Մեր երկրում ֆիլոքսերայի տարածվածության ցուցանիշները վախեցնող չեն: Սակայն այնքան քիչ էլ չէ, որ մտահոգության առիթ չտա: Այսօր Սննդամթերքի անվտանգության Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) նախաձեռնությամբ Ծաղկաձորում կազմակերպված սեմինարի ժամանակ ասաց, ծառայության Բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը:
Պարոն Նիկոյանն ասաց, որ աշխարհում ընդամենը մի քանի երկիր է, որտեղ այս հիվանդությունը չկա, ուստի ՄԱԿ-ի պարենի հարցերով մասնագետներն այլեւս նպատակահարմար չեն համարում ֆիլոքսերայից ազատվելու համար խաղողի այգիները հիմնահատակ ոչնչացնել: Նրա խոսքերով, մասնագետները եկել են այն եզրակացության, որ արդեն վարակված այգու դեմ ոչինչ չեն կարող անել եւ միայն պետք է բույսի դիմադրողականությունը բարձրացնել՝ լավ պարարտացնել, ջրել եւ այլն: Ֆիլոքսերան հիմնականում տարածված է Արմավիրի մարզում:
Արթուր Նիկոյանն ասաց, որ ֆիլոքսերայից զերծ չի նաեւ հարեւան Վրաստանը: Ըստ նրա, ծառայությունը թույլ չի տալիս ֆիլոքսերադիմացկուն խաղողի տնկիներ ներկրել, քանի որ, եթե մի տնտեսվարող դրա հնարավորությունն ունի եւ ուզում է իր այգիները զերծ պահել այդ հիվանդությունից, ապա այդ տնկիների պատճառով մյուս խաղողի այգիները կտուժեն: Ըստ մասնագետի, եթե մի այգում կա այդ հիվանդությունը, ապա այն կարող է 40 կիլոմետր շառավղով տարածվել:
Նշենք, որ ֆիլոքսերան խաղողի լվիճ է, որը սնվում է խաղողի վազի արմատներով: Խաղողի արմատների վրա եղած ֆիլոքսերան ծծում է արմատների հյութը, առաջացնում է խոցեր, որոնք հետագայում ճեղքվում են ու նպաստում հողում ապրող զանազան մանրէների վնասակար գործունեությանը, իսկ արմատները սկսում են փտել եւ չորանալ:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ