Հոկտեմբերի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին «Վաստակավոր լեհական մշակույթի» պատվո շքանշանով պարգևատրման արարողությունը: Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարության անունից շքանշանը կինոռեժիսորին հանձնեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին: Դեսպանը փաստեց, որ Հարություն Խաչատրյանը մեծ ավանդ ունի լեհական ֆիլմերի ու մշակույթի տարածման գործում, հավելեց, որ «Ոսկե ծիրանի» 12 տարվա պատմության ընթացքում մրցութային եւ արտամրցութային ծրագերի շրջանակներում ավելի քանի 60 լեհական ֆիլմ է ցուցադրվել Հայաստանում, «Ոսկե ծիրանը» ստեղծել է նաեւ «Լեհական կինոյի օր» հարթակ:
Հարություն Խաչատրյանն ասաց, որ շքանշանը միայն իրենը չէ, այլ «Ոսկե ծիրանի» ողջ թիմինը: Նա նաեւ ուրախությամբ փաստեց, թե ինչպես են հայաստանյան կինոփառատոնը կարեւորում այլ երկրներում: Ինչ վերաբերում է Հարություն Խաչատրյանին, նա վաղուց պարգեւատրվել է մի շարք երկրների պետական պարգեւներով եւ մշակութային բարձր պարգեւներով, այդ թվում Ֆրանսիայի եւ Հոլանդիայի:
Կարդացեք նաև
Շքանշանի հանձնման արարողությանը հետեւեց Լեհաստանում Հայաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկու տիկին Յադվիգա Նովակովսկայի «Մոռացված հայը» եւ Հարություն Խաչատրյանի «Կոնդ» ֆիլմերի ցուցադրությունը:
Առաջին ֆիլմը պատմում էր Լեհաստանում հայկական հետքի, մասնավորապես լեհական գեղանկարչության ականավոր ներկայացուցիչներից մեկի, հայկական արմատներ ունեցող Թեոդոր Աքսենտովիչի մասին: Իսկ Հարություն Խաչատրյանի «Կոնդը» ուշագրավ ֆիլմ է Երեւանի պատմության մասին՝ վավերագրողի բացառիկ հայացքով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
1-ին լուսանկարում՝ Հարություն Խաչատրյանն ու Եժի Մարեկ Նովակովսկին:
2-րդ լուսանկարում՝ ՝ Հարություն Խաչատրյանը տիկնոջ՝ Մարիի հետ: