Հարյուր տասը տարի անց կատարվեց Կոմիտաս վարդապետի երազանքը. առաջին անգամ նոտայագրված մեղեդիներով լույս է ընծայվել «Հազար ու մի խաղ» ժողովրդական երգերի ժողովածուն, որում ներկայացված հարյուր երգերը Կոմիտաս վարդապետը գրառել էր Արևմտյան և Արևելյան Հայաստանի գավառներից:
Գիրքը հրատարակվել է «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի շրջանակներում:
Նշենք, որ 2014 թվականին ստեղծված «Մշակութային վերածնունդ» հիմնադրամը նպատակ ունի աջակցելու հայ մշակույթին, արվեստի տարբեր ճյուղերին, հայ ժողովրդական և հոգևոր երաժշտական ժառանգության պահպանմանը, զարգացմանն ու տարածմանը:
Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերից առաջինը «Հայկական ազգային երաժշտական գանձարան» մշակութային նախագիծն է, որի նպատակն է ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան հայ ժողովրդական և հոգևոր երգերի ժամանակակից թվային ձայնադարան:
Կարդացեք նաև
Ծրագրի շրջանակներում հայ ազգային երաժշտության ոսկե հավաքածու համարվող ստեղծագործությունների 500-ից ավելի նմուշներ ընդգրկվել են մեկ ձայնադարանում, որի մեջ ներառված են ժողովրդական, հոգևոր և գործիքային երաժշտության օրինակներ: Ձայնագրվել են կոմիտասյան չափանիշներով ընտրված 300 ժողովրդական, 100 հոգևոր և 100 գործիքային երաժշտության նմուշներ, ինչպես նաև աշուղական երգեր: Ցանկի մեջ ընդգրկված են Արևելյան Հայաստանի և Արևմտյան Հայաստանի պատմական տարածաշրջանների երգերն ու նվագները:
«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի երաժշտական պրոդյուսեր կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ այս երգերում արտացոլված են հայի ավանդական կենցաղն ու բարոյական չափանիշները, ծեսն ու տոնը, ուրախությունն ու տխրությունը, մեր երկիրն ու բնությունը, աշխատանքի ու սիրո փառաբանությունը, ազատատենչ ոգին, իմաստությունն ու հավատքը:
Բնականաբար, այս ամենն անհնար է պատկերացնել առանց Վարդապետի. «Կոմիտասն էր, որ փրկեց ու մեր երգարվեստը վերադարձրեց մեզ: Մենք էլ հիմա փորձում ենք Կոմիտասին վերադարձնել ժողովրդին»,- ասում է կոմպոզիտորը:
1903 թվականին, երբ Կոմիտասը 34 տարեկան էր, արդեն գրառել էր երկու հազար ժողովրդական երգ: Թեպետ այդ երգերը գրառված էին խիստ ընտրությամբ, սակայն դրանցից Կոմիտասն առանձնացրել էր հարյուրը՝ հայությանն ու աշխարհին ներկայացնելու համար: Սակայն ֆինանսական միջոցների սղության պատճառով նա կարողացել էր հրատարակել հարյուր երգերի միայն բառերը:
Իսկ այսօր՝ այդ հրատարակությունից հարյուր տասը տարի անց, այդ երգերի բառերին ավելացվել են համապատասխան նոտաները, և նոր՝ «Հազար ու մի խաղ» ժողովածուի միջոցով համացանցում արդեն հասանելի են հանրությանը: Իսկ թղթային տարբերակով գիրքը կհայտնվի գրախանութներում մի քանի օրից:
Ի դեպ, ժողովրդական երգերի ժողովածուում նշված են նաև երգերի լատիներեն տառադարձումները: Հետևաբար՝ օտարներն ու հայերեն կարդալ չկարողացող սփյուռքահայերը նույնպես կարող են երգել այդ երգերը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ