Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ այդ պատերազմում հիմնական կռիվը մարդու համար է
Հայաստանի ժողովրդական նախաձեռնությունը հոկտեմբերի 16-ին իր երրորդ համաժողովն էր կազմակերպել: Համաժողովի ավարտին ելույթ ունեցավ Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նա, ամփոփելով ելույթները խոսեց պատերազմի մասին. «Ասվեց այստեղ երկրում, տարածաշրջանում, աշխարհում պատերազմ է, տոտալ պատերազմ, այսպիսի պատերազմ մարդկությունը դեռ չի տեսել, որովհետեւ սկսեց գրեթե կյանքի բոլոր ոլորտներից:
Մենք առաջ պատերազմ ասելով մտածում էինք այն, ինչ կատարվում է Արցախում, այն, ինչ կատարվում է մեր սահմանում, այն, ինչ այսօր տեսնում ենք Իսլամական պետությունում: Իսկ այն, ինչ որ Սահմանադրության ընդունում է, այն կարծես պատերազմ չէր: Այն, ինչ որ կատարվեց այսպես երկրի գողը, ավազակը, մարդասպանը դարձավ երկրի ղեկավար, նահանգապետ, նախարար, դարձավ երկրի ընտրանի, իսկ ընտրանին չեզոքացավ, դարձավ լուսանցքային՝ ոչ մի բան, նրա խոսքը ոչ մեկին պետք չէ, նա չկա այսօր, իսկ երկիրը ղեկավարում է այն, ինչ որ առաջ խոսելու իրավունք չուներ, այն, ինչ որ մարդ կոչվելու իրավունք չուներ, այս ամենը մեզ թվում է՝ պատերազմ չէ»:
Ըստ նրա, այդ պատերազմում հիմնական կռիվը մարդու համար է. «Հասել է նրան, որ եթե մարդը մարդ մնաց, այս աշխարհը չի մնալու, շահի աշխարհը ոչնչացվելու է եւ կյանքի է կոչվելու մարդու աշխարհը, դրա համար որոշվել է ոչնչացնել մարդուն: Այսպիսի ոչնչացում երեւի չի եղել մարդկության պատմության մեջ, երբ, կարծես թե, առջեւում մարդ է կանգնած, ամեն ինչը կա՝ ոտք, ձեռք, գլուխ, լսում է, խոսում է, գործում է եւ այլն, բայց մեջը մի գրամ մարդկայնություն չի մնացել՝ առջեւը բացարձակ ավերակ է: Այսպիսին է այն հիմնական պատերազմը, որ մեր դեմ վարում են, մեր դեմ ասելով՝ մարդկանց դեմ, ես ի նկատի չունեմ Հայաստանը. Սա տոտալ, գլոբալ պատերազմ է: Եթե մարդ ավերակ դարձած չլինի ո՞նց կլինի, որ նա անի այն ամենը, ինչ որ այսօր անում է: Որ կողմը նայում ենք ավերակ դարձած մարդիկ ոչնչացնում են ամեն ինչ, առաջին հերթին՝ իրենք իրենց: Ինչպե՞ս ենք վարելու այս պատերազմը ո՞նց պետք է հաղթենք, չհաղթելու իրավունք չունենք»:
Կարդացեք նաև
Աշոտ Մանուչարյանը հայտարարեց, որ այդ պատերազմը հաղթելու համար իրենք մեկ տարվա ընթացքում փորձելու են այն բոլոր գործողությունները, որոնք օգնելու են աշխարհում հաստատել այդ ճիշտ համակարգը. «Մենք այստեղ եւ այստեղից դուրս հավաքել ենք տասնյակ եւ հարյուրավոր մարդկանց հետ պայմանավորվածություն կա, ֆանտաստիկ ծրագրեր կան կյանքի բոլոր ոլորտներում անխտիր, այդ ծրագրերը հիմա կյանքի են կոչվում, ամեն ծրագրի հետեւում կան երեք, հինգ, տաս մարդ, առայժմ չկա հարյուր: Բայց այդ ծրագրերը իրական են՝ տնտեսության ոլորտում, գիտության ոլորտում, քաղաքականության ոլորտում, ռազմական եւ այլն, եւ այլն»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ