Թուրքական ռազմական ռեակտիվ ինքնաթիռները հոկտեմբերի 16-ին, ուրբաթ օրը վայր են գցել Թուրքիայի օդային տարածքը Սիրիայի սահմանի մոտակայքում խախտած առանց տարբերանշանների ինքնաթիռը: Միջադեպի մասին հաղորդել է թուրքական ռազմական աղբյուրը:
Թուրքիայի զինուած ուժերի գլխաւոր շտաբը՝ իր պաշտօնական կայքում հրապարակուած յայտարարութեամբ տեղեկացրել է, թէ այդ ինքնաթիռը, որի պետական պատկանելիութիւնը հնարաւոր չէր պարզել, պարեկութիւն անող թուրքական ռազմական օդանաւերի կողմից խփվել է՝ այն բանից յետոյ, երբ նրան երէք անգամ նախագուշացում է արուել: Թուրքական ռազմական օդաչուները գործել են համաձայն ՀՕՊ-ի՝ մարտի բռնուելու կանոնների: Այնուհետև թուրքական ԶՈԻ ԳՇ-ն իր յայտարարութիւնում նշել է, թէ թուրքական զինուժը իր պարտականութիունները վճռականօրէն կատարում է մարտի բռնուելու կանոնների շրջանակներում: Այդ մասին հաղորդում է տպագրել, իմ ունեցած տեղեկութիւնների համաձայն՝ Մեծ Բրիտանիայում գործող արաբական ՛՛Միդդլ-իսթ-մոնիթոր.քոմ՛՛ համացանցային կայքը:
Իր հերթին թուրքական ՛՛Զաման՛՛ թերթը հաղորդում է, յղում անելով CNN Türk հեռուստատեսութեանը, թէ խփուած ինքնաթիռի մնացորդները վկայում են, որ դա անօդաչու թռչող մարտական սարք է եղել:
Միաժամանակ թուրքական ԶՈՒ ԳՇ-ից հաղորդում են, թէ ռուսական բարձրաստիճան մի պատուիրակութիւն ժամանել է Թուրքիա՝ 2015թ. հոկտեմբերի 3-4-ը թուրքական օդային տարածքը խախտած ռուսական ինքնաթիռի հարցով բանակցութիւններ վարելու նպատակով:
Ռուսական պատուիրակութիւնը տեղեկատւութիւն է տուել՝ պարզաբանելու համար, թէ ինչ պատճառներով է տեղի ունեցել 2015թ. հոկտեմբերի 3-4-ին թուրքական օդային տարածքի խախտումը ռուսական ինքնաթիռի կողմից, որպէսզի կանխուեն նման խախտումների կրկնութիւնները…
Ըստ CNN Türk հեռուստատեսութեան հաղորդման՝ անօդաչու թռչող սարքը խփուել է թուրքական F-16 ինքնաթիռների կողմից՝ թուրքական սահմանից դէպի ներս և վայր է ընկել Քիլիս հարաւային նահանգի տարածքում: Քիլիսը նախկինում Այնթապի նահանգի մասն է եղել, իսկ 1994թ.-ից՝ առանձին նահանգ է ՝ 1.642 քառ. կմ տարածքով և մօտ 130 հազար բնակչութեամբ: Անցեալում եղել է Կոմագէնի Երուանդունիների թագաւորութեան մի մասը…
Ի պատասխան թուրքական յայտարութիւնների՝ Ռուսաստանի Պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարեց, թէ իր բոլոր ինքնաթիռները Սիրիայում ապահով վերադարձել են իրենց ռազմաօդային բազան, ինչպէս նաև բոլոր մարտական անօդաչու թռչող սարքերը ևս գործում են ինչպէս ՛՛պլանաւորուած է՛՛. այդպիսի հաղորդում է տարածել RIA Novosti լրատուական գործակալութիւնը:
Այնուամենայնիւ՝ Ամերիկայի Միացեալ Նահանգները կասկածում են, որ թուրքերը խփել են ռուսական անօդաչու ինքնաթիռ: Այդ մասին ՛՛Րօյթերզ՛՛ լրատուական գործակալութեանը յայտնել է ամերիկեան պաշտօնեաներից մէկը, նշելով, սակայն, որ տեղեկատւութիւնը դեռ նախնական է…
Ռուսական ինքնաթիռները հոկտեմբերին 2 անգամ արդէն խախտել էին թուրքական օդային սահմանը և թուրքական կողմը զգուշացրել էր, թէ կրկնուելու դէպքում պատասխան կտայ…
Բացի այդ, թուրքական կողմը հաղորդել էր, թէ անցեալ ամիսներին մի չպարզուած ինքնաթիռ և Սիրիայում բազաւորուած հակաօդային հրթիռային համակարգ անհանգստացրել են կամ փորձել են վնասել թուրքական մարտական ինքնաթիռներին…
Թուրքական կողմը նշում է, թէ անօդաչու մարտական ինքնաթիռի խփուելը ընդգծում է, որ ՆԱՏՕ ռազմաքաղաքական դաշինքի անդամ Թուրքիան վտանգների է ենթարկուած, քանզի Սիրիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի դաշնախմբի ինքնաթիռները թուրքական սահմաններին շատ մօտիկ տարածութեան վրայ են մարտական խնդիրներ իրականացնում…
Միևնոյն ժամանակ, ըստ թուրքերի՝ Ռուսաստանի օդային հարուածները Սիրիայում նշանակում են, թէ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի մարտական ինքնաթիռները՝ Երկրորդ Համաշխարհային Պատերազմից յետոյ առաջին անգամը լինելով՝ մարտական խնդիրներն են կատարում նոյն օդային տարածքում: Դրանով իսկ, ըստ թուրքական կողմի՝ ՛՛Սառը Պատերազմում՛՛, այսինքն՝ 1945-1991թթ., թշնամի եղած երկու կողմերը կարող են կրակել միմեանց վրայ…
Ըստ իս՝ սա թուրքական կողմի սրտից բխած ցանկութիւնն է…
Թուրքական ՛՛Զաման՛՛, ՛՛Հիւրիէթ՛՛ թերթերի համացանցային էլեկտրոնային տարբերակների և ՛՛Միդդլ-իսթ-մոնիթոր.քոմ՛՛ համացանցային կայքի տեղեկատութեան համաձայն՝ պատրաստեց Մնացական Ռ. Խաչատրեանը, ռազմական պատմաբան, 16.10.2015թ.