Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ելենա Օվսյանիկովա. «Ես հավատում եմ արդարությանը» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 16,2015 17:57

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Հովիկ Շահնազարյանի նախագահությամբ, հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Ելենա Օվսյանիկովայի գործով առաջին դատական նիստը:

Օվսյաննիկովան իր վերաբերյալ տարածված զրպարտությունները հերքելու պահանջով քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ ոստիկանության, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի, պատգամավոր Էդմոն Մարուքյանի եւ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի դեմ՝ պահանջելով իր պատիվն, արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող տեղեկությունների հերքում եւ փոխհատուցում՝ 7,000,000 միլիոն դրամի չափով:

Elena_Ovsyannikova_1Դատական նիստին ներկա չէին Հունան Պողոսյանը եւ Նարեկ Մալյանը: Դատավորը հայտարարեց, որ Հունան Պողոսյանը ծանուցված չէր դատական նիստի մասին, փոստային նամակը հետ է ուղարկվել դատարան: Հովիկ Շահնազարյանը ոստիկանության ներկայացուցիչներ Գոռ Հարությունյանից եւ Նարեկ Սիմոնյանից հետաքրքրվեց, թե արդյոք նրանք տեղյակ են՝ ծանուցվա՞ծ է նա, թե՞ ոչ, ոստիկանության ներկայացուցիչները պատասխանեցին, թե տեղյակ չեն եւ միջնորդեցին հետաձգել դատական նիստը:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 13-ին:

Ելենա Օվսյանիկովայի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ եթե գործադիր եւ դատական իշխանությունները որոշեն ոստիկանությանը պաշտպանել, մարդկանց իրավունքները եւ ժողովրդավարական արժեքները ոտնահարել, ապա կողմը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եւ ըստ նրա ՄԻԵԴ-ում կլսվի եւս մեկ խայտառակ գործ ընդդեմ Հայաստանի:

«Հունան Պողոսյանը հարցազրույց է տվել, որի ընթացքում մեր վստահորդին անվանել է սադրիչ եւ մեղադրել է ոստիկաններին հավաքի ընթացքում սեքս առաջարկելու մեջ: Սա ակնհայտ զրպարտություն է, որի միջոցով վիրավորել են նաեւ մեր վստահորդին: Այդ կապակցությամբ մենք պահանջում ենք, որ նա ներողություն խնդրի եւ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջել ենք 2 միլիոն ՀՀ դրամ բռնագանձել հօգուտ Ելենա Օվսյանիկովայի»,- ասաց նա:

Տիգրան Եգորյանը հավելեց, որ կողմը պահանջում է Նարեկ Մալյանից հոգուտ Օվսյանիկովայի բռնագանձել 2 միլիոն դրամ, իսկ Էդմոն Մարուքյանից՝ 1 միլիոն. «Էդմոն Մարուքյանը մեղադրել է սադրելու մեջ, ավելին՝ մեղադրել է ոչ սթափ վիճակում գտնվելու մեջ եւ ասել է, որ այդ ամենը կատարվել է այդ պայմաններում, որ ալկոհոլի հոտ է փչել»:

Ելենա Օվսյանիկովայի մյուս ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը կարծում է, որ գործող անձինք փորձել են տպավորություն ստեղծել, որ Հայաստանում եւս արտաքին սադրիչների օգնությամբ Մայդան է տեղի ունենում. «Ելենա Օվսյանիկովան իր սլավոնական արտաքինով շատ հարմար առիթ է եղել այդ սցենարը իրագործելու համար: Եվ բոլորովին պատահական չէ, որ նա ռուս է, բայց այդ ամբողջ ընթացքում ներկայացվել է որպես ուկրաինացի»:

Նա անդրադարձավ նաեւ պատգամավոր Էդմոն Մարուքյանի պատասխանին. «Ասվում է, որ երբ նա իր ֆեյսբուքյան էջում խոսել է սադրանքի եւ սադրիչի մասին նա անձը նկատի չի ունեցել, այլ վայրը: Եվ ասելով, որ նրա վրայից ալկոհոլի հոտ է նկատել նա ամենեւին էլ նկատի չի ունեցել, որ Ելենա Օվսյանիկովան հարբած վիճակում է եղել. չէ՞ որ մարդու վրայից տարբեր պատճառներով կարող է ալկոհոլի հոտ գալ, օրինակ՝ եթե նա կանգնած լինի բազմության մեջ մեկ այլ անձի կողքը, որը ալկոհոլ է օգտագործած եղել»:

Ինքը՝ Ելենա Օվսյանիկովան, ասաց, որ ցանկանում է վերականգնել իր իրավունքները. «Ես հավատում եմ արդարությանը, այդ պատճառով եմ դիմել դատարան: Եթե ես չհավատայի արդարությանը ես չէի լինի ո՛չ Բաղրամյանում, ո՛չ էլ այստեղ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031