Օրերս Արցախում էր Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը։
Այցի շրջանակներում համալսարանականները եղել են նաեւ ԼՂՀ Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի՝ Արցախյան պատերազմի հերոս Պետրոս Ղեւոնդյանի (Պետո) անվան հիմնական դպրոցում։
Դպրոցն ունի 58 աշակերտ, որոնցից վեցն այս տարվա առաջին դասարանցիներն են։ Հայոց պատմության ուսուցչուհի, դպրոցի ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն Սիլվա Մովսիսյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ ամեն տարի նկատվում է երեխաների թվի աճ։
«Եղեգնուտի բնակչությունն աճում է, երեխաներ կան։ Ոչ այնքան, որքան կուզենայինք, բայց ոչինչ»,- նշեց նա։
Պետոյի անվան դպրոցում գործում է ինֆորմատիկայի կաբինետ, կա գրադարան, սակայն փոխտնօրենի խոսքով՝ կա գեղարվեստական գրականության պակաս։
«Դասագրքերի հարցը լուծվում է, ունենք նաեւ հայ գրականություն։ Շատ կցանկանայի, որ արտասահմանյան գրողների հատորներն ունենայինք, օրինակ՝ Դրայզեր, որ մեր երեխաները կարդային»,- ասում է Սիլվա Մովսիսյանը։
ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը գրքեր նվիրաբերեց դպրոցին՝ մասամբ լրացնելով մանկական գեղարվեստական գրքերի բացը։
9-ամյա Գոռը սովորում է չորրորդ դասարանում, բայց արդեն գիտի Հովհաննես Թումանյանի, Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի անունները։ Դասերը պատրաստելուց հետո ազատ ժամանակ գիրք է կարդում, խաղում համակարգչով։ Ասում է՝ կուզեր կարատեով զբաղվել, եթե գյուղում հնարավորություն լիներ։
«Գյուղում ակումբ ունենք, սովորում ենք ազգագրական պարեր։ Մեր «Ազատ Արցախ» խմբով մասնակցել ենք շատ մրցույթ-փառատոների Ստեփանակերտում, Քարվաճառում, Դադիվանքում»,- պատմում է դպրոցի աշակերտուհի Անի Հարությունյանը։ Անին եւս չորս աշակերտի հետ սովորում է դպրոցի իններորդ դասարանում։ Ասում է՝ կրթության համար լավ է, որ քիչ են, բոլորը դաս են պատասխանում։
Դպրոցն ավարտելուց հետո մտադիր է ուսումը շարունակել համալսարանում։
«Տարբեր մասնագիտությունների մասին եմ մտածում, օրինակ՝ իրավաբանություն, ստոմատոլոգիա։ Չգիտեմ՝ ինչպես կստացվի»,- ասում է Անին։
Անցյալ ուսումնական տարվա ավարտին Պետոյի անվան դպրոցն ունեցել է հինգ շրջանավարտ։ Փոխտնօրեն Սիլվա Մովսիսյանի խոսքով՝ ամեն տարի բուհ ընդունվող առնվազն երկու աշակերտ են ունենում։
«Այս տարվա հինգ շրջանավարտներից մեկը սովորում է մանկավարժական համալսարանում, մյուսը՝ Սլավոնական համալսարանում, տղաներն էլ բանակ են գնացել»,- նշեց նա։
ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի
«Առավոտ» օրաթերթ
16.10..2015