Այսօր «Հայացք» ակումբում Ավետիսյանների փաստաբաններն ասացին, որ 7 հոգու սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը 14 տարեկանից թմրամիջոցներ է օգտագործել եւ դա կա նրա փաստաթղթերում: Հոգեբանները ցուցում են տվել, որ նա զենք չպետք է վերցնի իր ձեռքը:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ այսինքն, ռուսական ռազմաբազայում իմացե՞լ են, որ թմրամոլի են տանում՝ փաստաբան Լուսինե Սահակյանը պատասխանեց. «Ցավոք սրտի, այո, ռուսական կողմի բժշկական փաստաթղթերում է դա նշված: Պերմյակովը նկարագրել է, որ ինքը 14 տարեկան հասակից զբաղվել է թմրամոլությամբ,ոգելից խմիչքներ է օգտագործել: Այսինքն, այս բոլոր փաստերը եղել են իրենց կողմում եւ դա հիմք է ծառայել, որ բժիշկները նշեն՝ նա չի կարող զենքով ծառայություն իրականացնել: Նշել են՝ առնվազն երեք ամիս, որից հետո պետք է նորից հսկողության տակ լինի, պարբերաբար ստուգվի: Պետք է նրան ստուգեին, համոզվեին: Այն, ինչ մենք տեսնում ենք արդեն, գործիքային ուսումնասիրություններից երեւում է, որ Պերմյակովի ուղեղում կան շեղումներ, նման պայմաններում պարզ էր, որ երեք ամիս հետո նա չէր կարողանալու զենք կրել: Ակնհայտ է, որ նրան զենք չպետք է տային»:
Թե ինչու են թմրամոլին տարել ծառայության, այդ հարցը փաստաբանները բարձրացնելու են ռուսական կողմի առջեւ, որովհետեւ դրանք են սպանությունը ծնող պատճառները. «Եթե անձին զենք են տալիս՝ գիտակցելով, որ նա այն անձն է, ով չպետք է կրի զենք, դա արդեն իսկ շատ լուրջ խնդիր է: Նրանք, ովքեր պետք է ենթարկվեին դրա համար պատասխանատվության, որպես վկա էին հանդես գալիս դատարանում, ինչը շատ տարօրինակ է»:
Ըստ Լուսինե Սահակյանի, Հայաստանը պետք է այդ հարցը բարձրացնի, որովհետեւ իր քաղաքացիներին պաշտպանելու խնդիր ունի: Սա առաջին դեպքը չէ, ոչ մի երաշխիք չկա, որ նորից կլինի նման մի դեպք. «Ռուսաստանը պետք է պատասխան տա, նրանք միացել են եվրոպական կոնվենցիային եւ պարտավորություն է կրում կյանքի իրավունքի խախտման համար: Եթե ՌԴ զինվորը կատարում է նման հանցագործություն, ՌԴ-ն պարտավոր է պատասխանատվություն կրել»:
Կարդացեք նաև
Փաստաբաններն ասացին, որ նախաքննությունը մոտ ժամանակներում կավարտվի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ