներ Շաքե Թուխմանյանը, Ժան եւ Արման Նշանյանները, Սամվել Սարգսյանը, Վիվյեն Բաստաջյանը եւ այլք»,- հայտնեց մեր զրուցակիցը: Քանի որ դերասանուհուն հաճախ չենք հանդիպում ֆիլմերում, հավանաբար իր սրտով է կերպարը: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Նարինե Սուլթանյանը նախ համաձայնեց, հետո էլ փաստեց հայ հանդիսատեսի մոտ ի սկզբանե բուն դրած մի կարծրատիպ, այն է՝ երբ դրական հերոս է մարմնավորում դերասանը, հանդիսատեսը սիրում է նրան, ավելին՝ երկրպագում, իսկ հակառակ դեպքում՝ ճիշտ հակառակ վերաբերմունքն է տածում արտիստի հանդեպ: Հետաքրքրությանը՝ հերոսուհին դրակա՞ն կերպար է, մեր զրուցակիցն առանց մանրամասնելու նշեց, որ եթե համաձայնել է նկարահանվել, ուրեմն կերպարն անցկացրել է իր պրիզմայի միջով, հանդիսականին էլ հորդորեց՝ «Սիրելիներս, պարտադիր չէ ես լինեմ այն կերպարը, ում մարմնավորում եմ…»:
Անդրադառնալով թատերարվեստին, այնուամենայնիվ, հարցրինք՝ երբեւէ ափսոսանք չի՞ առաջացել բեմը թողնելուց հետո: «Թատերական փորձերը, ներկայացումները ինձնից շա՜տ ժամանակ էին խլում… Գուցե ես չկարողանայի ունենալ այն հիանալի ընտանիքն, ինչ որ ունեմ, եթե լինեի թատրոնում,- հավաստիացրեց դերասանուհին ու ժպտալով էլ հավելեց,- այդ ճոխությունը չէի կարող ինձ թույլ տալ»:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ 7-8 տարի «Արմենիա» TV-ով հեռարձակվող «Նանե» հեռուստահանդեսին, որի հաղորդավարն է Նարինե Սուլթանյանը: «Ստեղծագործական կյանքիս այս էտապը հոգեհարազատ է ինձ: Տեսեք, հեռուստահանդեսը, որ ուղղված է կանանց, ունի էջեր, այդ թվում՝ «Խոհանոց», «Նորաձեւություն», «Հյուրասրահ»… Կներեք անհամեստության համար, իհարկե, արձագանքներից գիտեմ, որ այն սպասված է հեռուստադիտողի կողմից: Չգիտեմ, թե քանի տարի եւս եթերում կլինի «Նանեն», բայց մի բան հաստատ կարող եմ ասել՝ ինչ նախագծի մասնակցեմ կամ ձեռնամուխ լինեմ, անպայման այն պետք է լինի առաջին հերթին հոգեհարազատ»,- հավաստիացրեց մեր հյուրը:

Արվեստագետը պար եւ բեմական շարժում է դասավանդում Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտում: Այս առիթով էլ հավաստիացրեց, թե սիրով է կատարում դասախոսի դերը, նշելով. «Ուսանողներիս հետ իմ տարիքային տարբերությունն այնքան էլ մեծ չէ: Նրանց հետ ընկերական եմ, բայց ինչպես ասում են՝ փայտը ձեռքիցս չեմ գցում (ժպտում է)… Չզարմանաք, իսկապես կան բաներ, որ նրանցից եմ սովորում»:
Զրույցի ընթացքում նա հաճախ էր զանգահարում կամ զանգեր ստանում, որի «մեղավորը» միակ դուստրն էր՝ Միլան: Հետո բջջայինով մեզ հրամցրեց դստեր երգը, այն էլ իտալերեն: Հարցին, թե մեզանում ընդունված կարգի համաձայն եւ իր որոշ գործընկերների օրինակով արդեն որոշե՞լ է դստեր ճակատագիրը, Նարինե Սուլթանյանը չհամաձայնելով՝ ասաց. «Ոչ եւ ոչ: Երբեւէ մասնագիտություն ընտրելիս ես եւ ամուսինս չենք միջամտի Միլայի որոշմանը: Կարեւորը՝ որ նա լինի բարձրակարգ մասնագետ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031