Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային առաջին ճակատը» պահանջներ է դնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առջեւ

Հոկտեմբեր 16,2015 16:41

Այսօր ՆՅՈՒԹ մամուլի ակումբին հյուրընկալված «Առաջին հայկական ճակատ» (FAF) ֆուտբոլի ֆանատների ներկայացուցիչներ՝ հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը եւ անդամ Արսեն Զաքարյանը լրատվամիջոցների հետ կիսվեցին հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակի եւ ազգային հավաքականի վերջին խաղի շուրջ իրենց մտահոգություններով:

Նրանք ասացին, որ տարեցտարի մեր ֆուտբոլում արդյունքները վատանում են, որ հասել ենք մի կետի, որից ներքեւ վիճակը պատկերացնել հնարավոր չէ: Այդ պատճառով «Հայկական առաջին ճակատի» երկրպագուներն ունեն կոնկրետ պահանջներ՝ Հայաստանում ֆուտբոլի առաջին պատասխանատու, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Նրանք ընդգծեցին, որ վերջին վեց տարիներին իրենք մշտապես առավելագույն չափով աջակցել են մեր հավաքականին բոլոր տնային եւ հնարավոր բոլոր արտագնա հանդիպումներում: «Սակայն հասել ենք մի իրավիճակի, որում մենք պետք է ավելի կոնկրետ գործողությունների դիմենք, քանի որ բոլորս տեսնում ենք, որ հայկական ֆուտբոլը մեռնում է: Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի երկրպագուն բոյկոտի հայկական ֆուտբոլը: Դա FAF-ի դիրքորոշումն է՝ լինել հայկական ֆուտբոլի կողքին: Դրա համար է, որ մենք ֆեդերացիային ունենք կոնկրետ պահանջներ, որոնք հետեւյալն են:

Հավաքական հրավիրվի արտերկրի պրոֆեսիոնալ մասնագետ, քանի որ հայազգի մարզիչներ Միշել Տեր-Զաքարյանը եւ Սերխիո Մարգարյանը, որոնք ունեն բարձր կարգ, ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են հավաքական գալ: Մեր պահանջն է, որպեսզի հավաքականը փորձարկումների դաշտ չլինի, որպեսզի հաջորդ մարզիչը լինի ճանապարհ անցած եւ անվանի: Որպեսզի ամեն անգամ նոր մարզչի անունը լսելով՝ նրան չփնտրենք վիքիպեդիաներում:

Երկրորդ պահանջը վերաբերում է հավաքական հրավիրվող ֆուտբոլիստներին: Մենք ֆուտբոլային գերտերություն չենք եւ տասնյակ ֆուտբոլիստներ չունենք, որպեսզի մեզ թույլ տանք ոչ ֆուտբոլային պատճառներով հրաժարվել լավ ֆուտբոլիստներից: Մեր հստակ պահանջն է ֆեդերացիային. այն ֆուտբոլիստները, որոնք տարբեր կոնֆլիկտների պատճառով չեն հրավիրվել հավաքական, մի կողմ դնելով բոլոր ամբիցիաները՝ հրավիրվեն: Որ բոլոր ֆուտբոլիստներին հնարավորություն տրվի օգնել մեր ընտրանուն:

Երրորդ պահանջ. տոմսերի գների վերանայում եւ նվազեցում:

FAF-ի անդամներն ասացին, որ կարող են եւս տասնյակ պահանջներ թվարկել, սակայն առաջնայինն այս երեքն են: Նրանք հույս հայտնեցին, որ այս պահանջների հիման վրա ՀՖՖ նախագահը մոտ ժամանակներս՝ մեկ ամսվա ընթացքում, ամփոփիչ ասուլիս կտա եւ կպատասխանի կամ կպարզաբանի պահանջները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Գայանե Նազարյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031