Վարչական դատարանն այսօր քննեց Նարինե Նիկողոսյանն ընդդեմ ԱՆ ՔԿԱԳ Քանաքեռ-Զեյթուն տարածքային բաժնի՝ «պատասխանողի՝ հայրության ճանաչման վերաբերյալ ակտերի գրանցման գրքում 14.06.2013թ. կատարված թիվ 89՝ Արթուր Էդիսոնի Ադյանի հայրության ճանաչման գրանցումն անվավեր ճանաչելու» բողոքը:
Նարինե Նիկողոսյանը պնդում է, որ երեխայի հայրը ներկայացող Էդիսոն Ադյանը խաբեությամբ իրենից խլել է իր տղային. «Էդիսոն Ադյանին ճանաչել եմ 2013 թվականի ապրիլ ամսից, երբ յոթ ամսվա հղիություն էի տանում: Ինձ նրա հետ ծանոթացրել է բժիշկ Հրաչ Գալուստյանը՝ որպես տանտեր, որ Էդիսոն Ադյանը կարող է ինձ բնակարանն անվճար տրամադրել: Երկու ամիս՝ մինչ ծննդաբերելը, մնացել եմ նրա տանը ու որպես տանտեր եմ ճանաչել: Նրան չեմ ճանաչել որպես Էդիսոն, որովհետեւ ինձ ներկայացրել էին Էդո: Ծննդաբերությունից հետո, կողքիս մարդ չկար, Էդիսոնն ինձ սնունդ էր բերում ու հիվանդանոցում ներկայանում որպես երեխայի հայր: Բայց երեխայի հայրը չի եղել: Երկրորդ օրը փաստաթղթեր է բերել, որ երեխայի ծննդական վկայականը հանի, քանի որ առանց ծննդականի երեխային հիվանդանոցից դուրս գրել հնարավոր չէ, համաձայնել եմ, որ Էդիսոնը հանի ծննդյան վկայականը, բայց նա զուգահեռ ձեռք է բերել հայրության փաստաթուղթը, ճանաչել երեխային»:
Նարինեի խոսքով, հետագայում է իմացել, որ Էդիսոնն ամուսնացած է ու երկար տարիներ երազել են երեխա ունենալ. «Տարիքով մարդիկ լինելով՝ որոշել են, որ նման քայլի կարող են դիմել: Խնդրել եմ բազմիցս՝ թույլ տան, որ երեխային տեսնեմ, բայց ինքը գումար է առաջարկել՝ ասելով՝ արի վեց հազար դոլար տամ ու էլի ինչ ուզես, միայն թե երեխայից հրաժարվի, նա քո երեխան չէ: Ասում էր՝ գիտենք ինչ է եղել, բայց դու հրաժարվի: Ես դատարանում նույնիսկ երեխայի հոր իսկական անուն, ազգանունն եմ տվել, խնդրել ԴՆԹ թեստ անցկացնել, բայց ինչ-ինչ պատճառներով դատարանը ԴՆԹ չի նշանակել»:
Էդիսոն Ադյանի փաստաբան Կարեն Սաղաթելյանը դատական նիստի ժամանակ միջնորդեց կասեցնել վերաքննիչ այս վարույթը, մինչեւ Վճռաբեկ դատարանը
Կարդացեք նաև
վերջնական որոշում կայացնի ՝ հիմնավորելով, որ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է բեկումնային լինել Վարչական դատարանում քննվող գործի ընթացքի վրա:
Ըստ նրա, երեխայի հայրության ճանաչման համար եղել է Նարինեի դիմումը, երեխայի հոր համաձայնությունն ու հիվանդանոցի տեղեկանքը, որոնք բավարար են եւ հիմք են երեխայի հայրության գրանցման համար:
Նա նաեւ ասաց, որ հայցվոր կողմը որեւէ ապացույց չի բերել, որ հայրության ճանաչման հարցում կեղծիք կա, բացի բանավոր վկայակոչումից, որ հայրը չէ. «Նարինեն ամեն գնով փորձում է շանտաժի ենթարկել իմ վստահորդին ու նյութական շահեր է հետապնդում, վճռաբեկ դատարանում է քրեական գործը, սպասում ենք վճռաբեկ դատարանի վերջնական պատասխանին, եթե գործը վերսկսի, հետամուտ ենք լինելու Նարինեի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու՝ իմ վստահորդից գումարներ կորզելու համար»:
Այս պահին դատարանը քննում է վարչական վարույթը կասեցնելու մասին միջնորդությունը: Միջնորդությանը առարկում է հայցվոր կողմը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ