Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Անն Բրասյորն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին նամակ է գրել, որում հայտնել է «խիստ մտահոգություններ» այդ երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ գերակայության վիճակի վատթարացման մասին:
ԵԽԽՎ կայքում հրապարակված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Անն Բրասյորն Ադրբեջանին հիշեցրել է Եվրոպայի խորհրդի առջեւ իր ստանձնած պարտավորությունները եւ առանձնացրել է մի շարք «անհանգստացնող զարգացումներ»:
1. Վերջին շրջանում դատարանի մի շարք որոշումներ եղան, որոնցով իրավապաշտպանները եւ լրագրողները դատապարտեցին ապշեցուցիչ երկար ժամկետով ազատազրկման: «Այս դատական որոշումները բացասական ազդեցություն են ունենում Ադրբեջանում խոսքի ազատության եւ բազմակարծության վրա, ինչը խախտում է Եվրոպայի խորհրդի առջեւ երկրի ստանձնած պարտավորությունները»,- գրել է Բրասյորը:
2.Կալանքի տակ գտնվող իրավապաշտպանների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ ոտնձգություններ, նվաստացումներ եւ ֆիզիկական հարձակումներ: Հիշեցնելով, Իլգար Մամմադովի եւ Ինթիգամ Ալիեւի դեպքերն, ինչպես նաեւ Լեյլա եւ Արիֆ Յունուսների վիճակը, տիկին Բրասյորն Ադրբեջանի նախագահին կոչ է արել վերջ տալ բանտարկյալներին ահաբեկելուն:
Կարդացեք նաև
3. Ադրբեջանի ձախողումները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Իլգար Մամմադովի գործով կայացրած որոշման հարցում, որով պահանջվում էր ազատ արձակել պարոն Մամմադովին: Տիկին Բրասյորը կոչ է արել Ալիեւին «իշխանությունների հետ, այս բացթողումը վերացնելու համար, անհրաժեշտ քայլեր ձեռնարկել»:
4.Ադրբեջանի ձախողումը ԵԽԽՎ-ից եւ Վենետիկի հանձնաժողովից ստացած մի շարք առաջարկությունները կատարելու գործում: Անն Բրասյորը կոչ է արել միջոցներ ձեռնարկել այս առաջարկությունները կատարելու ուղղությամբ, որպեսզի ապահովվի 2015թ. նոյեմբերի 1-ի ընտրություններն «անցնեն Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ