Այսօր կառավարության առջեւ «Հանուն օրենքի» քաղաքացիական նախաձեռնության անդամները բողոքի ցույց էին անում՝ ընդդեմ ՀԷՑ-ի, ԱԳՆ-ի շենքի, Երիտասարդական պալատի եւ այլ հանրային օբյեկտների վաճառքի:
Շարժման համակարգող Արման Ղուկասյանը կարդաց իրենց պահանջագիրը. «Պահանջում ենք վերանայել պետգույքի վաճառքի հիմքերը՝ Որոտանի ՀԷԿ-ը, ԱԳՆ-ի շենքը, Կարեն Դեմիրճյանի անվան համալիրը, ԵՊՀ-ի հյուրերի տունը, «Զվարթնոց» օդանավակայանը, Երիտասարդական պալատը եւ մի շարք այլ կառույցներ»:
Կարդացեք նաև
Երիտասարդները պահանջում են օրինագիծ պատրաստել պետգույքի վաճառքի մասին եւ քննարկել կառավարության առաջիկա նիստում. «Պահանջում ենք պետական գույքը վաճառելուց առաջ անցկացնել հանրային քվեարկություն, ապահովել առքուվաճառքի գործարքի թափանցիկությունը: Դուք պատասխանատու եք սերունդների առջեւ, այսօրվա ձեր թույլ տված հակապետական գործունեության համար: Չի կարելի ապրել մեկ օրվա բյուջե լցնելու համար: Ուստի խնդրում եւ պահանջում ենք դադարեցնել հակապետական գործողությունները, չվաճառել հանրային գույքը: Երբ վաճառում էին ռազմավարական կարեւորագույն նշանակության օբյեկտներ, մեզ ոչ մեկը չի հարցրել: Չեն հարցրել՝ ուզո՞ւմ եք, որ ՀԷՑ-ը պատկանի ռուսներին կամ այլ օտար երկրի: Մենք բոլորի՝ ԱՄՆ-ի, ԵՄ երկրների, ՌԴ-ի հետ բարեկամական հարաբերություններ ունենք, բայց մեր երկիրը Հայաստանն է: Հայկական հողը, գույքը պետք է մնա ՀՀ քաղաքացուն: Մենք ապագայում չենք ունենա ոչ մի բան, եթե այս քաղաքականությունը շարունակվի»:
Հանուն օրենքի նախաձեռնության անդամները նաեւ կոչ արեցին, որ սոցցանցերում եւ ֆեյսբուքյան իրենց էջում քաղաքացիները ներկայացնեն իրենց առաջարկությունները՝ այս խնդիրների շուրջ:
Երիտասարդներին էր միացել «Ժամանակի էություն» սոցիալիստական շարժման կոորդինատոր Ռոբերտ Ահարոնյանը: Նրա խոսքերով՝ «Երիտասարդները պահանջում են մտածել մեր պետության մասին, մեր պապերի սարքած գործարանների, շինությունների մասին: Պատկերացրեք, այս հրապարակում, որտեղ շուրջ 60 տարի արտգործնախարարության շենքն է, կառուցվելու է հյուրանոց եւ պատկերացրեք՝ նախարարի կաբինետում պետք է դրվի հյուրանոցի ամենամեծ մահճակալը: Կարող է մի քիչ տեղաշարժ լինի կառավարության միտքը եւ զգացմունքը՝ արդյոք կարելի՞ է, որ տվյալ շենքում հյուրանոց լինի: Ո՞ւր է մեր երիտասարդական պալատը: Քանդվեց, հիմա այդտեղ շեբեն են արտադրում: Ո՞ւր են մեր կոնյակի գործարանները՝ ինչ-որ մեկի սեփականությունն է: Ո՞ւր է «Զվարթնոց» օդանավակայանը՝ ինչ-որ մեկի սեփականությունն է մեր սիմվոլը եւ հիմա քանդվում է: Ինչ է մնացել, եկեք այս վերջին կտորները վաճառեք ու պրծեք Հայաստանից: Մտածում եք՝ ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ