Լրահոս
Օրվա լրահոսը

Եզան լեզուն՝ բազում հիվանդությունների դեմ

Հոկտեմբեր 17,2015 11:30

Ջրախոտազգիների ընտանիքին պատկանող եզան լեզուն 10-30 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է՝ յուրահատուկ, երկարավուն, ձվաձեւ տերեւներով։
Բուժական նպատակով օգտագործում են բույսի տերեւները եւ սերմերը, երբեմն՝ նաեւ արմատը։ Պարունակում է գլիկոզիդներ, ֆլավոնոիդներ, վիտամին K, ասկորբինաթթու, դաբաղող նյութեր, պոլիսախարիդներ, ֆիտոնցիդներ եւ այլն։

Բույսն ունի ընդհանուր հանգստացնող, ճնշումն իջեցնող, խորխաբեր, խորխը ջրիկացնող, արյունահոսությունը դադարեցնող, վերքը լավացնող, մանրէասպան, հյուսվածքների ամբողջականությունը վերականգնող ազդեցություններ։

Կիրառվում է բրոնխիտների, կապույտ հազի, բրոնխիալ ասթմայի, թոքերի պալարախտի, գաստրիտների, ստամոքսի եւ 12-մատնյա աղու խոցային հիվանդությունների (ցածր կամ նորմալ թթվայնության պայմաններ) դեպքում։ Բույսի ջրաթուրմը եւ թարմ հյութը օգնում են վերքերի արագ մաքրմանը եւ սպիացմանը։ Թարախային վերքերի, չիբանների ժամանակ լավ լվացված, թարմ տերեւը օգտագործվում է թրջոցի ձեւով։

Տերեւներից եփուկ պատրաստելու համար անհրաժեշտ է 10 գրամ (2 ճաշի գդալ) հումքը լցնել էմալապատ ամանի մեջ, ավելացնել 200 միլիգրամ (մեկ բաժակ) տաք ջուր, փակել կափարիչով եւ տաքացնել եռացող ջրային բաղնիքում 30 րոպե, սառեցնել 10 րոպե՝ սենյակային ջերմության պայմաններում, քամել, ավելացնել եռացող ջուր՝ մինչեւ դառնա 200 միլիգրամ, խմել 1/2 -1/3 բաժակ, ուտելուց 10-15 րոպե առաջ, օրական 3-4 անգամ։
Հյութ՝ թարմ տերեւներից։ Լավ լվացած տերեւները կտրատել, աղալ կամ հյութաքամիչով քամել։ Ստացված քամվածքը խառնել հավասար քանակությամբ մեղրի հետ եւ եփել 20 րոպե։ Հարկավոր է այն պահել լավ փակված ապակյա ամաններում։ Խմել օրը 2-3 ճաշի գդալ։ Հրաշալի խորխաբեր է։

Ջրաթուրմ։ 10 գ չոր հումքը մեկ ժամ թրմել 200 միլիգրամ եռման ջրում եւ խմել մեկական ճաշի գդալ, օրական 3-4 անգամ։

Փոշի՝ չոր տերեւներից։ Մանրացված տերեւները փոշիացնել եւ խմել մեկական գրամ, օրական 4 անգամ, գոլ ջրով։

Սպեղանի՝ սերմերից։ Հումքը խառնել խոզի ճարպի հետ 1:2 հարաբերությամբ եւ դնել թարախակալված վերքերի վրա։

Քսուք՝ տերեւներից։ Պատրաստել 10 տոկոսանոց քսուք՝ հումքին խառնելով համապատասխան քանակի դեղձի յուղ կամ վազելին։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
16.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031